
Խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը նաեւ նկարիչ է
Ապրիլի 1-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի ցուցահանդեսը:
Ինչպես նշեց մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, սա շատ սպասված նախագիծ էր մշակույթի նախարարության եւ «Ակադեմիա» պատկերասրահի համար: «Ուրախալի է եւս մեկ անգամ պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունը, ինչը մեկ անգամ եւս ապացուցում է այն փաստը, որ երբ պետական հատվածը համագործակցում է մասնավորի հետ, ապա ցանկացած նախագիծ իրականանում է եւ ունենում է արդյունք»,- ասաց նա:
«Ռուդոլֆ Խառատյանին բոլորս ճանաչում ենք որպես խորեոգրաֆ, բալետմեյստեր, բայց շատերս, նույնիսկ ես չգիտեի, որ նա, պարզվում է' ցուցահանդեսներ է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, եւ շատ լուրջ նկարիչ է»,- ասաց «Ակադեմիա» պատկերասրահի տնօրեն Գոռ Վարդանյանը:
Ցուցահանդեսին ներկայացվելու են Ռուդոլֆ Խառատրյանի վերջին տասը տարիների ընթացքում ստեղծված յուղաներկով արված 52 աշխատանք:
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խորեոգրաֆը աշխարհի տարբեր երկրներում ունեցել է մոտ 22 անհատական ցուցահանդես եւ մասնակցել է մոտ 22 խմբային ցուցահանդեսների:
Մեկնաբանել