HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Անպարտելի Բեկորը

«Եթե զինվորից սկսած մինչեւ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով...»,- ասում էր Արցախի լեգենդար հերոս, առաջին վաշտի հրամանատար Բեկորը, որի համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

Այս համոզմունքով է պատերազմի տարիներին առաջնորդվել Բեկոր անունը ստացած Աշոտ Ղուլյանը, որին ճանաչում է արցախյան պատերազմի գոնե մեկ դրվագի ծանոթ յուրաքանչյուր մարդ: Ճակատագիրը նրա վրա բազում պարտականություններ էր դրել, որոնք նա բարեխղճորեն կատարեց իր կարճատեւ կյանքի` 33 տարիների ընթացքում: «Դժվարություններով ու հոգսերով լի էր Աշոտի կյանքը»,-ասում է այրին` Նելլի Ղուլյանը, ու մեկ առ մեկ հիշում Աշոտի հետ ապրած 7 տարիների բոլոր պահերը:

1985-ին են ամուսնացել Աշոտն ու Նելլին, որոնց ընտանիքները մինչ այդ տարիներ շարունակ ընկերություն էին անում: Մեկ տարի անց ծնվեց նրանց առաջնեկը` Արթուրը, իսկ 1989-ին` Հմայակը: Ցավոք, երրորդ որդուն Աշոտը չհասցրեց տեսնել: Նա ծնվեց 1993-ին` Աշոտի զոհվելուց հետո: Նրան մայրը կոչեց հոր մարտական անունով` Բեկոր: Փոքրիկ Բեկորը հերոս հորը ճանաչում է մոր, հարազատների, բարեկամների եւ ընկերների պատմածով միայն: Նա, ի տարբերություն ավագ եղբայրների, հնարավորություն չի ունեցել շփվել, գորգի վրա «կռիվ տալ» հոր հետ, ամեն մարտից առաջ «հաջող» ասել հորը:

«Երեխաներին շատ էր սիրում: Ամեն անգամ, երբ մի մարտից մյուսն էր գնում, տուն էր գալիս կարճ ժամանակով եւ, հանգստանալու փոխարեն, երեխաների հետ հատակին մեկնված` գորգի վրա խաղում էր, կատակում, ուրախանում: Մարտից առաջ միշտ մտնում էր տուն, որ երեխաները հաջող ասեն»,- հիշում է Նելլին, ու աչքերն իսկույն արցունքոտվում են:

«Խոջալուի ազատագրումից մի քանի օր հետո երկու օրով տուն գնաց: Երբ տնից եկավ, պատմում էր, թե երեխաների հետ ինչ խաղեր են արել: Պատմում էր ու երեխայի նման ծիծաղում` անկեղծ ու վարակիչ ծիծաղով: Երեխաները նրա Աստվածն էին, եւ նրանց յուրաքանչյուր արտահայտություն Աշոտի համար խորհրդավոր իմաստ ուներ: Ժամանակի սղության պատճառով այնքան հազվագյուտ էր շփվում երեխաների հետ, որ նրանց ամենասովորական իսկ արտահայտությունը նրան գյուտ էր թվում»,- գրում է մարտական ընկեր Արմեն Դանիելյանը Բեկորի մասին իր գրքում:

Կինն ասում է, որ Արցախյան շարժումն իրենց ընտանիքի համար սկսվել էր դեռեւս 1987-ին, երբ սկսվեց գաղտնի ստորագրահավաքը, որի ակտիվ մասնակիցներից էր նաեւ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ սկսվեցին ցույցերը, սակայն Աշոտը, ինչպես կինն է պատմում, միշտ ասում էր, որ ցույցերով հարցը չի լուծվի: Այդ օրվանից նա սկսեց մտածել զենք ձեռք բերելու մասին:

Բարձրագույն կրթություն չունեցող, երիտասարդ տարիներին դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ աշխատած Աշոտը ընկերների աջակցությամբ սկսում է ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգ հրացաններ պատրաստել: Նրա ստեղծած առաջին զենքը 16 գծանի կարճափող հրացանն էր: «Քանի~-քանի~ անգամ է նա այդ ինքնաշեն զենքերի փորձարկման ժամանակ վիրավորվել: Մեր երկրորդ երեխայի ծնվելու օրը նա կրկին վիրավոր պառկած էր Եղվարդի հիվանդանոցում: Երբ լուրը լսեց, եկավ Ղարաբաղ` ձեռքն ու կոկորդը կապած»,-պատմում է կինը: Ամեն անգամ վիրավորվելիս մինչեւ վերջ չի մնացել հիվանդանոցում, մի քիչ ապաքինվելուց հետո շտապել է մարտական ընկերների մոտ:

Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին` Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն...

Արմեն Դանիելյանն ասում է, որ նախաձեռնող, համարձակ, վճռական, խիզախ ու հնարամիտ Աշոտը շատ հոգատար էր վաշտի բոլոր տղաների նկատմամբ, նույնիսկ նոր միացած տղաներին չէր ուզում մարտի տանել` ասելով. «Ռիսկ չեմ անում նրանց կյանքն էլ վտանգել»:

«Ամեն անգամ մարտի դաշտ գնալուց առաջ Աշոտը հավաքում էր տղաներին, բացատրում անելիքը: Եվ երբ գնում էր մարտի, բոլորը հավատում էին, որ Բեկորը հաղթանակով է վերադառնալու, Բեկորը բոլորի համար անպարտելի էր: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա որեւէ հանձնարարություն ստացած լիներ ու առանց մինչեւ վերջ կատարելու վերադառնար»,- նշում է մարտական ընկերը:

Իսկ մարտերի գագաթնակետը, ինչպես ասում է Աշոտի կինը, Շուշիի ազատագրումն էր. «Նա դեռեւս շարժման սկզբից, մարտական գործողությունները չսկսված, երբ կանխազգում էր պատերազմի անխուսափելիությունը, միշտ խոսում էր Շուշին ազատագրելու անհրաժեշտության մասին: Ու այդ մասին շատ հանգիստ ու համոզված էր խոսում»:

1992-ին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտնում քաղաք: Ասում են, որ մայիսի 8-ի առավոտյան 6-ն անց 30-ին Աշոտը հեռակապով կապվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) հետ` Կենտրոնական շտաբ, եւ հաղորդում, որ հայտնեն ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարին, որ ինքը նստած է Շուշիի բերդի պատին ու սպասում է տղաների բարձրանալուն: «Մինչեւ մի քանի րոպեն մտնում եմ քաղաք»,- ավելացել էր Բեկորը:

Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռեւս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում: 5-ից 4-ի անունը Աշոտ էր եւ, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ: Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր:

1992 թ. օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ Բեկորի համար...Գնդակն այս անգամ մահացու էր:

«Աշոտը շատ էր սիրում ճամփորդել, աշխարհ տեսնել, ծով...Հենց նույն տարվա օգոստոս ամսին նախատեսված էր նրա այցը արտասահման, որտեղ պետք է այցելեր արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ուսումնասիրեր այդ երկրների ռազմական փորձը, նրանց կարողություններն ու հնարավորությունները` Ղարաբաղյան պատերազմում ներգրավման համար: Սակայն, այս անգամ գնդակը խլեց նրա կյանքը»,- արցունքոտ աչքերով պատմում է Նելլին:

Հոր` ճամփորդության հանդեպ սերը փոխանցվել է Հմայակին, ով ներկայումս սովորում է Հունաստանի Սալոնիկ քաղաքի ռազմաբժշկական ակադեմիայում: Բեկորի ավագ որդին` Արթուրը, ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ այժմ ծառայում է Ղարաբաղի պաշտպանության բանակում: Կրտսեր որդին` Բեկորը, փոխադրվել է 10-րդ դասարան: Նա էլ ուզում է շինարար դառնալ:

Արցախի հերոսի որդիները եւ կինը մի նպատակ էլ ունեն, որի մասին, ինչպես կինն է հավաստիացնում, բարձրաձայնում է առաջին անգամ. Շուշիում Բեկորի անունը կրող փողոցում նրա ընտանիքը մի հողամաս է վերցրել, որտեղ նպատակ ունեն թանգարան կառուցել` Բեկորի եւ նրա վաշտի տղաների մարտական ուղու մասին նյութերը պահպանելու համար: Աշոտի կինը հուսով է, որ այդ գործում աջակցություն կգտնի: Իսկ հետագայում նա նպատակ ունի ամուսնու զոհված վայրում եկեղեցի կառուցել:

Նելլին վստահ է, որ եթե ինքը չհասցնի բոլոր նպատակներն իրագործել, որդիները կանեն: «Թանգարանի հարցը չպետք է շատ ուշացնել, քանի դեռ վաշտի տղաները կան, եւ հիշողությունները դեռ թարմ են»,- ասում է Նելլին:

Տարիներ առաջ մարտերի միջեւ դադարի ժամանակ Բեկորն ասել է մարտական ընկերներին. «Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter