HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետքի» հրապարակումներից համայնքապետերը «լրջացել» էին

aragacotn_19.09.09Երեկ Արագածոտնի մարզպետարանի հերթական մարզխորհրդի նիստն էր: Օրակարգում ներառված էր 5 հարց, սակայն հարցերի հիմնական շեշտադրումը դրված էր ոռոգման եւ խմելաջրի խնդիրներին: Մարզխորհրդի նիստին ներկա էին նաեւ Ջրային  պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության տեխնիկական հարցերով փոխտնօրեն Կամո Աղաբաբյանը, ինչպես նաեւ մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Այս մարզխորհրդի նիստը տարբերվում էր նախորդներից, քանի որ մինչեւ նիստի սկսվելը մի քանի համայնքապետեր մոտեցան ինձ եւ ասացին, որ կարդացել են մեր նախորդ հրապարակումները, որում անդրադարձ կար մարզխոհրդի նախորդ նիստի ժամանակ համայնքապետերի կողմից բջջային հեռախոսով զրուցելու եւ քնելու մասին: Համայնքապետերը «թասիբի» ընկած հայտարարեցին, որ այս անգամ առիթ չեն տա, որ այդ մասին հրապարակում լինի: Իրոք այդպես էլ եղավ: Արագածոտնի համայնքապետերն այս անգամ ոչ միայն բջջային հեռախոսներով չխոսեցին ու նստած տեղը չքնեցին, այլ ընդհակառակը` իրենց ակտիվությամբ ու հարցերով «խեղճացրին» Ջրային պետական տեսչության ներկայացուցիչներին: Մոտ մեկ տասնյակ համայնքապետեր դժգոհում էին, որ իրենց համայնքներում խմելաջուր չկա, իսկ լինելու դեպքում էլ որակը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Անդրանիկ Անդրեասյանին ավելի շատ հետաքրքրում էր ոչ միայն վատ որակի ջուրը, որ մարդիկ խմում են, այլ` արդյոք լոկալ ջրամատակարարում ունեցող համայնքապետերը վարձավճարներ սահմանել են, թե ոչ: Ջրային պետական կոմիտեի նախագահը սկզբում տեղեկացրեց, որ ինչպես այս, այնպես ել գալիք տարում իրենց բյուջեն սահմանափակ է լինելու եւ չեն կարողանալու համայնքներում նոր ջրամբարներ կառուցել: «Ցավոք, եկող տարվա մեր բյուջեն, հայտնի պատճառներով սուղ է լինելու: Սուղ է նաեւ պետական բյուջի միջոցները, ուստի ծրագրերը կիրականացնեն հիմնականում վարկային միջոցներով»,-ասաց Ա. Անդրեասյանը: h-avagyan_19.09.09Բյուրականի համայնքապետ Հրաչյա Ավագյանն ասաց, որ Բյուրականի ջրամատակարարումն իրականացնում է համայնքը եւ գյուղացիները չեն դժգոհում, քանի որ 24 ժամ ջուր ունեն: «Մեր համայնքը պատրաստ է որոշ չափով ներդնում անել, որպեսզի մաքրման կայան կառուցենք: Հատկապես գարնանը անձրեւաջրերը լցվում են խմելաջրի ակունքներն ու պղտոր ջուր է մարդկանց հասնում: Մի շարք ստուգումներ ենք արել եւ ջրի որակը չի համապատասխանում սահմանված նորմերին: Եթե մաքրման կայան չկառուցվի, սելավները մեծ վնաս կհասցնեն ջրի որակին»,-ասաց Հ. Ավագյանը: «Ջրի որակը թողնենք մի կողմ, իսկ դուք ջրի սակագին սահմանե՞լ եք»,-բուն հարցից շեղվելով հակադարձեց Անդրանիկ Անդրեասյանը: Բյուրականի գյուղապետն էլ ասաց, որ ջուրը գյուղացիներին տալիս է անվճար եւ ջրի համար ոչ մի սակագին չի սահմանել: «Ի՞նչ սակագին սահմանեմ, երբ ջրի որակը չի համապատասխանում նորմերին»,- ասաց գյուղապետը: Այս պատասխանից հետո Ա. Անդրեասյանն էլ հայտարարեց, որ իր կարծիքով Բյուրականի ջրի որակը համապատասխանում է սահմանված նորմերին, բայց այնուամենայնիվ Բյուրականի ջրից փորձանմուշ կվերցնեն: Կամո Աղաբաբյանն էլ ասաց, որ իրենք «կատեգորիկ դեմ են» մաքրման կայան կառուցելուն եւ խնդիրը կլուծվի, եթե ջրի ակունքի մոտ կապտաժներ սարքվեն: «2 միլիոն դրամի ներդրում է պետք մաքրման կայան կառուցելու համար, դա զգալի գումար է»,-ավելացրեց Ա. Անդրեասյանը: «Հայջրմուղկոյուղի» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրեց, որ եկող տարում մարզի մի շարք համայնքներում խմելաջրի հարցը կլուծվի: Շատ համայնքապետեր Կ. Աղաբաբյանի ասածին  թերհավատորեն մոտեցան, քանի որ իրենց բնորոշմամբ` «ամեն տարի նույն խոսքերն են լսում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter