Ըստ Գագիկ Մինասյանի՝ երկխոսության առկախումը «ոչ լրիվ հավասարակշռված, ոչ լրիվ կշռադատված քայլ էր»
Չնայած ՀԱԿ-իշխանություն երկխոսության ռաունդների ժամանակ եղել են սուր հարցադրումներ ու քննարկումներ, սակայն այդ ամենն անցել է բավականին բարենպաստ մթնոլորտում: Այդ մթնոլորտն ու առկա պատասխանատվությունը թույլ են տվել կարծել, որ սկսված գործընթացը կհաջողվի: ՀԱԿ-իշխանություն երկխոսությանն այսօր նման գնահատական տվեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Սակայն ըստ նրա՝ ինչ տեղի ունեցավ վերջին հանդիպման ժամանակ, այն է՝ ՀԱԿ-ն առկախեց գործընթացը, դուրս է այդ մթնոլորտից ու տրամաբանությունից: Եվ սա այն դեպքում, երբ շատերը սպասում էին, որ ՀԱԿ-ի և իշխանության ներուժը հնարավոր կլինի օգտագործել երկրում առկա խնդիրները լուծելու համար:
«Կարծում եմ, որ դա ոչ լրիվ հավասարակշռված, ոչ լրիվ կշռադատված քայլ էր»,- ՀԱԿ-ի կողմից գործընթացի առկախումը գնահատեց Գ. Մինասյանը:
Նրա կարծիքով՝ առաջիկա օրերը հստակ կպատասխանեն այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կփոխի՞ իր մարտավարությունը այս գործընթացում և կվերադառնա՞ կառուցողական դաշտ: Ի պատասխան ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի՝ իշխանությունը ներկայացրել է իր փաստարկները: Այդ քննարկումների արդյունքները պետք է ներկայացվեին հասարակությանը, որը և պետք է որոշեր, թե որ կողմն է ճիշտ: Իսկ դա արդեն կախված է ՀԱԿ-ի հետագա քայլերից:
«Կամ մենք կկարողանանք վերադառնալ կառուցողական փուլ, կամ դրա փոխարեն կլինի ոչ կառուցողական զարգացում»,- ասաց Գ. Մինասյանը:
Թեև, ըստ պատգամավորի, երկխոսության ընթացքում իրենց առջև նստած էին լուրջ քաղաքական գործիչներ, ովքեր միասնական թիմ էին, այնուամենայնիվ, ՀԱԿ-ում կան նաև ուժեր, որոնց ծրագրի մեջ չի մտնում կառուցողական ընթացքը: Սակայն Գ. Մինասյանը չգիտի, թե դրանք ինչ ուժեր են:
Միաժամանակ հանրապետական պատգամավորի կարծիքով՝ եթե երկխոսությունը հեռարձակվեր ուղիղ եթերով, ապա այն կվերածվեր քաղաքական շոուի ու քաղաքական հայտարարությունների, իսկ բուն աշխատանքը կտուժեր:
«Պետք է ստեղծել բոլոր նպաստավոր պայմանները, որ կասեցված գործընթացը վերականգնի իր բնականոն հունը»,- նշեց Գ. Մինասյանը:
Նա հույս հայտնեց, որ գործընթացը կվերականգնվի, իսկ ՀԱԿ-ը կվերանայի իր դիրքորոշումները: Իսկ եթե ՀԱԿ-ը չշարունակի գործընթացը, ապա Գագիկ Մինասյանը չգիտի, թե հետագայում ՀԱԿ-ն ինչ մարտավարություն կընտրի:
«Հույս ունեմ, որ ողջախոհությունը կգերակայի մեր գործընկերների մոտ և վերադարձ կլինի դեպի աշխատանքային քննարկումներ: Իրենք կհասկանան, որ այլընտրանք չունեն»,- հավելեց Գ. Մինասյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել