HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ընդդիմության տակտիկական սխալների հետեւանքները

Քաղաքական ընդդիմությունը սկսել է իր բոլոր քայլերը պայմանավորել բացառապես ԵԽԽՎ 1609 բանաձեւի՝ իշխանությանը վերապահված պահանջների կատարման ընթացքով։

Համաժողովրդական շարժման ակտիվիստները, ղեկավարներն արդեն չեն էլ թաքցնում, որ այդ պահանջների պարտադիր կատարումը նախապայման է ստեղծված իրավիճակը հաղթահարելուն ուղղված բանակցություններ կամ արդեն կատարելապես իմաստախեղված երկխոսություն սկսելու համար։ Թե՛ իշխանությունը, եւ թե՛ ընդդիմությունն այդ պահանջների կատարումը կամ դրա հնարավորությունն անգամ գնահատում են իբրեւ իշխանության անվերապահ կապիտուլյացիա։ Դրա համար էլ առաջինն ամեն կերպ փորձում է հնարավորինս դանդաղ իրականացնել ԵԽԽՎ պահանջները, մյուսն ավելի է կոշտացնում դիրքորոշումը դրանք հակառակորդին ավելի արագ կատարել պարտադրելու համար։ 

Սառը պատերազմ հիշեցնող հոգեբանական այս խուլ պայքարում, սակայն, առայժմ հաղթողներ չկան։ Եվ այդ հավասարակշռությունը ոչ թե մեկի փոքր հաղթանակին մյուսի համարժեք հաղթանակի հակադրմամբ է պահպանվում, այլ փոխադարձ պարտությունների կամ սխալների մրցավազքով։ Իշխանության խնդիրն անհրաժեշտ «բարեշրջումների» գնալու հարցում տարբեր մանյովրներն են, որոնք իշխանությունների գործողություններին բացառապես իմիտացիոն տպավորություն են հաղորդում, ընդդիմության խնդիրը հետագա քայլերի անորոշությունն է եւ գործողությունների անհետեւողականությունը, որոնք աստիճանաբար վերջինիս զրկում են անկեղծության ու անշահախնդրության տպավորության բաղադրիչներից։

Ընդդիմության դաշտում առկա այս իրավիճակը շատ մոտ է շարժման ներքին ճգնաժամին։ Դա հստակ ուրվագծվեց մայիսի 2-ին կազմակերպված համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի ընթացքում Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ նրա մտքերը, որոնք մինչ այդ ցանկացած պարագայում հնչում էին որպես իմպերատիվներ, սկսել են համոզվածության եւ արդյունավետության առումներով կասկածելի դառնալ։ Տեր-Պետրոսյանն առաջարկեց փոխել շարժման բովանդակությունը եւ այն համապատասխանեցնել հետընտրական շրջանում ստեղծված նոր իրողություններին։ Այլ խոսքով՝ ճակատային գծից անցնել պարտիզանական գործողությունների՝ երկարաժամկետ տակտիկական խնդիրների լուծմանը, եւ այդ նպատակով փոխել շարժման կազմակերպչական-կառուցվածքային բովանդակությունը։ Շարժումը կոնգրեսով փոխարինելու, ստվերային կառավարության միջոցով պայքարը շարունակելու, ընդհուպ մեկ ամբողջական կուսակցություն դառնալու նրա առաջարկած մոդելները, սակայն, հետագայում որեւէ լուրջ արձագանք չստացան բուն ընդդիմության ներսում։ Ավելին` Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից մեկը՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, հստակ հայտարարեց, որ դեռ ժամանակը չէ խոսել այն լուծումների մասին, որոնք առաջարկում է շարժման ղեկավարը։

Ո՞րն է ընդդիմության ներսում առաջացած այս նոր իրադրության պատճառը։ Տեր-Պետրոսյանը ճիշտ ժամանակին հրապարակ հանեց իր այդ առաջարկները, որովհետեւ ակնհայտ էր ընտրություններից հետո իբրեւ շարժում ծավալվելու անհեռանկարայնությունը։ Դրանք առաջարկներ էին, որոնք ուղղված էին կոնկրետ մեկ նպատակի. շարժումը Ազատության հրապարակից կամ նրա մատույցներից տեղափոխել քաղաքական բեմահարթակ։ Սա, իսկապես, լավագույն լուծումը կլիներ, քանի որ հասարակությունը կձերբազատվեր քաղաքական գործիք լինելու` իր իսկ կամքով ստանձնած կարգավիճակից։ Սակայն դրան խանգարեց երկու շատ կարեւոր գործոն։ Նախ` շարժումն ինքը, ըստ էության, ապաքաղաքական էր, որովհետեւ մեկ ճամբարում հավաքվել էին սկզբունքներով ու գաղափարներով չափազանց տարբեր ուժեր, որոնց համախմբման միակ պատճառը կամ գործոնը գործող իշխանություններին ամեն գնով հեռացնելու նպատակն էր, որը նեկայացվում էր գաղափարաբանության, գոյաբանության համատեքստում։ Այս նպատակից դուրս նման ուժերի որեւէ համագործակցված հարաբերում դժվար է պատկերացնել, որովհետեւ դժվար է հավատալ, որ, ասենք, երկրապահ կամավորականները կամ ՀԺԿ-ն կարող են հավանություն տալ ՀՀՇ-ի՝ ԼՂ հակամարտության կարգավորման կամ տնտեսության լիակատար ազատականացման հարցերում դրսեւորած քաղաքական գծերին։ Իսկ կոնգրես, առավելեւս մեկ կուսակցություն դառնալու դեպքում շարժման մեջ ներգրավված քաղաքական ուժերը ստիպված պիտի լինեին հաշվի նստել այս իրողությունների հետ։ Դրան ներկայիս մաքուր ընդդիմությունն ուղղակիորեն պատրաստ չէր, եւ առաջարկները հնչեցնելիս դա հրաշալի հասկանում էր Տեր-Պետրոսյանը։

Երկրորդ՝ իշխանության արձագանքն ու թույլ տված սխալներն ինքնին ընդդիմությանը ստիպում են մնալ նախկին դիրքերում եւ շարունակել հավատալ շարժման ապագային։ Ընդդիմությունը ներկայումս բոլոր ռեսուրսներն օգտագործում է` ապացուցելու, որ իշխանությունը ոչ թե օբյեկտիվ իրականությունց ելնելով է ինչ-ինչ նախաձեռնություններ ցուցաբերում, այլ պարզապես սեփական կաշին փրկելու համար։ Ու քանի դեռ իշխանությունը թոզ է փչում ամբողջ հասարակության աչքին, շարժումը կենսունակ է։ Այս մոտեցումը հիմնավորելու համար ընդդիմությունն իսկապես փաստարկներ ունի։ Նախ` փոխանակ իրագործելու «քաղաքական բանտարկյալներին» ազատ արձակելու ԵԽԽՎ պահանջը, նորանոր մարդիկ են հայտնվում ոստիկանության բաժիններում, ԵԽԽՎ պահանջների կատարման առաջարկություններ մշակելու համար ՀՀ նախագահին կից աշխատանքային խումբ է ձեւավորվում՝ գործնականում առանց ընդդիմության ներգրավման, հաշվի չեն առնվում «Ժառանգություն» կուսակցության՝ խորհրդարանական 7 հոգանոց ընդդիմության այլընտրանքային առաջարկությունները։ Ավելին` քաղաքական գործընթացներում ընդդիմության դերակատարությունն ավելացնելու խնդիրը լուծվում է խորհրդարանական անիմաստ մշտական հանձնաժողովների ստեղծմամբ՝ դրանով ընդամենը քանակական խնդիր լուծելով եւ այլն։ Իշխանությունն իսկապես ընդդիմությանը մղում է մնալու շարժման մարտավարությանը՝ այդպիսով բացարձակապես չլուծելով հասարակական պառակտվածության չեզոքացման խնդիրը։

Բոլոր դեպքերում ընդդիմության ներսում անորոշության մթնոլորտն այլեւս տեսանելի է։ Այն փաստը, որ շարժումը հայտարարում է հունիսի 20-ին մեծ հանրահավաք անցկացնելու մասին, դեռ չի նշանակում, որ ընդդիմությունը գործում է պլանավորված, ինչպես ընտրություններից առաջ եւ ընթացքում։ Ընդհակառակը, եթե ուշադրություն ենք դարձնում հանրահավաքի հրավիրման ժամանակահատվածին, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Բանն այն է, որ դա համընկնում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նախօրեին, երբ, երեւի թե հետընտրական գործընթացների հետ կապված Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մակարդակը ստուգելու նպատակով, Երեւանում կլինեն մոնիթորինգային խմբեր։ Այդ հանրահավաքով ընդդիմությունը կփորձի ապացուցել, որ իրականում իշխանությունը ոչինչ չի ձեռնարկել 1609 բանաձեւի պահանջները կատարելու համար։ Եվ եթե նկատի ունենանք, որ խնդիրը եվրոպացիների կողմից ընկալվում է ոչ թե այդ պահանջները կատարված իրողություն տեսնելու, այլ ընդամենը դրանց ընթացք տված լինելու տեսանկյունից, ապա հասկանալի է դառնում, որ այդ հանրահավաքով ընդդիմությունը շատ քիչ արդյունքների հասնելու ակնկալիք կարող է ունենալ։

Նման տեսակետը հիմնավորվում է նաեւ մեկ այլ փաստով։ Գործնականում ԵԽԽՎ-ն այդ նույն 1609 բանաձեւով ընդդիմությանն ուղղակիորեն պարտադրում է հաշտվել ընտրությունների արձանագրված արդյունքների հետ՝ նրան հորդորելով ճանաչել այդ մասին ՍԴ որոշումը կամ այն բողոքարկել Եվրադատարանում։ Պատահական չէ, որ ընդդիմությունը չի շտապում կատարել այս պահանջ-առաջարկությունը թե՛ ՍԴ որոշումը ճանաչելու, եւ թե՛ Եվրադատարան դիմելու առումներով։ Խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ նա կարող է պարտվողի դերում հայտնվել։ ՍԴ որոշման ընդունումն ուղղակիորեն կնշանակի լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի ընտրությունը, իսկ Եվրադատարան դիմելու դեպքում վստահ չէ, ավելի ճիշտ` գրեթե համոզված է, որ վերջինս ավելի շատ քաղաքական վճիռ կկայացնի՝ փրկելու համար եվրոպական դիտորդների, որ նույնն է՝ Հայաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության դեմքը։ Չի կարելի բացառել, որ տակտիկական նկատառումներից ելնելով` Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երբեք Եվրադատարան չեն դիմի։

Սակայն, սա չի խանգարում ընդդիմությանն աստիճանաբար փոշիացնել իր հասարակական վստահության ռեսուրսները։ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են։ Ելնելով նրա այս թեզից՝ ընդդիմությունը ներկայումս հենց այդ էլ պահանջում է իշխանությունից՝ շատ լավ հասկանալով, որ դա անընդունելի է վերջինիս համար։ Դա անիրատեսական է նաեւ այն պատճառով, որ ներկայիս իրավիճակում համապետական երկու արտահերթ ընտրություններ անցկացնելն ուղղակի կաթվածահար կարող է անել ողջ պետական-հասարակական համակարգը, եւ դրան ո՛չ իշխանությունը, ո՛չ քաղաքական համակարգը, ո՛չ էլ հասարակությունը հիմա պատրաստ չէ։

Սակայն դա չէր խանգարում ուշադրությունը կենտրոնացնել արդեն մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա։ Հենց ընդդիմության քթի տակ, նրա բացահայտ անտարբերության ներքո մայրաքաղաքի մի քանի համայնքներում տեղի ունեցան թաղապետի ընտրություններ, որոնցում առաջադրվել էր մեկական թեկնածու, եւ գրեթե բոլորն էլ` ՀՀԿ-ից։ Այդ անտարբերության հետեւանքով ընտրություններն անցան այնքան թափանցիկ ու ժողովրդավարական, որ կարելի էր կարծել, թե ետ են եկել 1970-ականների լճացման բարի ժամանակները։ Դա, այսպես կոչված, «մեծ պատառների» քաղաքականության հետեւանքն էր, որը ներկայիս ընդդիմությունը կամ նրա լոկոմոտիվը հանդիսացող ՀՀՇ-ն սկսեց 2007 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցության կեսից հրաժարվելով։ Սա, իսկապես, լուրջ սայթաքում էր։ Ընդդիմությունը կորցրեց ոչ միայն հանրության զգոնությունը, իր ետեւից գնալու վերջինիս պատրաստակամությունը չափելու շատ լավ հնարավորությունը, այլ նաեւ լոկալ հաղթանակների միջոցով քաղաքական գործընթացների վրա ազդելու լծակներ ձեռք բերելու հնարավորությունը։

Ի դեպ, 1609 բանաձեւով նախատեսվող՝ քաղաքական գործընթացներում ընդդիմության դերակատարությունը մեծացնելը միայն իշխանության խնդիրը չէ։ Որովհետեւ դրանում առաջին հերթին պետք է շահագրգռված լինի ընդդիմությունն ինքը։ Իսկ ՏԻՄ ընտրություններն այն լավագույն միջավայրն էր, որտեղ կարող էր տեղի ունենալ իշխանություն-ընդդիմություն սպասված երկխոսությունը։ Ավելին` դա, թերեւս, այդ երկխոսություն կոչվածի ամենաճիշտ ու նպատակային ձեւաչափը պիտի լիներ, որովհետեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները կարող են ուղղված լինել միայն բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե իշխանական առանձին աթոռներն ընդդիմությանը զիջելու ոչինչ չտվող, ավելին՝ ընդդիմությանը հեղինակազրկող քայլերին։ Ի դեպ, հենց այս հարցում երկկողմանի սխալ ընկալման արդյունքում վակուում առաջացավ ընդդիմադիր դաշտում, ինչն էլ պարարտ հող ստեղծեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու եւ դաշտը երկու բեւեռների բաժանելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter