Խարբերդի մանկատուն
Գոհարիկն առաջինն է, ով դեռ դարպասների մոտ դիմավորում է մանկատան այցելուներին։ Նա միշտ կանգնած է բակում՝ տնօրենի կամ ծառայողական մեքենայի կողքին՝ մեքենայի կողմնային հայելին քնքշորեն գրկած։
Գոհարիկը խենթանում է մեքենաների համար։ Վարժ տարբերում է մեքենաների տեսակները, գիտի, որ «ձմռանը պետք է անտիֆրիզ լցնել ռադիատորի մեջ, որ չսառչի», ու ներողամտաբար ուղղում է, եթե «գազելը» սխալմամբ «երազ» ես անվանում։
Գոհարիկի նախասիրությունների շարքում հաջորդ տեղը զբաղեցնում է բջջային հեռախոսը։ Իսկ ամենից շատ Գոհարիկը չի սիրում, երբ տղամարդիկ երկնագույն հագուստ են հագնում։ Գոհարիկի տեսողությունը շատ թույլ է, փոխարենը չափազանց զարգացած է զգայական ֆունկցիան։ Ինչ-որ վեցերորդ զգայարանով Գոհարիկը դեռ շատ հեռվից զգում է երկնագույն տաբատ հագած տղամարդուն։ «Ձյաձյան գալուբոյ է հագել,- ափսոսանքով ու նույնիսկ կշտամբանքով ասում է նա։ - Ձյաձյաները չպիտի գալուբոյ հագնեն»։
«Ձյաձյային» իր կարծիքը հայտնելուց հետո Գոհարիկը նրանից հետաքրքրվում է, թե ժամը քանիսն է։ Երբ հարցնում ես` ինչի՞ն է պետք ժամն իմանալ, պատասխանում է. «Ծնողներս գալու են ինձ տեսնելու, ուզում եմ իմանալ` ե՞րբ են գալու»։
Գոհարիկը երբեք չի տեսել իր ծնողներին, բայց իր կյանքի քսանվեց տարիների ընթացքում սպասում է նրանց այցելությանը։
Գոհարիկը մեկն է Խարբերդի խորը մտավոր արատ ունեցող երեխաների մասնագիտացված մանկատան 262 երեխաներից։ Չնայած ընդհանուր ախտորոշմանը` նրանցից յուրաքանչյուրի հիվանդությունն անհատական է եւ պահանջում է յուրահատուկ մոտեցում։ Նրանցից ամեն մեկը մի յուրովի աշխարհ է՝ տարբեր հույզերով ու ապրումներով, բայց միշտ բարի ու դրական էներգիայով լի։
«Ես հասկացել եմ, որ չարությունը, նախանձը, ատելությունը ինտելեկտի հետ կապված երեւույթներ են,- ասում է մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը։- Երբ ինտելեկտն իջնում է, այդ երեւույթները կտրուկ պակասում են»։
Խարբերդի մանկատանը կան այնպիսիս երեխաներ, ովքեր իրենց ծնողներին նույնիսկ չեն ճանաչում։
«Մեր կենտրոնական նյարդային համակարգն ունի ընկալման, վերամշակման եւ վերադարձնելու ֆունկցիաներ,- ասում է պրն Բալասանյանը։- Նման արատով երեխաների մոտ գոնե երկու ֆունկցիան ախտահարված է լինում։ Ենթադրենք` երեխայի մոտ ընկալման եւ վերամշակման ֆունկցիան պահպանված է, բայց ետ վերադարձնելու ֆունկցիան չկա։ Նա չի կարող ռեալիզացնել այդ ինֆորմացիան, որովհետեւ ուղիները, որոնցով պիտի դուրս գա այդ ինֆորմացիան, վնասված են։ Պատկերացրեք այդ երեխայի վիճակը։ Բնության մեջ ոչ մի կենդանի էակ, այդ թվում մարդը, ունակություն չունի պրոբլեմը որպես այդպիսին իր հետ երկարատեւ տանել։ Հարմարվում են։ Մեր երեխաներից շատերն ընդունում են, որ իրենց վիճակն այդպես էլ պետք է լինի»։
«Բայց երեխաներ էլ կան, որ գիտակցում են, որ իրենք հիվանդ են, համենայն դեպս տարբեր են մյուսներից։ Ասում են` ինչու՞ այսպես եղավ, ես էլ էի ձեզ նման ուզում լինել, ես մեղավոր չեմ, որ հիվանդ եմ։ Բայց դրանք քչերն են։ Հիմնականում հարմարվում են»։
Հարություն Բալասանյանն այն մարդն է, ում մոտ առաջինն են երեխաները վազում իրենց իրական եւ մտացածին խնդիրներով։ Նա համբերատար հոգեբան է ոչ միայն յուրաքանչյուր երեխայի համար, այլեւ այն ծնողների, որոնք այցելության են գալիս իրենց երեխաներին։
«Սա շատ ծանր պրոցես է, երբ ընտանիքները գալիս են տեսակցության,- ասում է պրն Բալասանյանը։ - Մարդը երեխա է ունենում, երեխան ամեն օր նոր բան է սովորում, օրական աճում է, ամեն օր մի բան փոխվում է, նրա հետ հույսեր ու երազանքներ ես կապում։ Ամեն դժվարություն հաղթահարելու ուժ է տալիս նա։ Իսկ այս դեպքում ամեն օր նույն բանն է, մարդը մտածում է` ինքն իզուր է ապրում, իզուր է աշխատում, այդ երրեխայի կյանքն էլ է իզուր։ Այդ ծնողներին էլ է դժվար մեղադրել։ Առանց այդ էլ իրենք իրենց մեղավոր են զգում»։
Խարբերդի մանկատունն իրականում նախատեսված է 240 երեխայի համար։ «Սակայն խորը մտավոր եւ ֆիզիկական արատներով երեխաների թիվը հանրապետությունում գնալով աճում է»,- փաստում է մանկատան տնօրենը։ Մինչեւ վեց տարեկանը այս երեխաներն ապրում են Գյումրու մանկատանը, այնուհետեւ, փաստորեն, տեղափոխվում են Խարբերդ։
Տասնութ տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները պիտի լքեն մանկատունը։ Խորը մտավոր արատ ունեցող երեխաների դեպքում սա լուրջ խնդիր է։ «Տասնութը լրանալուց հետո այդ երեխաները տեղ չունեն գնալու։ Նրանք, ովքեր ունեն հոգեկերտվածքի, թուլամտության, շիզոֆրենիայի, պսիխոզի, ագրեսիվության հետ կապված խնդիրներ,- ասում է պրն Բալասանյանը,- ուղարկվում են Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատ։ Սակայն այդպիսինները շատ փոքր քանակ են կազմում։ Մնացածը մնում են Խարբերդում»։
Մանկատան տարածքում այժմ իրականացվում է մոտ 120 մահճակալների համար նախատեսված շենքի շինարարություն՝ տասնութը լրացածների համար, ովքեր ժամանակավորապես կտեղափոխվեն այդ հաստատություն։ Մանկատան տարածքում նախատեսվում է կառուցել նաեւ վեցից ութ քոթեջներ՝ իրենց այգով, բանջարանոցով, ծաղկանոցով` ավելի ադեկվատ երեխաների համար։ Նրանք դարձյալ կլինեն դայակի եւ աշխատակազմի խնամքի տակ, բայց շատ աշխատանքներ՝ կապված սննդի, տնկիների, այգու մշակման եւ այլնի հետ, կիրականացնեն իրենք՝ երեխաները։
Խորը մտավոր արատներ ունեցող մարկանց զբաղվածությունը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում։ «Փորձը ցույց է տալիս,- ասում է պրն Բալասանյանը,- որ որքան շատ են երեխաները զբաղվում իրենց նախընտրած զբաղմունքով եւ իրենց նախընտրած ժամանակահատվածում, այնքան ավելի ադեկվատ է լինում նրանց վարքը, քան եթե ստիպում ես ինչ-որ բան անել կամ անելու ընդհանրապես ոչինչ չկա»։
Որոշ պետություններ գտել են այս խնդրի լուծումը, որոնցից եւ ոչ մեկն, ըստ Հարություն Բալասանյանի, մաքուր տեսքով չի գործի Հայաստանում։
«Օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքի տարբեր տեղամասերում «առողջ» մարդկանց տների միջեւ տներ են գնում նման մարդկանց համար, կարող է նաեւ լինել մի փոքրիկ արհեստանոց, որտեղ այդ մարդիկ կաշխատեն։ Ֆրանսիական տարբերակով կառուցվում են մեծ գյուղեր, քաղաքանման տարածքներ՝ իրենց տրանսպորտով, խանութներով, դպրոցով, կինոդահլիճով, այդպիսով մտավոր արատներով մարդկանց մեկուսացնում են հասարակությունից, պարփակում են իրենց աշխարհում։ Մի շարք զարգացած եվրոպական երկրներոում՝ Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, կան հիսուն-վաթսուն հոգանոց փոքր հաստատություններ, եւ մարդկանց շահագրգռում են, որ վերցնեն նման երեխաներին եւ խնամակալ ընտանիքներ դառնան։ Այդ ընտանիքներին հսկայական գումարներ են վճարվում։ Մեզ մոտ պետությունն այդքան հարուստ չէ, մեր հնարավորությունն այդքան մեծ չէ, դրա համար մեզ մոտ այս տարբերակների ինչ-որ սինթեզ պետք է լինի։ Կարծում եմ` քոթեջների փորձի հիման վրա կարելի է ամերիկյան մոդելի տներ սարքել Երեւանի, Գյումրու, Վանաձորի շրջակայքում»։
Խարբերդի մանկատան տնօրենը գտնում է, որ նման երեխաները չպետք է աշխատեն ինչ-որ արտադրության մեջ՝ գումար վաստակելու նպատակով։
«Մենք ունենք գորգագործության խմբակ։ Գորգը վեց ամիս հենած է պատին, երեխան մի քսանհինգ սմ է գործել ընդամենը։ Անընդհատ քանդում են, ուղղում են սխալները։ Եթե ճիշտ ենք երեխային ընդունել, ապա նա երբեք ինքնուրույն չի կարողանալու ապրել։ Պարզապես, եթե իրեն տուն տանեն, նա որոշակի հմտություններ ունի արդեն, կարող է ընդգրկվել տնային որոշ աշխատանքներում»։
Մանկատան երեխաներից շատերը տասնչորս-տասնվեց տարեկանից հետո ներգրավված են այգու, բանջարանոցի, լվացքատան, կերակրման հետ կապված աշխատանքներում։ Հարյուրից ավելի երեխաներ պասիվ կերակրվում են, նրանց կերակրման պրոցեսի մեջ ընդգրկված են բուժքույրները, հոգեբանները, արատաբանները, թերապիստները, նաեւ այն երեխաներն են օգնում դայակներին ու մանկավարժներին, ովքեր ավելի ինքնուրույն են։
Առավել ադեկվատ երեխաներն ընդգրկված են ուսումնական պրոցեսի մեջ, որը սովորական ուսուցում չէ, այլ` շրջապատն ընկալելու, ճանաչելու, ինքնասպասարկման հմտություններ ձեռքբերելու դաս։ Մանկատունն ունի դպրոց, երեխաները, որոնք որոշակի ինտելեկտուալ ռեզերվներ ունեն, հաճախում են այդ դպրոց, սովորում են գրել, կարդալ, կերպարվեստ, երաժշտություն։ Կան աշխատանքային թերապիայի խմբակներ։
Խմբերը գերծանրաբեռնված են։ Մի դայակը սպասարկում է տասնվեց-տասնյոթ երեխայի։
Խարբերդը պետական մանկատուն է։ Պետությունը մի երեխայի համար օրական չորս հազար դրամ է տրամադրում։ Դրա մեծ մասը նախատեսված է աշխատավարձի ֆոնդի համար, մնացածը տրամադրվում է կոմունալ ծախսերին, սննդին, դեղորայքին։
«Այժմյան թանկացման պայմաններում սննդին հատկացվող 960 դրամն արդեն չի բավարարում,- ասում է մանկատան տնօրենը։- Բացի այդ, նախորդ տարվանից սկսել ենք ավելի թանկ ու որակյալ դեղեր օգտագործել, ու դեղերին հատկացված գումարն էլ արդեն չի բավականացնում։ Խնդիր է նաեւ փափուկ գույքը, որն ի վիճակի ենք ապահովել միայն 20-25 տոկոսով։ Տրանսպորտի խնդիր էլ ունենք։ Ունենք մի միկրոավտոբուս եւ մեկ «ԳԱԶԵԼ», որը չի բավականացնում շատ երեխաների ինչ-որ տեղ տանելու համար»։
Ծնողներն ընդհանրապես չեն ներգրավվում խնամքի մեջ եւ գումարային հարցերում։ Խարբերդի երեխաների ընտանիքները մեծամասամբ սոցիալապես անապահով են։
Այն, ինչ չի հասցնում պետությունը, որոշ չափով լրացնում են բարեգործները։ Միշտ չէ, որ նրանք մեծահարուստներ են։ Վերջերս բարեգործության մեջ իրենց լուման են ներդրել քաղաքի ծերանոցներից մեկի տարեց կանայք։
«Սայլակավոր երեխաների ոտքերը ձմռանն անընդհատ կախած վիճակից սառչում են ու կապտում,- պատմում է Հարություն Բալասանյանը։- Ծերանոցի տատիկներին խնդրեցինք բրդյա գուլպաներ գործել երեխաների համար՝ նրանց թելը տրամադրելու պայմանով։ Մեծ ուրախությամբ համաձայնվեցին, դեռ թելը չտված` արդեն գործել, ուղարկել են»։
Մեկնաբանել