HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես է իմունիտետից զրկվում հասարակությունը

Արմատական ընդդիմությունն անորոշության մեջ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ձերբակալությունները մարտի 1-ից հետո, ինչպես նաեւ նրա գաղափարական համախոհներից ոմանց նկատմամբ հայտարարված հետախուզումը ընդդիմությանը զրկել են կազմակերպչական լրջագույն ռեսուրսներից։

Դա ստիպել է ընդդիմությանը ողջ ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե ժողովրդական շարժումը ղեկավարելու, հասարակական տրամադրությունները կառավարելու վրա, այլ կալանքի տակ գտնվողների իրավունքների պաշտպանությանը, նրանց վիճակի բարելավմանը հետամուտ լինելուն։ 

Երկրորդ պատճառն այն է, որ ընդդիմությունը վստահ չէ կատարելիք հետագա քայլերի արդյունավետության հարցում եւ չի կողմնորոշվում` այս իրավիճակում ի՞նչ կոնկրետ քայլեր կարելի է ձեռնարկել։ Ընդդիմության բարձրացրած կոնկրետ պահանջները, առկա իրավիճակի գնահատականներն այդպես էլ միջազգային հանրության կողմից մնացին անարձագանք։ Եվ չնայած ԵԽ-ի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ ուժեղ ճնշումների կիրառմանը, պարզորոշ ընդգծվում է, որ դրանք ուղղված են ոչ թե երկրում ստեղծված իրավիճակի պատճառների, այլ միայն հետեւանքների վերացմանը։ Ռուսական «Նովոյե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի կատարած ընդհանրացումները վկայում էին, որ ընդդիմության նպատակների ձախողման գուցե վճռորոշ դրդապատճառը հենց արեւմուտքի ոչ ադեկվատ արձագանքն էր թե՛ ընտրությունների ընթացքին, եւ թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացներին։ Եվ ընդդիմության նկատմամբ արեւմուտքի դրսեւորած նման կեցվածքը փաստում էր, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցածը որեւէ ընդհանրություն չուներ գունավոր հեղափոխության հետ։

Ամեն դեպքում, հասկանալու համար` որո՞նք էին այն պատճառները կամ գործոնները, որոնք ստիպեցին արեւմուտքին այդ աստիճան զգուշավոր լինել իրենց եւ այդքան լոյալ՝ իշխանության գործողությունների նկատմամբ, անհրաժեշտ է շատ լուրջ վերլուծություն կատարել։ Եվ դա միայն ընդդիմության խնդիրը չէ, քանի որ այն ամենաուղղակի ձեւով առնչվում է Հայաստանի քաղաքական ողջ համակարգին եւ մշակույթին ընդհանրապես։ Խնդիրն այն է, որ միջազգային հանրության մոտ Հայաստանի ընդդիմության վերաբերյալ ձեւավորվել է շատ որոշակի կարծրատիպ, համաձայն որի` ընդդիմությունը չի կարող քաղաքական գործոն հանդիսանալ եւ ազդել ընդունվող քաղաքական որոշումների վրա, չի կարող երկրում որեւէ փոփոխություն իրականացնելու գործիք կամ միջոց հանդիսանալ, այսինքն` իբրեւ այդպիսին՝ հենման կետ չէ միջազգային հանրության համար։

Դա պայմանավորված է երկու հիմնական գործոնով. Հայաստանի քաղաքական դաշտի վրա ռուսաստանյան գործոնի հզոր ազդեցությամբ, ինչը ստիպում է որեւէ փոփոխություն պայմանավորել միայն Մոսկվայի հավանությանն արժանացած իշխանությունների հետ ձեռք բերվող պայմանավորվածություններով, եւ երկրորդ՝ մինչեւ 2007 թ. սեպտեմբեր, այսինքն` Տեր-Պետրոսյանի կողմից քաղաքական դաշտ վերադառնալու հայտ ներկայացնելը, ընդդիմադիր դաշտի ամայացած վիճակը՝ այստեղ տեղավորված ուժերի փաստացի անգործության հետեւանքով։

Նման ընդգծված արտաքին վերաբերմունքը գուցե այդքան էական չլիներ, ավելին՝ անկախ ընդդիմություն ունենալու իմաստով գուցե նույնիսկ դրական կհամարվեր, եթե չլիներ հասարակական շարժումը քաղաքական հունից դուրս թողնելու այն վտանգը, որն առաջացել է ներկայիս ընդդիմության անորոշության, սպասողականության հետեւանքով։ Տեր-Պետրոսյանն իր վերջին հայտարարությամբ խոստացավ առաջիկայում հանդես գալ ձեռնարկվելիք քայլերի նոր կոնցեպցիայով ու մոտեցումներով։ Սակայն «Նովոյե Իզվեստիա»-ին տված նրա հարցազրույցը հիմք է տալիս եզրակացնելու, որ միակ որոշակի բանը, որ առայժմ կարող է առաջարկել ընդդիմությունը, այս իշխանություններին չընդունելու «որոշակի» հասարակական կարծիքի ձեւավորումն է։ Իսկ այն փաստը, որ Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում փորձում է լոբբինգ իրականացնել՝ եվրոպացիներին հասու դարձնելու երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմության մոտեցումները եւ պահանջները, վկայում է, որ ընդդիմությունը փորձում է խաղը կազմակերպել արտաքին ճնշումների ճակատում։

Մինչդեռ Ազատության հրապարակի մատույցներում առկայծող հասարակական շարժումը, որն այս օրերին, ըստ էության, թողնվել է ինքնահոսի եւ մի քանի հասարակական կազմակերպությունների կազմակերպչական հնարավոությունների հույսին, զրկված լինելով քաղաքական հենարանից` կարող է նաեւ ընդդիմությունից խորը հիասթափության պատճառ դառնալ։ Դա նշանակում է, որ հասարակությունն աստիճանաբար զրկվելու է իր ներսում կուտակված սոցիալ-հոգեբանական օբյեկտիվ, ագրեսիվ դժգոհությունները, հիմնահարցերը քաղաքական մակարդակով բարձրացնելու հնարավորությունից։ Իսկ դա ցանկացած պարագայում կարող է երկու հնարավոր հետեւանքների հանգեցնել։ Կամ այդ դժգոհությունների կուտակման ծավալներն այնպիսի կրիտիկական սահմանների են հասնում, որ տեղի է ունենում սոցիալական-հասարակական պայթյուն, ինչը հանգեցնում է նոր բախումների, կորուստների, անկանխատեսելի հետեւանքների, կամ անհուսության զգացումը հանգում է խորը նիհիլիզմի՝ հասարակությանը զրկելով բնական կենսագործունեության ապահովման այնպիսի կարեւորագույն բաղադրիչներից, ինչպիսիք են արդարությանը հասնելու ներքին շարժման, պայքարի եւ ինքնապաշտպանության մղումները։ Այս երկու հետեւանքներից ցանկացածի դեպքում էլ ունենում ենք հիվանդ, անառողջ հասարակություն, քաղաքական համակարգ եւ, բնականաբար, թուլացած պետություն։

Մյուս կողմից` իշխանությունը կորցնում է այն, գործնականում միակ արդյունավետ խողովակը, որի միջոցով հնարավորություն ուներ շոշափելու հասարակության օբյեկտիվ դժգոհությունների զարկերակը, ստանալու իրականության օբյեկտիվ ազդակները, այսինքն` այն իրական բազան, որն անհրաժեշտ է առկա իրավիճակից բխող ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Հետադարձ կապի այս մեխանիզմների խախտման պարագայում իշխանության լեգիտիմության խնդիրը ոչ միայն չի կարող լուծվել, այլեւ նույնիսկ ավելի կսրվի՝ անկախ այն բանից՝ ինչպիսի կադրային քաղաքականություն կվարի Սերժ Սարգսյանը։ Հետեւաբար, եթե վերջինս, իրոք, արմատական բարեփոխումներ կատարելու քաղաքական կամք է ցուցաբերելու, ապա առաջին եւ ամենակարեւոր քայլն այդ ճանապարհին պետք է լինի ոչ թե հասարակական դժգոհության այս աննախադեպ ալիքը խեղդելը, ձեռնաշղթաներով քաղմասերում հալածելը, այլ ճիշտ հունի մեջ դնելը եւ այն որոշակիորեն ուղղորդող ուժեղ եւ գլխավորը՝ իրական ընդդիմության ակտիվացմանը նպաստելը։ Միայն այդ կերպ հնարավոր կլինի հասնել հասարակության ներսում ծայրահեղական տրամադրությունների էական նվազեցմանը։

Առկա իրավիճակը փոխելու նպատակով իշխանության եւ ընդդիմության միջեւ հարաբերման որեւէ դրսեւորում կարող է նպատակային լինել բացառապես այս համատեքստում։ Այսինքն՝ իշխանությունը հասարակական պահանջներին ընդառաջ` գնում է շատ լուրջ փոփոխությունների (ոչ թե դրա ժամանակավոր իմիտացիայի ստեղծմանը), փոխարենը՝ Հյուսիսային պողոտայում մաշվող, հյուծվող արմատականներն իրական քայլեր են կատարում` ստանձնելու շատ ուժեղ ընդդիմության դերը՝ վերահսկելու համար իշխանության կողմից ձեռնարկվող միջոցների կենսագործումը։ Այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել իշխանություն-ընդդիմություն որեւէ երկխոսություն։ Ավելին, այս սխեմայից դուրս որեւէ այլ տիպի հարաբերություն նույնիսկ ավելի սխալ կլինի։ Խնդիրն այն է, որ երկխոսության բազա իշխանության եւ ընդդիմության միջեւ այս պահին ընդհանրապես գոյություն չունի, քանի որ ներկայումս կողմերն առաջնորդվում են բացառապես փոխադարձ մերժման կամ անհանդուրժողականության սկզբունքներով։ Եթե կողմերից որեւէ մեկը մյուսին ընդառաջ ինչ-որ քայլ է կատարում, հասարակության ընկալումներում ստանձնում է պարտվողի դերը։ Դա գուցե այնքան էլ «ամոթալի», անպատվաբեր չլիներ, եթե թիկունքում չլիներ մարտի 1-ի դեպքերի եւ զոհերի ու դրանց համար պատասխանատվության ուրվականը։

Իսկ նման կամքի ցուցաբերման դեպքում իշխանությանն անհրաժեշտ չէ պահանջել ընդդիմությունից անվերապահորեն ճանաչել ընտրությունների հայտարարված արդյունքները ճանաչելու՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշման օրինականությունը։ Դա նույնիսկ անիմաստ է եւ այն ռուբիկոնն է, որը Տեր-Պետրոսյանը երբեք չի անցնի, քանի որ երբեք չի ստորագրի իր կապիտուլյացիան վավերացնող փաստաթղթի տակ։ Եվ դա պետք է ընկալել իբրեւ սկզբունքային ելակետ ընդդիմության համար, որի անընդհատ շոշափումը, պահանջի մակարդակով արծարծումն ավելի է կոշտացնում վերջինիս դիրքերը։

Այն քայլերը, որոնց կատարումը իշխանություններից պահանջում են ընդդիմությունը, միջազգային հանրությունը, բացարձակապես ուղղված չպետք է լինեն Տեր-Պետրոսյանին, չնայած դրանց հնարավորությունը ներկայումս հենց այդպես էլ դիտարկվում է։ Դրանք պետք է ուղղվեն այն հասարակությանը, որի յուրաքանչյուր անդամի նախագահը լինելու պատրաստակամության մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը պաշտոնամուտի արարողության ժամանակ։ Սա շատ ավելի խորքային լուծումներ է ենթադրում, քան խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը կամ կալանավորվածների ազատ արձակումը։ Սակայն թե կոնկրետ ինչպիսին կարող են լինել այդ քայլերը, լուծումները, քննարկման առանձին թեմա կարող է լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter