Քաշաթաղ. իրավիճակը շտկելու փորձեր
Վերջին ամիսներին ԼՂՀ իշխանությունները սկսել են համեմատաբար ավելի շատ ուշադրություն դարձնել Քաշաթաղի շրջանին: Այդ է վկայում այն, որ օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է նաեւ այդ շրջանը:
Վարչապետի եւ շրջանի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ նշվեց, որ շրջկենտրոն Բերձորում այս տարի կավարտվեն պետական աջակցությամբ իրականացվող գազաֆիկացման, ջրամատակարարման բարելավման, առանձին փողոցների բարեկարգման աշխատանքները:
Քաշաթաղցիներին հիմնականում հուզում են ներշրջանային ճանապարհների բարեկարգման, առանձին բնակավայրերի էլեկտրաֆիկացման ու կապի վերականգնման հարցերը։
Շրջանում առաջին հերթին կլուծվեն ամենահրատապ խնդիրները
Վարչապետ Արա Հարությունյանը հանդիպման ժամանակ նշեց պետական միջոցների սահմանափակ լինելու մասին եւ հավաստիացրեց, որ պետությունը նախեւառաջ կօժանդակի ամենահրատապ խնդիրների կարգավորմանը` հիմնականում աշխատանքներ կծավալվեն բնակարանաշինության, գազաֆիկացման, գյուղատնտեսության ոլորտներում։ Կգործեն վարկային տարբեր ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական զարգացում։ Շրջանում կստեղծվի ճանապարհաշինարարական կազմակերպություն, որն անմիջականորեն կզբաղվի վթարված ճանապարհների վերականգնմամբ։ «Կառավարության ուշադրության կենտրոնում կլինի Բերձորում աշխատատեղերի ստեղծման խնդիրը»,- շեշտել է Ա.Հարությունյանը։
Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանի խոսքերով` իր պաշտոնավարման մոտ մեկ տարվա ընթացքում նկատել է, որ շրջանին հատկացվող գումարները գնալով ավելանում են: «Երբ սկսեցի աշխատել, պետբյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծավալը 433 մլն դրամ էր կազմում, բայց այդ նույն տարում դրան գումարվեց եւս 300 մլն դրամ, ինչի շնորհիվ 2007-ին ոռոգման ուղղությամբ բավականին աշխատանք կատարեցինք, բնակելի տներ կառուցեցինք, 9 գյուղ էլեկտրաֆիկացվեց, որոշ միջգյուղական ճանապարհներ բարեկարգեցինք»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց վարչակազմի ղեկավարը, որի կարծիքով` այդ ամենն իր դրական ազդեցությունն ունեցավ իշխանությունների հանդեպ մարդկանց վստահության ձեւավորման վրա:
Ինչպես հանրապետության բոլոր շրջաններում, այստեղ նույնպես իրականացվեցին գյուղատնտեսական որոշ ծրագրեր` գյուղացիները հացահատիկ ցանելու համար ստացան համապատասխան վարկեր, պարարտանյութեր, գումարներ ստացան նաեւ սեւ ցելի աշխատանքներն իրականացնելու համար:
Լույս ունենալու հույսը դեռ չեն կորցրել
Շրջանը, որը ներկայումս ունի 53 համայնք` 94 բնակավայրով, այսօր ունի նաեւ գյուղերի էլեկտրաֆիկացմանն ուղղված ընթացիկ ծրագրեր: Շրջվարչակազմի ղեկավարի խոսքերով` շրջանի բնակչության 90 տոկոսն ապահովված է էլեկտրաէներգիայով: Իսկ 2008 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը բարձրացնել եւս 5-8 տոկոսով: Էլեկտրաֆիկացմանն են սպասում նաեւ շրջանի հյուսիսային թեւի Վերինշեն, Հիմնաշեն եւ Վազգենաշեն գյուղերը, որտեղ բնակիչների համար գիշերվա լուսավոր միակ ընկերը կամ նավթի լամպն է, կամ` փոքրիկ մարտկոցի միջոցով ստացված փոքրիկ էլեկտրական լամպը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ նրանց հետ զրույցի ժամանակ աչքալուսանքի պես են ներկայացնում այս տարի լույս ունենալու հնարավորության մասին լուրը:
Վարչակազմի ղեկավարը գտնում է, որ էլեկտրաֆիկացման խնդրի լուծումը կխթանի նաեւ վերաբնակեցմանը, «քանի որ վերաբնակիչները ձգտում են դեպի էլեկտրաէներգիայով ապահովված գյուղերը: Նա միաժամանակ խոստովանում է, որ շրջանից հեռացածների մոտ 40 տոկոսը հենց էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով են գնացել: Վարչակազմի հաշվարկներով` մոտ 200-250 մլն դրամ է անհրաժեշտ էլեկտրաֆիկացման համար:
Քաշաթաղում դեռեւս մոտ 20 չէլեկտրաֆիկացված բնակավայր կա, որոնց շարքում` նաեւ 2-3 ընտանիք ունեցող գյուղեր: Է.Ղեւոնդյանը, սակայն, գտնում է, որ այդ բոլոր բնակավայրերը չպետք է էլեկտրաֆիկացվեն, այլ` 8-10-ը, քանի որ մնացածները շատ հեռու են մյուս գյուղերից ու ընդամենը մի քանի բնակիչ ունեն:
Շրջանի` իրարից որոշակի չափով հեռու գտնվող բնակավայրերում ենթակառուցվածքների ստեղծման նպատակահարմարության մասին շատ է խոսվել, ինչը բերել է համայնքների խոշորացմանը: Նախկինում շրջանն ուներ 71 համայնք, իսկ այժմ` 53:
Այստեղ դեռ բժիշկների եւ ուսուցիչների կարիք կա
Սա խոստովանում է վարչակազմի ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանը: «Անցած տարի հայտարարություն էինք տվել բժիշկներ ներգրավելու համար, բայց մեծ արձագանք չեղավ: Սակայն ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարում շրջանում առաջին անգամ մանկաբարձուհի, վիրաբույժ, թերապեւտ ունեցանք»,-նշել է նա: Հայտարարություն է արվել նաեւ մանկավարժների հետ կապված, ինչը մեծ արձագանք է գտել. 2 օրվա մեջ 114 մանկավարժ զանգեց, եւ արդյունքում 21 մանկավարժ եկավ շրջան:
Քաշաթաղի բուժհիմնարկները նույնպես ոչ բարվոք վիճակում են գտնվում. այստեղ չկան համապատասխան պայմաններ, սարքավորումներ, անհրաժեշտ մեքենաներ եւ այլն: Այս ամենը հաշվի առնելով` օրերս ԼՂՀ կառավարությունը հաստատել է մի որոշում, ըստ որի` 2008 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ԼՂՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի 1 397 000 դրամ` «Բերձորի ատամնաբուժարանի նոր շենքը կահույքով համալրելու համար»: Գործադիրի մեկ այլ որոշմամբ` ՈՒԱԶ 396294-016 մակնիշի ավտոմեքենա է տրամադրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորմանը:
«Բազմազավակ ընտանիքներն իմ երջանկությունն են»
Չնայած այս դժվարություններին` մարդիկ այստեղ շարունակում են ապրել ու «քարից հաց քամել»: Շրջանի Վաղազին գյուղի բնակիչ 43-ամյա Մարատ Մազուլյանը, որը 11 երեխա ունի, հույսը դնում է մեղվաբուծության վրա: «Կամաց-կամաց մեղուները կշատացնեմ, գուցե տարիներ հետո մեքենա էլ գնեմ: Առանց մեքենայի մեր գյուղերում դժվար է,- ասում է նա եւ շարունակում,- հետդարձի ճանապարհ չունեմ, այստեղ ինձ շատ է դուր գալիս»:
Մարատին ամենաշատն այս պահին մտահոգում է տան հարցը, որը 3 տարի առաջ 700 դոլարով է գնել: «Տան վիճակը շատ վատ է` ոչ հատակ կա, ոչ առաստաղ: Դիմել ենք շրջանի վարչակազմի նոր ղեկավարին, որոշ գումարներ են հատկացրել նորոգման համար: Մնացածը մեր ուժերով կանենք»,- հույսը չի կորցնում նա:
Այս ընտանիքի նման շատերը կան շրջանում: 15 երեխա ունեցող ընդամենը մեկ ընտանիք կա, բայց ահա 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների թիվը 64 է: «Իմ ամենամեծ երջանկությունը բազմազավակ ընտանիքներն են»,-հպարտությամբ ասում է Էռնեստ Ղեւոնդյանը եւ ընդգծում, որ վերջին 5-6 տարվա մեջ առաջին անգամ շրջանում բնակչության աճ է գրանցվել` մոտ 200-ով: Նրա խոսքերով` դուրս եկողների թիվն այժմ ավելի քիչ է, քան մտնողներինը: Իսկ շրջան տեղափոխվողներն օգտվում են շուրջ 12 արտոնություններից. նրանց տուն է տրամադրվում, միանվագ օգնություն, 0.5 տոկոս տոկոսադրույքով փոքր չափի վարկ է տամադրվում` 10 տարի ժամկետով, ինչպես նաեւ` ծախսված էլեկտրաէներգիայի փոխհատուցում` ամսական 60 կվտ-ի չափով: «10 տարի շրջանում ապրելուց հետո բնակարանը նվիրատվության կարգով սեփականության իրավունքով տրվում է այդ բնակչին»,- ասում է վարչակազմի ղեկավարը, որը միաժամանակ խոստովանեց, որ բնակվելու ցանկություն ունեցողների թիվն ավելի շատ է, քան նրանց բնակարանով ապահովելու հնարավորությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել