«Ես մարդ եմ» հարավկովկասյան կինոփառատոնը կմեկնարկի Հայաստանում
«Բաց հասարակություն-Վրաստան» եւ Հարավային Կովկասում գործունեություն ծավալած գերմանական Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամների աջակցությամբ սեպտեմբերին Հայաստանում երկրորդ անգամ կմեկնարկի մարդու իրավունքներին եւ խաղաղությանը նվիրված «Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը, որը մրցութային չէ:
Եռօրյա փառատոնի ընթացքում ցուցադրվելու են արտասահմանյան վավերագրական ֆիլմեր, իսկ ցուցադրումից հետո հանդիստեսների հետ կազմակերպվելու են քննարկումներ: Նախապես հայտարարված մրցույթում ընտրվել են շահող հայտատուները: Փառատոնը կսկվի Վայքից, ապա կշարունակվի Վանաձորում, Նոյեմբերյանում, Կապանում ու Երևանում: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեին թե' կազմակերպությունները, թե' անհատները: «Նոյեմբերյանի երիտասարդական գործունեության ակումբ», Վայքի «Յավուրյան» կինոստուդիա, Վանաձորի «Երիտասարդական ալիք» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ են անցկացնում փառատոնը: Կապանում կինոփառատոնն անց է կացվելու առաջին անգամ: Այն կազմակերպելու է «Երկյակ» հ/կ-ն: Փառատոնին մասնացկելու է նաեւ Արցախը: Վերջերս Ստամբուլում հավաքվել էին բոլոր հայտատուները` Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Արցախից, Աբխազիայից, Հարավային Օսիայից: Այս տարի, ըստ կազմակերպիչների, 76 հայտերից ընտրվել են լավագույն 25-ը: «Աշխարհը մեկն է, եւ կինոյի լեզուն սահմաններ չի ճանաչում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդկանց ճակատագրերում, խաղաղության եւ արդարության համար մղվող նրանց պայքարում կովկասյան հանդիսատեսը կարող է «տեսնել իրեն»,- կարծում են կազմակերպիչները: Ֆիլմերն ընտրել են Հարավային Կովկասից, Չեխիայից եւ Գերմանիայից ներկայացված` 11 անկախ փորձագետներից կազմված ժյուրիի անդամները, իսկ յուրաքանչյուր կազմակերպություն իր քաղաքում ցուցադրելու համար 10 ֆիլմից ընտրելու է 6-ը: Այդ պատճառով էլ Կապանի ծրագիրը տարբերվելու է Երևանի ծրագրից, Երևանինը` Ստեփանակերտից եւ այլն: 2009 թ. փառատոնի համակարգող-մենեջեր, Պրահայի «Մեկ աշխարհ» փառատոնի նախագծերի մենեջեր Հելենա Զայցովայի խոսքով` ֆիլմերը պատերազմական եւ հետպատերազմական պայմաններում ապրող մարդկանց մասին են, այն մասին, թե ինչպես են նրանք հաղթահարում պատերազմի հետեւանքները, շփվում հակառակորդ կողմի հետ, ու ժյուրիի ընտրած գրեթե բոլոր ֆիլմերում արծարծվում է հաշտության ու հակամարտությունների լուծման թեման: Ֆիլմերն ամեն մի պետությունում ներկայացվելու են այդ երկրի պետական լեզվով: Սրա նպատակը, ըստ կազմակերպիչների, այն է, որ հեռավոր բնակավայրերում, մասնավորապես գյուղերում բնակվողները կարողանան ըմբռնել սյուժեն. չէ որ կինոյի լեզուն հասկանալի է բոլորին:
Մեկնաբանել