Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի՝ հնարավոր է պարզվի, որ Տիգրան Առաքելյանը սահմանափակ մեղսունակ է
«Ես հույս ունեմ, որ երկխոսությունը շարունակվելու է, որովհետև երկու կողմն էլ այդ ցանկությունը ձևավորել է շուրջ երկու տարվա ընթացքում»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ երկխոսությունն առանց ժողովրդի չի պատկերացնում: Դրա համար անհրաժեշտ էր, որ երկխոսությունը հեռարձակվեր ուղիղ եթերով, կամ լրագրողները կարողանային լուսաբանել այն ներսից: Իսկ այժմ կրկին խախտվում է խոսքի ազատությունը, և հասարակությունը զրկվում է ճշգրիտ տեղեկություն ստանալու հնարավորությունից:
«Ընդդիմությունը խնդիր չունի իշխանությունների հետ, հասարկությունը խնդիր ունի»,- հավելեց Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ հասարակության խնդիրներն էլ բարձրաձայնում է հենց ընդդիմությունը:
Ռ. Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի բոլոր առկախումներն ու ձգձգումները շինծու են: Առկա խնդիրները մնում են չլուծված մեկ անձի կալանավորման պատճառով: Ռ. Պետրոսյանը նկատի ուներ օգոստոսի 9-ին ՀԱԿ-ի 7 ակտիվիստների և ոստիկանության բախումը, որի հետևանքով Տիգրան Առաքելյանը կալանավորված է:
Ռ. Պետրոսյանը՝ որպես իրավաբան, նշեց, որ եթե իշխանությունն ընդառաջի և Տիգրան Առաքելյանին ազատի կալանքից, ապա դա կստեղծի վտանգավոր նախադեպ, և բոլորը կմտածեն, թե կարող են խուսափել հասանելի պատժից: Ըստ նրա՝ քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի, իսկ երիտասարդ ակտիվիստի կալանավորումը իրավական խնդիր է, որը պետք է լուծեն համապատասխան մարմինները:
Հ. Իգիթյանն էլ նշեց, որ Հայաստանում նման հարցերը միշտ լուծվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում: Ռաֆիկ Պետրոսյանի ուժն ու դիրքը կբավականացնեն մեկ զանգով լուծել այդ հարցը, և եթե իշխանությանն իրոք մտահոգում են երկրում առկա խնդիրները, որոնց լուծման համար պետք է շարունակել երկխոսությունը, ապա կարելի էր լուծել այդ երիտասարդի հարցը:
Ռ. Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ հետագայում ՀԱԿ-ը այլ պատճառ կներկայացնի երկխոսությունը առկախելու համար: Բացի դրանից՝ ՀՀԿ ներկայացուցչի խոսքերով, հնարավոր է, որ Տ. Առաքելյանին նշանակվի դատաբժշկական փորձաքննություն, հնարավոր է պարզվի, որ նա սահմանափակ մեղսունակ է, և նրան նշանակվի հարկադիր բուժում: Իսկ նման անձնավորությանը վտանգավոր է ազատ արձակել:
«Այդ երկխոսությունն ավելի շատ անհարաժեշտ է իշխանությանը, քան ընդդիմությանը»,- ասաց Հ. Իգիթյանը:
Քանի որ նա գործի բերումով հաճախ է շփվում միջազգային կազմակերպությունների հետ, նկատել է, որ Հայաստանի վարկն իջել է, երկիրը տանուլ է տալիս դիվանագիտական բոլոր հարաբերություններում, ներդրումները նվազել են, արտագաղթողները՝ շատացել: Իսկ երկխոսությունը նպատակ ուներ լուծել բոլոր խնդիրները:
«Ես ենթադրում եմ, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք մտածում են, որ այդ երկխոսության հետևանքով իրենք կարող են պաշտոն կորցնել, և իրոք այդպես կլինի, և նրանք օգտագործում են բոլոր հանգամանքները այս երկխոսությունը տապալելու համար»,- հավելեց Հ. Իգիթյանը:
Նա երկխոսության գործընթացին նայում է հոռետեսորեն, որովհետև ճանաչում է իշխանության ներկայացուցիչներին, և լավատեսորեն, որովհետև հույս ունի, որ իշխանությունները կգիտակցեն, որ այլ ելք չկա. պետք է շարունակել երկխոսությունը:
ՀՀԿ ներկայացուցիչը համաձայնեց այս տեսակտին: «Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ այնքան ողջամիտ կլինեն, որ կշարունակեն երկխոսությունը», - ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել