
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադևոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը տնտեսական ճգնաժամի պատճառով զրկվել է ֆինանսավորումից: «Կուսակցությունը ֆինանսավորում չունի ճգնաժամի պատճառով, դրա համար էլ հիմա «Ժառանգությունը» աճուրդի կհանեն, եւ ով ավելի շատ գումար կտա, նրան էլ կվաճառեն»:
Այսօր Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե Հանրապետական կուսակցությունը «Ժառանգությունը» գնելու ցանկություն չունի: «Այդպիսի հասկացություն գոյություն չունի, որ կուսակցությունը վաճառեն: Հանրապետականը, ոչ էլ մեկ այլ կառույց չի կարող գնել «Ժառանգությունը»: Եթե կուսակցությունը քայքայվի եւ որոշ անդամներ ցանկանան անդամակցել Հանրապետականին, մենք կքննարկենք նրանցից յուրաքանչյուրին մեր շարքերն ընդունելու հարցը»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի` «Ժառանգությունը ֆինանսավորվում է դրսից, հատկապես ԱՄՆ-ից. «Զոյան որ ասում է, թե կուսակցությունը փող չունի, դա ճիշտ չէ»: Հանրապետական պատգամավորը հիշեցնում է, որ ՀՀ կառավարությունը պետական բյուջեից ֆինանսավորում է խորհրդարանական կուսակցություններին, այդ գումարը կազմում է տարեկան մոտ 4 միլիոն դրամ:
Իսկ եթե ՀՀԿ-ական հարուստ գործարարներից որեւէ մեկը ֆինանսավորի «Ժառանգությունը», ապա, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, դա կլինի կաշառատվություն: «Դա պատժվում է քրեական օրենսգրքով` 10 տարուց ավելի կալանքով, եթե այդպիսի բան հաստատվի»,- ասում է իրավաբանական կրթությամբ պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել