
Բազմազավակ ընտանիքի երկու երեխաներն այս տարի դպրոց չեն հաճախի. նրանք հագուստ չունեն (վիդեո)
Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի հանրակրթական դպրոցում սովորում է 22 աշակերտ: Նրանցից երկուսը, հագուստ չունենալու պատճառով, այս տարի դպրոց չի հաճախի: 4-րդ դասարանի աշակերտ Ալեքս և 9-րդ դասարանի աշակերտուհի Ժենյա Տեր-Գրիգորյանները հարազատ քույր ու եղբայր են:
Նրանց մայրը՝ Աիդան, պատմում է, որ երեխաները նույնիսկ առօրյա հագուստ չունեն, ուր մնաց դպրոց գնալու հագուստ ունենան: Երեխաների համար վերջին անգամ անցյալ տարի են հագուստ գնել, սակայն հագուստը, անընդհատ հագնվելու և լվացվելու պատճառով, ամբողջությամբ մաշվել է, ու հիմա երեխաները հագնելու բան չունեն:
Ժենյան ցանկանում է դպրոց գնալ, սակայն ամաչում է սեպտեմբերի 1-ին պատռված հագուստով հայտնվել համադասարանցիների առաջ:
Մինչ ընտանիքի ավագները պատմում էին իրենց դժվարությունների մասին, 5-ամյա Նարեկը թախտին նստած խաղում էր ծակ գուլպաների արանքից դուրս եկած ոտքի մատների հետ: Դրսում բավականին ցուրտ էր, իսկ տղան ձեռքի ափով էր տաքացնում գուլպայից դուրս մնացած մատները:
Տեր-Գրիգորյանների ընտանիքում ապրում է 8 հոգի՝ ամուսինները, 3 անչափահաս երեխաները, չափահաս աղջիկն ու նրա մանկահասակ երեխան: Ավագ որդին էլ ադեն 3 ամիս է, ծառայում է բանակում:
Աիդա Տեր-Գրիգորյանի ասելով՝ արդեն 6 ամիս է, կտրվել է իրենց եկամուտի միակ աղբյուրը՝ աղքատության նպաստը: Սոցիալական բաժնից ասել են, թե իբր բնակության վայրում գրանցման հետ կապված խնդիրներ կան, այդ իսկ պատճառով՝ նպաստ չեն տալիս:
Ջաղացաձորի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մարտոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տեր-Գրիգորյանների ընտանիքը մոտ 10 տարի է, ժամանակավոր հաշվառված է գյուղում, բայց արդեն մեկ ամիս է, ամբողջությամբ գյուղի գրանցում է ստացել, ուստի սոցիալական ծառայությունները հանգիստ կարող են վերականգնել նպաստը:
Վարդենիսի սոցիալական ծառայությունից Աիդային խոստացել են, որ առաջիկա ամիսներին կվերականգնեն նպաստը: Բայց թե ինչու են տեսուչները նոր «հիշել» ժամանակավոր գրանցման մասին և կտրել աղքատ ընտանիքի նպաստը, անհասկանալի է, քանի որ նախկինում Տեր-Գրիգորյանները նույն կարգավիճակով մոտ 45.000 դրամ նպաստ են ստացել, և այս ընթացքում ոչինչ չի փոխվել նրանց ընտանիքում:
Այդ ժամանակ նպաստի գումարը հազիվ բավականացրել է, որ երեխաները ցամաք հաց ունենան: Այժմ, երբ նպաստ չկա, օրերով ուտելու հաց չեն ունենում և երեխաներին միայն խաշած կարտոֆիլով են կերակրում: Աիդայի խոսքերով՝ շատ է եղել, որ երբ հարևանները տեսել են՝ երեխաները ուտելու բան չունեն, իրենք են ալյուր տվել: Մեկ-մեկ էլ գյուղապետարանն է ալյուր գնել Տեր-Գրիգորյանների համար:
Ընտանիքը օգնություն ստանալու հարցով երբեք չի դիմել Գեղարքունիքի մարզպետարանին: «Մենք էդման բաներ չէնենք, կվախենանք էդման բաներուց: Կարող ա մեկին վնաս տան, մի բան էղի, մեզի բան ըսեն»,- ասում է Աիդան: Հարցին, թե ո՞վ պիտի իրենց բան ասի, եթե մարզպետարան դիմեն՝ ընտանիքի մայրը ուսերը թոթվեց:
Տիկին Աիդան ասում է, որ ամուսինը՝ Գրիգոր Տեր-Գրիգորյանը, առողջական լուրջ խնդիրներ ունի: Թոքի վրա 2 ճաք կա, լեղապարկը լավ չի գործում, իսկ սիրտը ջրի մեջ է: Քանի որ ծանր ֆիզիկական աշխատանք չի կարող անել, հարևան գյուղերից մոտ 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է հավաքել ու սարերում պահելով՝ գումար է աշխատում: Նրան մեկ անասունի համար ամսական վճարում են 5000 դրամ:
Գրիգորը անասունները պետք է պահի մոտ 3 ամիս: Գումարն արդեն նախապես վերցրել են, երեխաների համար սնունդ են գնել ու հիմա չգիտեն, թե ձմռանն ինչպես են «յոլա գնալու», քանի որ գումարի ակնկալիք այլևս չկա:
Կիսախարխուլ տան բակում աթարից «ամրոց» է կանգնած: Աիդան ասում է, որ ձմռանը միայն աթար են վառելու, քանի որ վառելափայտ գնելու հնարավորություն չունեն: Այդ աթարն էլ սարքել են ամուսնու պահած անասունների գոմաղբից: Թեև գոմ ունեն, սակայն անասուն չունեն: Աիդան այս տարի 15 հատ հավի ճուտ է գնել: Նա ասում է, որ իրենց գյուղում հնարավոր է անասուն պահել, ինքն էլ կարող է անասուն պահել ու ստացված կաթ ու մածունով երեխաներին կերակրել, միայն թե կթու կովը բավականին թանկ է, և հնարավորություն չունեն ձեռք բերել:
Անցյալ տարի վառարանից այրվել է ընտանիքի տան տանիքը: Բարեգործական կազմակերպությունները գյուղապետարանի հետ միասին վերանորոգել են տանիքը, փոխել են տան պատուհանները, սակայն ներսից դեռ կախված մնում են այրված փայտի կտորները: Միջանցքի դեր տանող սենյակներից մեկի առաստաղը ամեն պահի կարող է փուլ գալ, քանի որ այրվելուց հետո այն կախվել է:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել