HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքահայության խնդիրները ներկայացված են թերի և խեղաթյուրված

2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ. մարդու իրավունքների մասին զեկույցը: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի` Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի և խեղաթյուրված կերպով:

Մասնավորապես զեկույցում արտացոլված չեն ջավախքահայության իրավունքների ոտնահարման հետևյալ փաստերը.

- Ջավախքահայության հասարակական-քաղաքական կյանքը գտնվում է վրաց ուժային կառույցների շարունակական, ուղղակի և տոտալ վերահսկողության ներքո: Ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրեական գործերի հարուցում և այլն) արմատախիլ են արվում ջավախքահայության հասարակական բողոքի անգամ չնչին դրսևորումները:

- Հայաբնակ շրջաններում հօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցության կեղծվեցին 2010թ. մայիսին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

- Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել քաղաքական կազմակերպություններ տարածաշրջանային հիմքի վրա: Դրա հետևանքով ջավախքյան քաղաքական կառույցները ընտրություններին մասնակցելու համար ստիպված են ուղիներ փնտրել համավրաստանյան որևէ քաղաքական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկվելու համար: Սա էապես խոչընդոտում է հայ բնակչության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը հանրային կյանքին:

- Վրացական իշխանությունները արագացված տեմպերով շարունակում են համախումբ հայ բնակչություն ունեցող շրջաններում հանրային կյանքի բոլոր ոլորտներում վրացերեն լեզվի բռնի պարտադրման քաղաքականության իրականացումը' արհամարհելով հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարվում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում' Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի դրույթները:

- Սամցխե-Ջավախք նահանգում հայերն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում են բնակչության 55%-ը, սակայն նրանք գրեթե ներկայացված չեն նահանգի կառավարման մարմիններում:

- Վրացական իշխանությունները շարունակում են սահմանի վրա անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում:

Զեկույցում արդարացիորեն նշվում է, որ ջավախքահայերը բողոքում են հայերենին մարզային լեզվի կարգավիճակ տալու վրաց իշխանությունների դժկամությունից, սակայն դրանից անմիջապես հետո ավելացվում է, որ «ըստ որոշ ՀԿ-ների` վրաց լեզվի ուսուցման վիճակը բարելավվել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարությունը կարծես թե անուղղակիորեն քաջալերում է իշխանություններին շարունակել Ջավախքում վրաց լեզվի արագացված և բռնի ներդրման իրենց քաղաքականությունը, որը ջավախքահայության դժգոհության հիմնական աղբյուրներից մեկն է:

2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միևնույն ժամանակ, որպես դրական երևույթ, պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով:

Համեմատելով զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարության բացակայության, իշխանությունների կողմից դատական համակարգի վերահսկողության և քաղաքական դրդապատճառներով հետապնդման երևույթների մասին, երևույթներ, որոնցից տուժում են նաև ջավախքահայերը, ԱՄՆ պետքարտուղարությունն այնուամենայնիվ խուսափում է դրանց համարժեք գնահատականներ տալ` Վրաստանի հանդեպ կիրառելով երկակի չափանիշներ:

ԱՄՆ` որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իրենց զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու և ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էության արտոնում են Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաև`ջավախքահայերի դժգոհությունը:

Ելնելով վերոնշյալից` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

Մեկնաբանություններ (1)

Grish Begian
Pro Turk policy eventually will damage Christian communities of Georgia, regardless of ethnicity whether Armenian or Georgian!! Turkification of Caucasus is Pan-Turkism dream...it is best for Georgian politician to wake up and realize the real danger of Caucasus Christians!! It is time, for Georgians and Armenians to get united!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter