
Մեկնարկում է «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնը
Ապրիլի 3-ին մեկնարկելու է «ԱՐՄՄՈՆՈ» մոնոներկայացումների միջազգային 9-րդ թատերական երևանյան փառատոնը: Այն կբացվի գերմանացի ճանաչված դերասան Ֆիլիպ Հոխմայերի «Վերթեր» մոնոներկայացմամբ:
Այս տարի «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային 9-րդ թատերական փառատոնին կներկայացվի 17 ներկայացում' Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Եգիպտոսի և Իսրայելի դերասանների մասնակցությամբ: Ընդ որում, իսրայելցի և եգիպտացի դերասաններն «ԱՐՄՄՈՆՈ»-ի շրջանակներում այս տարի հանդես կգան առաջին անգամ:
Փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են Ֆրանսիայից երկու և Լիտվայից մեկ ներկայացում, Լեհաստանից Գաբրիելա Մուսկալայի' Եվրոպայում ճանաչում ձեռք բերած «Բուենոս Այրեսից վերադառնալիս» ներկայացումը:
Փառատոնի շրջանակներում «Լսելով հեռուն» մոնոներկայացմամբ հանդես կգա Մոսկվայի Ե.Վախթանգովի անվան թատրոնի դերասան Յուրի Կրասկովը: Ռուսաստանից հանդես կգա նաև դերասանուհի Իրինա Եվդոկիմովան «Ոչ ոք» մոնոներկայացումով:
«ԱՐՄՄՈՆՈ»-ի հիմնադիրն է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության աջակցությամբ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Մեկնաբանել