HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիրո Մանոյան. «Ոչ մեկը չի ուզում լինել առաջին «ոչ» ասողը»

24_02-k_manoyan

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադարձավ Ղարաբաղյան հարցի կարգավորմանը` նշելով, որ առաջիկա շաբաթների հավանական զարգացումների մասին խոսելը միայն ենթադրություններ պետք է լինի, քանի որ տվյալներ չկան, որոնք կոնկրետ ասեն, թե ինչ է լինելու:

«Մի բան է միայն պարզ, որ միջնորդ երկրները` Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձում են ապահովել մինչև հոկտեմբերի 14-ը Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, այսպես կոչված` հիմնական սկզբունքների շուրջ: Սակայն այդ հիմնական սկզբունքների վերամշակված տարբերակը դեռ չկա, չի հանձնվել կողմերին, կհանձնվի միայն սեպտեմբերի վերջին: Այն փաստը, որ Ադրբեջանն առ այսօր գոնե մի անգամ չի ասել, որ ինքը կհամաձայնի Ղարաբաղի կարգավիճակին, եթե ժողովուրդն ասի, որ այն պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս, այս փաստը հերիք է ասելու, որ կողմերը համաձայնություն  չեն տա հիմնական սկզբունքներին: Կարծում եմ` երկու կողմերն էլ իրականում չեն ցանկանում «այո» ասել այդ հիմնական սկզբունքերին, բայց նրանցից ոչ մեկը չի ուզում լինել առաջին «ոչ» ասողը»,- ասաց նա: Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայում, և թուրքերն ակնկալում են Հայաստանի նախագահի այցը: Միջնորդներն էլ, Կիրո Մանոյանի կարծիքով, փորձում են բավարարել Թուրքիայի նախապայմանը, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, ինքը Հայաստանի հետ ոչ մի պայմանագիր չի ստորագրի: Ապրիլի 22-23-ի համատեղ հայտարարությունից հետո էլ, ըստ նրա, Թուրքիան է կասեցրել բանակցությունների գործընթացը: «Առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է քաղաքական բավական տաք եղանակ, որովհետև, ի վերջո, պետք է պաշտոնական Երևանը վերջնական տեսակետ ձևավորի հիմնական սկզբունքների նկատմամբ: Կարծում եմ` մինչև հոկտեմբերի 14-ը կողմերը դրական պատասխան չեն տա, բայց թե ո՞վ կլինի առաջին «ոչ» ասողը, կսպասենք, կերևա»,- ասաց նա: Կիրո Մանոյանի կարծիքով` Հայաստանը կարող է հայտարարել, որ Թուրքիան տապալել է բանակցությունները, որովհետև դրել է նախապայման, հետո խաղի կեսից կանոնները փոխել է, և Հայաստանի համար այս բանակցությունները Թուրքիայի կողմից տապալված են և կասեցված: «Սա պետք է Հայաստանը հայտարարի, որովհետև Թուրքիայի համար ցույց տալը, որ իբր կա ինչ որ գործընթաց, այս պահին նույնքան կարևոր է, քանի որ Թուրքիան ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը Հայաստանի հետ խոսում է, և կարիք չկա, որ ինչ որ այլ պետություններ միջամտեն: Հայաաստանը պետք է հայտարարի, որ դա այդպես չէ»,- ասաց նա` նշելով, որ իր կարծիքով` նախագահն այդ ֆուտբոլային հանդիպմանը չի գնա: Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր որ 10 տարի առաջ բանակացային սեղանին Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ էին, քան հիմա: Կիրո Մանոյանն ի պատասխան նշեց, որ դիվանագետն այն անձն է, որ իր պետության համար սուտ է խոսում: «Այս դեպքում ես կասեի, որ Բրայզան շատ լավ դիվանագետ է: Նրա ասածն անհիմն է: Բրայզան, հաճախ իր լիազորություններից դուրս ելնելով, հատկապես վերջին շրջանում, փորձ է անում մեր ներքին քաղաքականության մեջ դերակատար լինել: Իր ասածի սխալ լինելը փաստում է հենց այն, որ այս սկզբունքների մեջ կա մեկ կետ, որ նախապես` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, չի եղել: Դա այն է, որ ԼՂ-ի կարգավիճակն ի վերջո ճշտվելու է Ղարաբաղի ժողովրդի կամքով»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter