
Կրթական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին մի խումբ երիտասարդներ բաց նամակ են հանձնելու կրթության եւ գիտության նախարարությանը: Նույն նամակը երիտասարդները կուղարկեն նաեւ ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Նամակի հանձնումը կուղեկցվի ակցիայով, որով երիտասարդները նախարարի ուշադրությունը կհրավիրեն բարձրացված խնդիրներին:
Այս նամակով երիտասարդները ցանկանում են «բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի վիճակի և դրա շուրջ ծավալված իրադարձությունների վրա` պահանջելով նրա միջամտությունն ու խնդիրների կարգավորումը»:
Իսկ խնդիրները, ըստ երիտասարդների խմբի, հետեւյալն են. կրթության ցածր որակ, թերի ու անախորժ սնունդ, ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունք եւ սեռական ոտնձգություններ:
Բաց նամակի հանձնումից բացի, երիտասարդները Կրթության եւ գիտության նախարարությանը գրավոր հարցում կներկայացնեն, թե ինչ եղավ այն 4 երեխաների ճակատագիրը, որոնք գտնվում էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում, սակայն ունակ էին հանրակրթական դպրոցի ծրագրով սովորելու:
Նշենք, որ թիվ 11 դպրոցում կամավոր աշխատած երիտասարդները նախկինում ահազանգել էին, որ հատուկ դպրոցում սովորում են նաեւ մտավոր թերզարգացում չունեցող երեխաներ, որից հետո նախարարությունը ստուգումներ էր սկսել դպրոցում: Ստուգման արդյունքում 96 աշակերտներից 4-ին տրվել էր հանրակրթական ծրագրով սովորելու եզրակացություն:
Նախարարության աշխատակազմը կամավորների խմբի ղեկավար Մարիամ Սուխուդյանին գրավոր պատասխան էր ուղարկել, որում նշված էր, որ այդ 4 երեխաների համար կազմվել են անհատական ուսումնական պլաններ ուսուցումը հանրակրթական դպրոցի չափորոշիչներով կազմակերպելու համար: «Գնահատման գործընթացի ավարտից հետո տնօրենն այդ մասին տեղյակ է պահել 4 աշակերտների ծնողներին: Ծնողները խնդրել են տնօրինությանը, որպեսզի երեխաները մնան դպրոցում մինչեւ ուսումնական տարվա ավարտը, որից հետո կտեղափոխվեն հանրակրթական դպրոց»,- գրված է նախարարության պաշտոնական պատասխանում:
Երիտասարդները կրթության եւ գիտության նախարարությունից վաղը փորձելու են պարզել` արդյոք այդ աշակերտները սեպտեմբերի 1-ին հանրակրթական դպրոց են հաճախելու՞, թե՞ վերադառնալու են Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) գիշերօթիկ դպրոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել