
Քաղաքաշինության բանաձևը. ինչքան բարձր կառուցես, այնքան բարձր գնով կվաճառես ք/մ-ը
Հանրապետության հրապարակում նախատեսված հյուրանոցի կառուցումն առաջ է բերելու քաղաքի համար լուրջ խնդիրներ: Այն ավելացնելու է խցանումները, որի պատճառով ավելի շատ է աղտոտվելու է օդային ավազանը, խախտվում է քաղաքի պատմամշակութային տեսքը, առաջ են գալիս նաև էկոլոգիական և առողջապահական խնդիրներ: Բացի այդ` այդ հյուրանոցը գործելու է հիմնականում օտարերկրացիների համար, իսկ քաղաքացիների համար ազատ, բաց տարածություններ արդեն չկան:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մտահոգությունները հայտնեցին «Հանուն մարդկային կայուն զարգազման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Էկոլոգիական-հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը: Վերջինս նշեց, որ հյուրանոցի կառուցմանը դեմ են նաև Հայաստանի ճարտարապետների միության անդամների մեծ մասը, իսկ հյուրանոցի կառուցումը նմանվում է ինչ-որ մեկի քմահաճույքին:
«Ես կտրուկ դեմ եմ, և դա քաղաքաշինական սխալ է: Ես չեմ հասկանում պատճառները, թե պատվիրատուն ինչո՞ւ է այդ տեղն ընտրել»,- հավելեց Գ. Սուխուդյանը:
Ըստ նրա` ճարտարապետները չեն որոշում քաղաքի տեսքը, նրանք դարձել են կատարողներ, իսկ որոշում կայացնողները պատվիրատուներն են:
Կարինե Դանիելյանը նշեց, որ Կենտրոնում արդեն գործում է 17 հյուրանոց, 3-4 հյուրանոց արդեն նախագծվում են, իսկ «Անի» հյուրանոցի մոտ նախատեսվում է կառուցել 25 հարկանի հյուրանոց: Եվ եթե որևէ բակում մի փոքր ազատ տեղ կա, ապա անպայման էլտար շենք են կառուցում: Արդեն 3 բակերում «կյանքի ու մահվան պայքար է գնում». Կողբացի-Պուշկին, Նալաբանդյան 104, Աբովյան-Սայաթ-Նովա և Աբովյան-Թումանյան բակերը: Իսկ իրենց հայտնի է Նարեկ Սարգսյանի գաղափարախոսությունը, որի արդյունքները կործանարար են քաղաքի համար: Քաղաքաշինական խորհրդի անդամներն էլ կախված են քաղաքապետարանից:
Իսկ Ս. Ադամյանը հավելեց, որ ժամանակին կատարվել է ՀԿ-ների ստորագրահավաք և նամակ է գրվել քաղաքապետին, որպեսզի Նարեկ Սարգսյանը չնշանակվի իր պաշտոնում, բայց պատասխան չի եղել: Նամակներ են գրվել նաև շինարարական խնդիրների, հանրային լսումներ անցակացնելու մասին, բայց ոչ մի փոփոխություն չի արձանագրվել:
«Արդեն ասեղ գցելու տեղ չկա, բայց էլի խցկում ու խցկում են»,- հավելեց Կ. Դանիելյանը:
Վերջինս նաև նշեց, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում ըստ նախագծի պետք է լիներ նաև ծաղկապատում, որը բազմաթիվ տարիներ չի իրականացվում, և հիմա է հասկանում, թե ինչու: Իսկ Գ. Սուխուդյանը նշեց, որ եթե Անին անվանվում էր հազար ու մեկ եկեղեցիների քաղաք, ապա չգիտի` ինչ են անվանելու Երևանը, որը դարձել է բարձրահարկ անհասկանալի կառույցների քաղաք:
«Երևանը դարձել է ոչ երևանցիների համար: Այն ունի լուրջ քաղաքաշինական խնդիրներ: Մեր հանրապետությունը կովում է Հայաստանի Հանրապետություն, չի կոչվում Հայաստանի Էլիտար Հանրապետություն: Իսկ մենք տեսնում ենք, որ այդ շենքերը էլիտար են: Այսինքն` սոցիալական հարցեր չեն լուծում»,- հավելեց Գ. Սուխուդյանը:
Ըստ նրա` այժմ քաղաքաշինության բանաձևը հետևյալն է. ինչքան բարձր կառուցես, այնքան բարձր գնով կվաճառես ք/մ-ը:
Ս. Ադամյանն էլ նշեց, որ հասարակությունը անընդհատ բարձրացնում է իր ձայնը առկա խնդիրների շուրջ, բողոքում, պայքարում: Այդ ձայնը վերին օղակների չի հասնում, իսկ մինչ այդ քաղաքը կորցնում է իր դեմքը: Իսկ Կ. Դանիելյանն ասաց, որ իր համար զարմանալի է, թե ինչու բարձրացված աղմուկը ոչ մի ազդեցություն չի թողնում գործընթացների վրա: Չնայած կա Վիշապների այգու հաղթանակը: Նա նշեց, որ թե նախկին, թե այժմյան քաղաքապետին առաջարկվել է ստեղծել էկոլոգիական խորհուրդ, սակայն այդ առաջարկը մերժվել է:
«Քաղաքաշինությունը կապված է փողի և շահի հետ, որը մենք չենք կարողանում փոխել: Բայց բոլոր դեպքերում ինչ-որ կարող ենք, մենք կանենք: Կարծում եմ, որ ուշ չէ»,- հավելեց Կ. Դանիելյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել