
Լոռու անկրկնելի բնությանը անողոք վնասներ են պատճառում ոչ միայն Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներն ու տարածաշրջանում հանքարդյունաբերական գործարանների պոչամբարները, այլև ամենուր թափված կենցաղային աղբակույտերը, որոնք երբևէ սանիտարական մշակման չեն ենթարկվում:
Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքներից ոչ մեկը չունի օրինական աղբավայր: Համայնքապետարանները կենցաղային աղբը կուտակում են՝ որտեղ պատահի: Ալավերդու համայնքապետարանն, օրինակ, այն լցնում է Դեբեդ գետը: Նկարում պատկերված Ախթալա համայնքին պատկանող աղբի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 22-ին մեզ հավաստիացնում էր, որ Ախթալայից Շամլուղ քաղաք թեքվող ճանապարհաեզրի աղբակույտերը թափվել են Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության կողմից:

Վարորդը, անշուշտ, ճիշտ էր ասում, քանի որ այստեղ լցված էին մեծ քանակությամբ արտադրական թափոններ, սակայն տարածքը զերծ չէր նաև կենցաղային աղբից: Իր ասածը հիմնավորելու համար վարորդը նաև մեզ ասաց, որ Ախթալայի համայնքապետարանը, իր վարած ավտոմեքենայով, Ախթալա համայնքի կենցաղային աղբը Դեբեդ գետի Ալավերդու նախկին շինվարչության շենքի դիմացի հատվածից լցնում է գետը: Դա ճիշտ նույն վայրն է, որտեղից բնակչության կենցաղային աղբը օրական մի քանի անգամ գետն են լցնում Ալավերդու քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ի աղբի ավտոմեքենաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել