
«Սասուն» ջոկատի անդամ, ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը «Հետքին» տված հարցազրույցում ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսը բանակցում է իշխանությունների հետ, որպեսզի 8 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սասուն Միքայելյանին ազատ արձակեն:
«Բայց վանատուրցիները սպասելու շատ ժամանակ չունեն, ես իրենց ասել եմ` դուք արագ բանակցեք, եթե չէ, մենք մեր ձեւով էս հարցը կլուծենք»,- ասել էր Արշավիր Բոզինյանը:
Այս հայտարարությունից ուղիղ մեկ ամիս է անցել, որի ընթացքում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սասուն Միքայելյանի դատավճիռը, իսկ վերջերս Կոնգրեսը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Սասուն Միքայելյանի տուն էր այցելել:
«Նախագահը եկավ, ահագին զրուցեցինք, հիմա բանակցությունները շարունակվում են, սեպտեմբերին մեր բոլոր տղաները` քաղբանտարկյալները, Սասունի գլխավորությամբ ազատ են արձակվելու, պայմանավորվածությունը կա, հույսեր ունենք, տեսնենք»,- այսօր «Հետքին» հայտնեց Արշավիր Բոզինյանը: Մեր այն հարցին, թե բանակցություններն ում մեջ են ընթանում, ազատամարտիկը պատասխանեց. «Առաջին նախագահը Եվրամիությունից եկած ներկայացուցիչների հետ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել