
Այսօր մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտնեց իր կարծիքը մարտի 1-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած զեկույցի վերաբերյալ:
«Նախ ասեմ դժգոհություններս. սկզբից մինչեւ վերջ փորձել են խնայել դատախազությանը, նրանց մասին ընդհանրապես որեւէ խոսք չկա: Բացասական օրինակները բերված են միայն ընդդիմությունից, այսինքն` այստեղ հավասարակշռությունը պահպանված չէ: Որեւէ խոսք չկա, որ արտակարգ դրությունը հիմնականում տարածվեց ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցների վրա: 10 մահվան դեպքերի հետ կապված շատ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել: Չեն անդրադարձել քննիչների տարբեր աղաղակող խախտումներին»,- ասաց Պաշտպանը:
Արմեն Հարությունյանը մարտի 1-ի զեկույցում դրական կետեր էլ է արձանագրել: «Զեկույցում ներառվել են բոլոր այն թերությունները, որոնք մեր զեկույցում էինք նշել»: Մարդու իրավունքների պաշտպանի ընդհանուր գնահատականն է` «Մասնավորում` սուբյեկտիվ, ընդհանուրում` օբյեկտիվ»:
«Նշվում է, որ այդ իրավիճակն օբյեկտիվ էր ստեղծվել եւ դրա պատասխանատուն իշխանությունն է, այսինքն` պատճառահետեւանքային կապի տեսանկյունից շեշտադրումներն օբյեկտիվ են եղել, այս առումով ես զեկույցը դրական եմ գնահատում, բայց կոնկրետիկայի տեսակետից խնդրահարույց է»,- ասում է Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը նաեւ ասաց, թե հրապարակված զեկույցով մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել: «Մենք ոչ դրա փակողն ենք, ոչ էլ բացողը, դա մեր պատմության տխուր էջերից մեկն է: Մենք կարող ենք այդտեղից դասեր քաղել կամ չքաղել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել