HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Բանակն առանց մարդասպանների». ցուցարարները պահանջում են դադարեցնել բանակում կատարվող բռնություններն ու սպանությունները

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին մի խումբ բողոքողներ, ովքեր պահանջում էին դադարեցնել բանակում կատարվող բռնություններն ու սպանությունները, իսկ մեղավորներին պատժել: Նրանց ձեռքին մահացած զինծառայողների անուններով, նկարներով և տարբեր պահանջներով պաստառներ կային: Նրանց հետ էին նաև տարիներ առաջ մահացած զինվորների ծնողները, ովքեր ամեն հինգշաբթի հավաքվում են այստեղ:

Այս անգամ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը ավելի մեծ էր: Մասնակիցներին ցնցել էր «Եղնիկներ» կոչվող զորամասում ծառայող Աղասի Աբրահամյանի սպանությունը: Ցուցարարները վանկարկում էին` «ամոթ, ամոթ», «ինքնասպան եղեք»:

Մահացած զինվորների ծնողներից շատերը կոչ էին անում չուղարկել իրենց տղաներին բանակ, որովհետև այնտեղ միայն «այլանդակում, հետ են ուղարկում»: Տարածքի կարգ ու կանոնը վերահսկող ոստիկանները պահանջում էին անցորդներից արագ անցնել այդ տարածքով, իսկ հարցին, թե ինչ է պատահել, նրանք պատասխանում էին, թե ոչնինչ էլ չի պատահել:

Այս բողոքի ակցիայի մասնակիցներից Արփինե Գալֆայանը` ՄԻԺԻ կենտրոնի նախագահը, նշեց, որ իրենք պահանջում են, որ դատապարտվեն բոլոր իրական մեղավորները, ընդ որում` ոչ փակ դռների հետևում` կաշառելով դատավորներին, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հովանավորում, սատարում են նման արարքները, այնուհետև թաքցնում:

«Եթե մենք այսօր ու ամեն օր չկանգնենք այս մարդկանց կողքին, ոչ մի բան էլ չի փոխվի: Հանրությունը, եթե ձայնը բարձրացնի, կփոխվի: Եվ եթե մարդկանց անհանգստացնում է այս հարցը, թող գան, կանգնեն այստեղ: Ես վստահ եմ, որ հասարակության գործողություններով կարելի է իրավիճակ փոխել: Ինչքան մենք սուս ենք մնում, այնքան մտածում են, որ կարելի է: Ու այս ծնողների կողքին ավելի շատ մարդիկ պետք է կանգնեն, ու ավելի շատ ռադիկալ ակցիաներ կարելի է անել», - հավելեց նա:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ նման դեպքերը չպետք է թաքցվեն, դա հանգեցնում է անպատժելիության ու ավելացնում է նման դեպքերը, պետք է ամեն կերպ սատարել զոհված զինվորների հարազատներին:

«Ուզում ենք պահանջել կառավարությունից, որ մարդկանց իրավունքները պաշտպանեն` այս դեպքում մեր զինվորների: Այնպիսի բանակ ստեղծենք, որ մեր տղաները չվախենան իրենց կյանքի համար»,- նշեց ակցիայի մասնակից Սառա Անջարգոլյանը:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև Աղասի Աբրահամյանի ընկերները: «Ես շոկի մեջ եմ: Ո՞նց կարելի է մարդուն ծեծել, սպանել դաժանորեն»,- ասում է Հասմիկ Մարգարյանը, ով Աղասիի հետ մեծացել է նույն բակում:

Աղասիի մանկության մյուս ընկերը` Գագիկ Իշխանյանը, պատմեց, որ Աղասիի սպանությունից հետո զանգել են նրա մորը և ասել` իբր Աղասին թունավորվել է: Այնինչ Աղասիի գանգուղեղը եղել է ճաքած, ողնաշարը, կողերն ու ոտքը` ջարդած, նրա օրգանիզմում առաջացել է ներքին արյունահոսություն, ականջը կտրած է եղել, դանակի հետքը երևում էր, իսկ դեմքը այնքան է այլանդակված եղել, որ անգամ հարազատ քույրը չէր կարողանում ճանաչել:

Գագիկը նշեց, որ այն լուրերը, թե Աղասին ունեցել է էպիլեպսիա, իրականությանը չեն համապատասխանում, որովհետ նա շատ առողջ և ուժեղ տղա էր: Նա համոզված է, որ նրան նման կերպ ծեծել են 5-6 հոգի, որվհետև եթե երկու հոգի լինեին, Աղասին անպայման կկարողանար պաշտպանվել: Բացի դրանից` նա միշտ խուսափել է կոնֆլիկտներից:

Գագիկի խոսքերով` Աղասին ծառայության գնալուց 3 ամիս առաջ եղել է Ռուսաստանում, և հարազատների այն խնդրանքները, որ չգնա բանակ, նա մերժել է, որովհետև շատ էր ցանկանում ծառայել իր հայրենիքին: Նա, լինելով տան միակ տղան, նաև ստիպված էր պահել իր ընտանիքը` հարկ եղած դեպքում մի քանի տեղ աշխատելով: Բանակում ծառայում էր արդեն ութ ամիս, արդեն պետք  է արձակուրդ գար, բայց այդպես էլ չեկավ:

Իսկ երկու ամիս առաջ Կարմրաքարի զորամասում սպանված Տիգրան Համբարձումյանի հայրը հայտարարեց, որ այս ընթացքում ոչ մի մեղավոր և ձերբակալվող չի եղել: Միաժամանակ հորը մերժել են ընձեռել ՀՀ նախագահի հետ հանդիպելու հնարավորություն, ումից նա պահանջում է դիմել դատախազին, որ այդ գործը նորմալ ընթացք ստանա:

«Այդ գործը եթե չբացեն, իմ ընտանիքը կխելագարվի, արդեն խելագարությունն է մտել իմ տուն: Եթե այդ նկարները դնեմ ինտերնետում, թե ինչ են ինձ ուղարկել, այս ժողովրդի կեսը կխելագարվի: Նման բան սարսափ ֆիլմերում էլ չկա: Ու դրանից հետո բոլորն ուզում են ինձ ապացուցել, որ իմ երեխան իրեն սպանել է, հետո իր գանգամաշկը գլխից հանել: Չի կարող նման բան լինել պատերազմ չունեցող երկրում», - ասաց մահացած զինվորի հայրը:

Այնուհետև ներկաներից մի քանիսը որոշեցին մտնել կառավարության շենք` խոսելու պաշտոնյաների հետ, որովհետև սպասելն անօգուտ էր: Սակայն ներկա ոստիկանները նրանց արգելեցին: Նրանք խոստացան ներկաների պահանջի մասին հայտնել կառավարության ներկայացուցիչներին:

Որոշ ժամանակ անց հայտնվեց միայն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով հրաժարվեց խոսել բանակում տեղի ունեցող դեպքերի մասին` ասելով, որ կարող է պատասխան տալ միայն իրեն առանչվող հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter