
«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության`2009 թ. օգոստոսի 31-ի մամուլի հաղորդագրության եւ նախաստորագրված երկու արձանագրությունների վերաբերյալ: Հայտարարությամբ կուսակցությունը պահանջում է հանրաքվեի դնել վերոնշյալ արձանագրությունները` դրանում մի շարք անթույլատրելի կետեր մատնանշելով:
Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ որևէ տրամաբանող քաղաքական գործիչ կամ քաղաքացի չկա Հայաստանում, որը դեմ է հայ-թուքական նորմալ հարաբերություններին կամ սահմանների բացվելուն:
«Սակայն, այստեղ ոչ միայն սահմանների բացման մասին է խոսքը: Ընդ որում` Հայաստանը երբեք չի փակել այդ սահմանները, Թուրքիան է փակել: Եվ ինչպես փակել էր, այնպես էլ պետք է բացեր: Շատ անթույլատրելի կետեր կան արձանագրություններում, օրինակ` պատմաբանների կառավարական ենթահանձնաժողով ստեղծելը: Պարզ է, որ խոսքը վերաբերելու է Ցեղասպանության փաստի ուսումնասիրությանը: Սրանով առաջին հերթին հարված է հասցվելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, հետո` Ցեղասպանության իրողությունն է կասկածի տակ դրվելու»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը:
«Փոխարենը Թուրքիան կարողացել է վերջնականապես այն նախապայմանները, որոնք 1990-ակնների սկզբից առաջ էր քաշում, ամրագրել փաստաթղթերում` թեկուզ նախաստորագրված: Ինչի ձգտում էին` 1915 թ.-ից սկսված, այս արձանագրություններում կյանքի են կոչվում»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ասուլիսին հեռուստաընկերությունների ներկայացուցիչների բացակայությունը Արմեն Մարտիրոսյանը բացատրեց նրանով, որ իշխանությունը բացարձակ ցանկություն չունի, որպեսզի իսկապես բաց հանրային քննարկում տեղի ունենա, հասարակության ձայնը լսելի լինի, ու դրա արդյունքում հավաքական տեսակետ ի հայտ գա:
«Հակառակ պարագայում նմանատիպ գործընթացներ սկսելուց առաջ նախ պետք է հասարակական-քաղաքական-մասնագիտական շրջանականների հետ տեղի ունենային քննարկումներ, պարզվեր այն շրջանակը, որը ՀՀ պետական շահի տեսանկյունից կարող է ընդունելի լինել, նոր միայն այդ շրջանակներում տեղի ունենային բանակցություններ: Եվ ոչ թե ամեն անգամ առավոտ շուտ լսենք հերթական հայտարարության մասին: Կարծում եմ` տեսախցիկների բացակայությունը ասվածի ապացույցն է և նախագահի կողմից իրական հանրային քննարկումներ իրականացնել չցանկանալը»,- ասաց «Ժառանգության» ղեկավարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել