HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դավիթ Մանուկյան. «Ես ուզում եմ, որ Հայաստանի նախագահը ԼՂՀ-ի շուրջ բանակցություններում հանդես գա միայն հաղթողի և պարտադրողի դիրքերից»

ԼՂՀ հյուսիսային ուղղությունը պահպանող զորամասերից մեկը շրջապատված է անտառապատ բլուրներով: Այս հատվածում Ադրբեջանի և Արցախի պետական սահմանի դիրքերն իրարից բավական հեռու են: Դիպուկահարների համար ճակատային գծում կանգնած զինվորը խոցելի չէ:

«Մենք ինքներս երբևէ հակառակորդի զինվորներին չենք խփում, նույնիսկ եթե որոշ «մոլորվածներ» «տաք գլխով» խրամատից դուրս են գալիս ու փորձում շարժվել առաջ: Նախազգուշական կրակներով ստիպում ենք ետ գնալ: Թե չէ` մարդ սպանենք, անունն ի՞նչ դնենք: Ուրիշ բան, որ իրենց դիպուկահարն է փորձում առաջ գալ ու մերոնց խփել»,- ասում է գնդի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ Կամո Հարությունյանը:

Փոխգնդապետ Հարությունյանի խոսքերով` վերջին երկու տարիներին տվյալ դիրքերում Պաշտպանական բանակը զոհ չի ունեցել. «2007-ին թշնամու դիպուկահարը սպանեց մեր զինվորներից մեկին: Փոխարենը ոչնչացրինք 5 ադրբեջանցու: Պարտադիր պատասխանն այդ ձևով ենք տալիս` 1-ը 5-ի հարաբերակցությամբ: Եթե նման ձևով չվարվենք, ուղղակի երես կառնեն»:

Փոխգնդապետը պատմեց, որ հակառակորդը վերջին շրջանում սկսել է ինժեներական աշխատանքներ իրականացնել և դիրքերը մեկ խրամատով միացնել իրար:

«Այդ գործընթացը դանդաղ, բայց առաջ են տանում: Հասկանալի է` ուզում են ամբողջ գիծը միացնել, որպեսզի հետո այդտեղ զորք կանգնի: Ուզում են խտությունն ուժեղացնել, ինչը դժվար թե պաշտպանության համար արվի. Ադրբեջանը հարձակման ծրագիր ունի, նրանք միշտ էլ պատրաստվում են պատերազմի»,- ասում է Կամո Հարությունյանը:

Նա հավելում է, թե մենք էլ ենք պատերազմին պատրաստվում:

«Մեր ուսումնական ծրագրերն ամբողջությամբ պաշտպանողական և հարձակողական են: Հետո` առջևում Շահումյանն ու Գետաշենն են»,- արդեն ժպտալով` ավելացնում է փոխգնդապետը:

«Մեր բանակը մեկ նպատակ ունի` պատերազմել: Կանցնի 100, թե 1000 տարի, մենք միշտ պատերազմելու ենք: Բոլորս անխտիր պետք է դա հասկանանք: Եթե այս գիտակցումից դուրս ապրենք, տանուլ ենք տալու, որովհետև ունենք այնպիսի հարևաններ, որոնց հետ պետք է լինենք ուշադիր, զգույշ և պատրաստ ամեն ինչի»,- ասում է գնդի հրամանատար Դավիթ Մանուկյանը:

Ադրբեջանի կողմից պատերազմին պատրաստվելը հրամանատարը շատ բնական է համարում. «Եթե վերցնենք զուտ տղայական առումով, մեկը պարտություն է կրել, նա պետք է իր մեջ պատճառ փնտրի, որպեսզի ինչ-որ կերպ պարտությունն արդարացնի: Ադրբեջանն այդ կեցվածքն ունի: Մենք վախենալու խնդիր չունենք. արել ենք մեր գործը, ազատագրել ենք հայկական տարածքների որոշակի մասը, մեզ հոգեպես շատ հանգիստ ենք զգում և պատրաստ ենք ցանկացած պահի նորից հակահարված տալ ցանկացած ոտնձգության»:

Գնդապետ Մանուկյանը հիշեցնում է, որ պատերազմի ժամանակ կարևորագույն գործոններից մեկը տեղանքն է, իսկ մեր տեղանքը, ըստ հրամանատարի, Արցախյան գոյամարտի արդյունքում այնպիսինն է, որ «թույլ է տալիս մարտ վարել քիչ ուժերով, հստակ, արագ և քողարկված ձևով»:

«Ես այլ կերպ կարող եմ բացատրել. եթե մեր գնդի վրա հարձակվի դիվիզիա, տեղանքի շնորհիվ մենք միանշանակ կհաղթենք: Բայց եթե մեզ վրա գա մի ամբողջ բանակ, կկարողանանք միայն պաշտպանվել,- ավելացնում է փոխգնդապետ Հարությունյանը:- Բացի այդ, ունենք տարբեր ծրագրեր: Հնարավոր է` թույլ տանք, որ որոշակի հատված հակառակորդը առաջ գա, հետո ջարդենք: Կոնկրետ ընտրված վայրեր ունենք, որտեղ նրանց սպասվում են մեծ անակնկալներ»:

«Ներկա դրությամբ ուժերի բաշխվածությունը հավասարաչափ է, այսինքն` մենք պաշտպանական դասավորվածությունը կառուցել ենք հակառակորդի ուժերը և միջոցները հաշվի առնելով»,- վստահեցնում է դիվիզիայի հրամանատարի տեղակալ Նորայր Մկրտչյանը:

«Իհարկե, թե՛ տնտեսական, թե՛ մարդկային ռեսուրսներով Ադրբեջանը մեզնից շատ է: Բայց դա առկա էր նաև պատերազմի սկզբում, ինչը նրանց ոչինչ չտվեց: Վերջին հաշվով, տեխնիկան օգտագործողը մարդկային ռեսուրսն է, իսկ մեր զինվորն այնքան պատրաստված է, որ տոկոսային առումով ծածկելու է քանակի գերազանցությունը»,- ասում է հրամանատար Դավիթ Մանուկյանը:

Նա ուզում է, որպեսզի Հայաստանի նախագահը ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում հանդես գա միայն հաղթողի և պարտադրողի դիրքերից. «Ինձ թվում է` նախագահն այդպես էլ հանդես է գալիս: Նա կարող է վստահ լինել` պատերազմը սկսվելու դեպքում, անկախ ամեն ինչից, մենք դուրս ենք գալու հաղթանակով: Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք պատերազմը սկսեցինք որսորդական հրացաններով, ավարտեցինք սեփական տանկերով, որոնց զգալի մասը հակառակորդինն էր»:

Հրամանատարն ադրբեջանցիների համար ունի մեկ այլ հիշեցում ևս. «Զինվորական գաղտնիքների մասին չեմ խոսելու, բայց բանակում կա հստակ պլան. նրանք պատերազմը սկսելու են մեկ ուղղությամբ և չեն կարողանալու բոլորովին այլ ուղղությամբ դիմագրավել մեր հարձակողական գործողություններին: Սրանում թող չկասկածեն. ես ամպագոռգոռ հայտարարություններ երբեք չեմ անում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter