HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Լիբանանահայերը մտադիր են Քաշաթաղի շրջանում ներդրումներ կատարել

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում է ունեցել Լիբանանի «Արցախֆոնդ» ընկերության ներկայացուցիչների եւ լիբանանահայ մի խումբ գործարարների հետ: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերն Արցախում են ներդրումային դաշտին ծանոթանալու եւ Քաշաթաղի շրջանում տնտեսության զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով: Լիբանանահայերը, ընդառաջելով նախորդ հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանի` Քաշաթաղի շրջանի բնակիչներին խոշոր եղջերավոր անասուններ բաժանելու նոր ծրագիր մեկնարկելու մասին առաջարկին, այս օրերին եղել են շրջանում, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել տեղանքի առանձնահատկություններին: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց մտահոգությունները, առաջարկություններն ու պայմանները: Պարզաբանելով գործարարներին հուզող հարցերը` վարչապետը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է «Արցախֆոնդ» ընկերության, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» եւ կառավարության համատեղ ջանքերով: «Կառավարությունն ամբողջությամբ իր վրա է վերցնելու ռիսկը` երաշխավորելով վարկերի անկորուստ վերադարձը»,- նշեց վարչապետը: Հանդիպման ժամանակ առաջարկություն եղավ ծրագիրը սկսել փոքր ծավալներով` հետագայում ընդլայնելու պայմանով: «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» եւ ընկերության միջեւ ստորագրվելիք պայմանագրում կհստակեցվեն բոլոր պայմաններն ու պահանջները: Վարչապետը հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքները արդեն շոշափելի կլինեն առաջիկա ամիսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter