HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուշիի վերականգնումը` առաջնահերթություն

Շուշիում մեծ թափով շինարարություն է ընթանում. այստեղ ոչ միայն վերանորոգողական աշխատանքներ են ընթանում, այլ նաեւ նոր շենքեր են կառուցվում: Սա պայմանավորված է պետական որոշ կառույցների` Շուշի տեղափոխման հետ: Ամենայն հավանականությամբ մյուս տարվանից այստեղ աշխատանքներ կսկսի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի նոյեմբերյան հեռուստամարաթոնը նվիրված կլինի հենց Շուշիի վերականգնմանը: Այժմ, սակայն, շինարարական աշխատանքները հիմնականում ընթանում են պետական միջոցներով: Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Գրիգորի Ավանեսյանը «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում տեղեկացնում է, որ 70 մլն դրամ է տրամադրվել պետական ծրագրերի շրջանակներում շրջանում աշխատանքների կատարման համար: Բաժնի պետի հավաստմամբ` սկսվել են Թադեւոսի ջրատարի նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը նախատեսվում է ավարտել մինչեւ 2-3 ամիսը: Նույն ժամանակահատվածում կվերանորոգվի նաեւ Եղցահողի ջրատարի 4-կիլոմետրանոց հատվածը, ինչի համար կառավարությունը հատկացրել է 10 մլն դրամ: Սկսված են Շուշի քաղաքի Գաբրիելյան եւ Ազատամարտիկների փողոցների բարեկարգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Բարեկարգվում է Քիրսավան տանող 12 կմ-անոց ճանապարհահատվածը: Կբարեկարգվեն նաեւ շրջանի գյուղական ճանապարհները: «Շարունակվում են շրջվարչակազմի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Արամ Մանուկյան փողոցի մերձակա տարածքում սկսված է ԼՂՀ Գերագույն դատարանի շենքի շինարարությունը: Շուտով կսկսվի Ագրարային համալսարանին տրամադրված շենքի վերակառուցումը»,-նշում է Գրիգորի Ավանեսյանը, ում խոսքերով, ավարտին է հասցվել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքի շինարարությունը. շենքը հիպոթեքային վարկով կտրամադրվի բնակարանի կարիք ունեցող քաղաքացիներին: Ընթացքի մեջ է Շուշիի մարզադպրոցի հիմնանորոգումը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբերի վերջը. այստեղ կտեղափոխվի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, իսկ  մարզադպրոցը կտեղակայվի Մուրացանի անվան դպրոցի մասնաշենքում: Այդ ամենից հետո նախատեսվում է սկսել մշակույթի եւ երիտասարդության նախարարության համար նախկին ժողհամալսարանի շենքի վերանորոգումը: Շարունակվում են Շուշիի պատկերասրահի նոր շենքի վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2011 թվականին: Բացի նշված շինարարական աշխատանքներից, Շուշիում շինարարություն է իրականացվում նաեւ ոչ պետական միջոցներով. կառուցվում են հյուրանոցային շենքեր, տարբեր օբյեկտներ: Մնում է սպասել նոյեմբերյան մարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարներն էլ ավելի մեծ թափ կտան Շուշիի վերականգնմանը, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր, եւ Շուշին վերջապես կազատվի պատերազմի տարիներից «ժառանգած» ավերակներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter