
«Այն պաշտոնները, որ ես էի զբաղեցնում վարչությունում, ինձ թույլ էին տալիս բանակցել այլ քաղաքական ուժերի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է եղեկ այդ բանակցություններից, սակայն որոշ ինֆորմացիաներ ոչ բոլորի համար են հասանելի եղել»,- պատասխանելով «Հետքի» հարցին` այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» վարչությունը նրան հեռացրել է կուսակցությունից` պատճառաբանելով, թե Խաչատրյանը վարչության բնականոն գործունեությունը սաբոտաժի ենթարկելու արատավոր գործելաոճ ունի, առանց կուսակցության լիազորման եւ կուսակցության անունից այլ քաղաքական ուժերի ղեկավար մարմինների նիստերին է մասնակցել եւ նրանց ղեկավար անձանց հետ միանձնյա բանակցություններ է վարել:
Վարդան Խաչատրյանը պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ դեռեւս չի մտածում անդամագրվել ՀԱԿ-ին, թե ոչ: «Նախ պետք է այն հարցը տալ, թե որքանով են իմ եւ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումները համընկնում»:
Կուսակցությունից հեռացված մեկ այլ անդամ` Զոյա Թադեւոսյանը «Հետքին» տված հարցազրույցում ասել էր, թե «Ժառանգության» վարչության անդամները իրեն երբեմն կշտամբում էին «չափից ավելի ընդդիմադիր լինելու համար»: Իսկ Վարդան Խաչատրյանն ասաց, որ իր հասցեին նման կշտամբանքներ չի լսել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել