
«Հին Էրիվան»-«Յունիբանկ» հակամարտությունը շարունակվում է. ո՞վ է ենթարկվելու քրեական պատասխանատվության
«Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև սկիզբ առած վեճը դուրս է եկել քաղաքացիաիրավական հարթությունից և տեղափոխվել քրեական ոլորտ: Մի կողմից «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանը, մյուս կողմից՝ «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել են իրավապահներին՝ ամեն մեկն իր հերթին միջնորդելով քրեական պատասխանատվության ենթարկել մյուսին:
«Հետքը» զրուցել է թե Տեր-Առաքելյանի, թե Աթայանի հետ: Սակայն վերջինս նշում է, թե ինքը, ի տարբերություն Մանվել Տեր-Առաքելյանի, չի ուզում խնդիրն անձնավորել. «Բանկն արդեն հաղորդագրություն է տարածել, և ես ավելացնելու որևէ բան չունեմ,- ասում է Վարդան Աթայանը և եզրափակում,- քննություն է գնում, թող իրավապահները պարզեն՝ իրականում ինչ է եղել»:
Իսկ «Հին Էրիվանի» ղեկավարն ասում է, որ ինքը ողջ պատմությունը դարձնելու է հանրության սեփականությունը, քանի որ պաշտպանում է ոչ միայն իր, այլև բանկի ներկա և ապագա վարկառուների շահերը:
«Որպեսզի նույն ճանապարհով, այս քաշքշուկի մեջ մյուս վարկառուներն էլ չընկնեն: Որ նա (Վարդան Աթայանը - հեղ.) կարգավորի իր գործելաոճը և մարդկանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող նյութերը աջ ու ձախ չտրամադրի: Ու մարդկանց հետ վախեցնելու տեսքով, տոնով ու լեքսիկոնով չխոսի: Որպեսզի մյուսներին չկանչեն 6-րդ վարչություն ու ասեն՝ պետք է այս բացատրությունը գրես, այն անես, որ 4 թերթանոց բացատրությունը 8 ժամում չվերցնեն... »,- ասում է Մանվել Տեր-Առաքելյանը:
Նա միաժամանակ ընդգծում է, որ «Յունիբանկն» ինչ-որ մեկի սեփականությունն է, վերջինիս ջանքերի արդյունքում է «այդ բանկը դարձել բանկ», բայց Վարդան Աթայանը, օգտագործելով բանկի ռեսուրսները, չի հարգում սեփականատիրոջ աշխատանքը և խաղում է հենց «Յունիբանկի» հեղինակության հետ, մինչդեռ վաղը կարող է ազատվել տնօրենի պաշտոնից:
2009թ. մայիսի 25-ին «Յունիբանկի» և «Հին Էրիվանի» միջև կնքվել է վարկային պայմանագիր, ըստ որի՝ տրամադրված մայր գումարն ու բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի անց: Ըստ «Հին Էրիվանի» սեփականատիրոջ՝ բանկն իրեն էլեկտրոնային տարբերակով ուղարկել է գումարի մարման ժամանակացույցի երկու տարբերակ, որոնցից մեկով պարտքը պետք է մարվեր համեմատաբար կարճաժամկետ հատվածում (ամսական մոտ 44 մլն դրամ), երկրորդով՝ ավելի երկարաժամկետ տևողությամբ (ամսական մոտ 32 մլն դրամ): Ինքն ընտրել է երկրորդ՝ երկարաժամկետ մարման տարբերակը:
Նույն օրը բանկի ներկայացուցիչները համաձայնագրի օրինակը բերել են, ինքը ստորագրել է այն, սակայն հետո տեսել է, որ սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետո բանկն ինքն է համոզվել, որ հաճախորդի նախընտրած տարբերակը չի ուղարկել, կրկին ներկայացուցիչներին ուղարկել է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ՝ այս անգամ համաձայնագրի երկրորդ օրինակով, ինչն էլ Տեր-Առաքելյանը կնքել ու ստորագրել է:
«Փաստորեն, նույն խնդրո առարկայի շուրջ կնքվել է երկու համաձայնագիր, բայց դրանցից ուժ ունի միայն այն, որը վերջինն է կնքվել, այսինքն՝ երկրորդը: Բացի դրանից՝ այս տարվա մայիսի 25-ին, երբ սկսվում էր պարտքի մարման ժամանակացույցը, բանկն իմ հաշվից քաշել է 32 մլն դրամ, ինչպես պահանջում է երկրորդ համաձայնագիրը: Ավելին, բանկից զանգել են մեր հաշվապահին և ասել, որ կարող եք էլ չգալ, գումարն արդեն քաշել ենք, ամեն ինչ նորմալ է: Այսինքն՝ իրենք էլ շատ լավ գիտեն, որ առաջին համաձայնագիրն առոչինչ է»,- ասում է Մ. Տեր-Առաքելյանը:
Նրա խոսքերով՝ այնուհետև մեկ այլ բանկից ինքն ավելի շահավետ պայմաններով՝ ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկ է ստացել և որոշել է մարել «Յունիբանկի» ամբողջ պարտքը:
Սկզբում «Յունիբանկը» որևէ կերպ չի առարկել ու տվել է համաձայնություն: Բայց մեկ ամիս չանցած՝ այս տարվա հունիսի 17-ին, «Յունիբանկը» «Հին Էրիվան» ընկերությանը բռնագանձման թուղթ է ուղարկել, ըստ որի՝ ընկերությունը ժամանակին իր պարտավորությունները չի կատարել՝ մայիսի 25-ին պահանջվող գումարը՝ մոտ 44 մլն դրամը, չի վճարել, ուստի սկսել է գործել տույժ-տուգանքի մեխանիզմը:
«Ստացվում է, որ գործում է համաձայնագրի առաջին տարբերակը, որի համաձայն էլ պետք է վճարեի 44 մլն: Բայց եթե այդպես է, ինչո՞ւ է բանկն իմ հաշվեհամարից ճիշտ այնքան գումար քաշել, ինքան նախատեսված է երկրորդ համաձայնագրով: Ավելին, հաշվեհամարիս մնացորդ է մնացել 305 հազար դրամ: Բա եթե ձեր («Յունիբանկի» - հեղ.) ասածով է՝ 44 մլն պետք է մուծվեր՝ մնացորդ չպետք է մնար, ամբողջ գումարը քաշեիք ու ասեիք՝ «դեռ մի բան էլ պարտք ես, հաշվեհամարիդ գումարը չի հերիքել», ոչ թե բռնագանձման թուղթ ուղարկեիք»,- ասում է «Հին Էրիվանի» ղեկավար Տեր-Առաքելյանը:
Ըստ նրա՝ «Յունիբանկի» տնօրենը՝ Վարդան Աթայանը, հիմք ընդունելով առաջին համաձայնագիրը, դիմել է ոստիկանության 6-րդ վարչություն և հայտարարել, թե Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքն ու իր ստորագրությունը՝ նպատակ ունենալով խարդախությամբ տիրանալ «Յունիբանկի» փողերին:
«Նա (Վարդան Աթայանը – հեղ.) կասկածի տակ է դնում երկրորդ համաձայնագրում դրված իր ստորագրությունը և բանկի կնիքը: Եվ այդ սուտ մատնության համար ինքը դեռ պատասխան է տալու, որովհետև այդ կապակցությամբ մենք հաղորդագրություն ենք ներկայացրել դատախազություն»,- ասում է Տեր-Առաքելյանը:
Մինչ այդ նա դիմել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Այստեղ պարզել են, որ հիշյալ համաձայնագրում ոչ կնիքն է կեղծված, ոչ էլ ստորագրությունը:
«Վերաֆինանսավորող բանկն ինձնից տեղեկանք պահանջեց, թե ինչի հիման վրա պետք է փոխանցում կատարի: Ես փաստաբանի հետ գնացի Վարդան Աթայանի մոտ և խնդրեցի ներկայացնել համապատասխան տեղեկանք, քանի որ ուզում էինք իմանալ՝ մեր տված գումարները հարկվե՞լ են: Ինքը (Վ. Աթայանը - հեղ.) պայթեց, թե՝ ձեր ինչ գործն է, դուք ով եք, որ ինձնից նման բան եք պահանջում, դուք իմ համար մի կաթիլ ջուր եք, կճզմեմ, կտամ 6-րդ վարչություն... Մենք էլ թողեցինք դուրս եկանք ու նույն պահանջով «Յունիբանկին» նամակ գրեցինք: Մոտ 15 օր հետո պատասխանեցին, թե նայեք հարկային մարմնին տված մեր տարեկան բալանսները: Բայց ես այդ ընդհանուր գումարից ո՞նց եմ հասկանալու՝ իմ տված գումարները հարկվե՞լ են, թե՞ ոչ»,- զարմանում է «Հին Էրիվանի» ղեկավարը:
Տեր-Առաքելյանը նշում է, որ եթե ինքը սխալ լիներ, հենց երկրորդ օրը կգնար Վարդան Աթայանի մոտ և ներողություն կխնդրեր: Բայց հիմա, ելնելով տարբեր խոսակցություններից և համադրելով որոշ իրողություններ, համոզվել է՝ Աթայանն «աչք ունի իր սեփականության վրա, նույնիսկ սրան-նրան խոստացել է «Հին Էրիվանը» տալ, անգամ գին է նշվել»: Ուստի ինքը հանդես է գալու միայն պահանջատիրական դիրքերից: «Աթայանն ինձ, իմ բիզնես հեղինակությունը վարկաբեկելու, սուտ մատնության տալու համար պետք է նաև հրապարակային ներողություն խնդրի»,- ասում է Մանվել Տեր-Առաքելյանը:
Լուսանկարում Մանվել Տեր-Առաքելյանը (ձախից) եւ Վարդան Աթայանն (աջից) են
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել