HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիչարդ Կիրակոսյան. «Չափազանց երկար ժամանակ է, ինչ Թուրքիան գտնվում է Ադրբեջանի «պատանդի» կարգավիճակում»

Ռիչարդ Կիրակոսյանը` քաղաքական եւ անվտանգության հարցերով վերլուծաբան, պատասխանում է «Հետքի» հարցերին` Հարավային Կովկասում ծավալված իրադարձությունների եւ թուրք-հայկական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ

- Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Օսիայի անկախությունը: Միացյալ նահանգները եւ Եվրոպան, բնականաբար, մեծ արշավ կսկսեն Ռուսաստանի դեմ: Բայց Ռուսաստանն այլեւս չի ուզում զիջման գնալ: Աշխարհում կարծես թե ստեղծվում է նոր իրավիճակ: Ղարաբաղյան խնդիրն այս համատեքստում, Ձեր կարծիքով, ի՞նչ լուծում կարող է ստանալ: Հնարավո՞ր է այս փուլում խոսել Ղարաբաղի անկախության մասին: Ռուսաստանը կարո՞ղ է դրդել Ղարաբաղի իշխանությանը անել նույնը, ինչ արեցին Աբխազիայի եւ Օսիայի իշխանությունները:


- Ռուսաստանի` վերջերս կայացրած որոշումը` ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, հարկ է ընկալել որպես մի որոշում, որն առնչվում է Վրաստանի եւ Միացյալ նահանգների նկատմամբ ռուսական քաղաքականությանը եւ նպատակ չի հետապնդում պարզապես հաստատել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնորոշման իրավունքը: Փաստորեն, Ռուսաստանն արդեն գաղտնի կերպով հավատացրել է Ադրբեջանին, որ, անկախ իր այս որոշումից, Մոսկվան շարունակում է ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ռուսաստանը նաեւ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը եզակի դեպք է եւ էականորեն տարբերվում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի մոդելներից: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը նույնիսկ հասարակայնորեն պնդել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հուլիսին (Մեդվեդեւի` Բաքու կատարած այցի ժամանակ) կնքված «համաձայնագիրը», որով Ռուսաստանը խոստանում է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միեւնույն է, ուժի մեջ կմնա:

Այսպիսով, չնայած ղարաբաղյան հիմնախնդրի հետ ունեցած իր ակնհայտ կապին, որի դեպքում Ռուսաստանի որոշումը կարծես սատարում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, ավելի լայն տեսանկյունից նայելով` այս որոշման նշանակությունը սահմանափակ է: Ռուսաստանը նաեւ հստակ ընդգծել է, որ իր որոշումը չի նշանակում, թե Մոսկվան կճանաչի նաեւ Ղարաբաղի անկախությունը: Եվ ես զգում եմ, որ Հայաստանի համար դեռ չափազանց վտանգավոր եւ վաղաժամ է լինել Ղարաբաղի անկախությունը ճանաչող առաջին պետությունը, գոնե մինչեւ մեկ այլ երկիր առաջինը չճանաչի այն:

Ավելին, որոշման հիմքերն ընկած են ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության ավելի ընդգրկուն խնդրում: Արեւմուտքը հիմա փորձում է պատասխանել Ռուսաստանի այս քայլին, որն անսպասելի էր Արեւմուտքի շատ ղեկավարների համար: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն արդեն քննադատել է այս որոշումը եւ զգուշացրել, որ այդ քայլը չի ընդունվելու ՄԱԿ-ի կողմից` ավելացնելով, որ Վաշինգտոնն օգտագործելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր անդամակցությունը` փորձելու փակուղու մեջ դնել ճանաչման հաստատումը ՄԱԿ-ում:

Այս խնդիրը միայն ավելի է սրել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունը, ինչպես ցույց տվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պատասխանը, որը դիմեց Մոսկվային` վերանայելու նրա որակմամբ «անպատասխանատու որոշումը», ավելացնելով, որ «այն միայն ուժգնացնում է լարվածությունները եւ բարդացնում դիվանագիտական բանակցությունները»: Իր հերթին, Եվրամիությունը նույնպես ասել է, որ կքննի Ռուսաստանի որոշման «հետեւանքները»: Սեպտեմբերի 1-ին` երկուշաբթի, Եվրամիությունը պատրաստվում է հրավիրել արտահերթ գագաթնաժողով, որտեղ, թերեւս, կրկին կհնչի ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի քննադատությունը:

Բայց Ռուսաստանը խստորեն պաշտպանեց իր որոշումը, եւ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանորդ Վիտալի Չուրկինը պնդեց, որ օգոստոսի սկզբին Վրաստանի հարձակումը Հարավային Օսիայի վրա ստեղծել էր «մի ամբողջովին նոր իրականություն», ինչն էլ արդարացնում է Ռուսաստանի որոշումը: Լոնդոնում հրատարակվող «Ֆայնենշլ Թայմզ» պարբերականում տպագրված հոդվածում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ավելի ուշ ավելացրեց, որ ինքն այլընտրանք չուներ, բացի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը այն բանից հետո, որ չնայած Ռուսաստանի առարկություններին` ավելի վաղ այս տարի արեւմտյան երկրներն արդեն ճանաչել էին Կոսովոյի` Սերբիայից անկախանալու միակողմանի հռչակագիրը: Եվ եթե անկեղծ լինենք, Կոսովոյի խնդրի ամերիկյան լուծումն էր, որ ճանապարհ հարթեց եւ նախադեպ ստեղծեց այս քայլի համար, անկախ նրանից` ԱՄՆ-ին սա դու՞ր է գալիս, թե՞ ոչ: Կոսովոյի անկախությունը, որին սատարեց ԱՄՆ-ը, առաջացրեց ակնկալիքներ եւ փոխեց աշխարհաքաղաքական իրականությունը:

Բայց ամենից կարեւորն այն է, որ այս խնդիրն ունի մի հայեցակերպ, որը դեռ լիովին հաշվի չի առնվել: Հատկապես կցանկանայի նշել, որ որոշումը լիարժեք չէ, քանի որ, հավանաբար, Մոսկվան կանգ չի առնի միայն ճանաչմամբ եւ, ամենայն հավանականությամբ, Հարավային Օսիան կներգրավի հենց Ռուսաստանի Դաշնության կազմում` միացնելով այն Հյուսիսային Օսիային: Այս քայլի հավանականությունը նաեւ ամրապնդվում է օսական բնակչության մեծամասնության ռուսաստանյան քաղաքացիությամբ: Աբխազիայի դեպքը, այնուամենայնիվ, տարբերվում է Հարավային Օսիայինից: Աբխազիան ավելի կենսունակ է որպես անկախ պետություն` Ռուսատանի հետ շատ ավելի քիչ ընդհանրություններ ունենալով, եւ ավելի վճռական` պահպանել անկախ պետականությունը` այս կերպ բարդացնելով խնդրի լուծումը Ռուսաստանի համար:

- Ի՞նչ եք կարծում, ֆուտբոլային խաղը կդառնա՞ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման սկիզբ: Կօգտվե՞ն այդ շանսից նախագահներ Գյուլը եւ Սարգսյանը:

- Չնայած այսպիսի «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով հայ-թուրքական հարաբերություններում փոփոխության հնարավորությանը` ես կասկածում եմ, որ Թուրքիայի նախագահը կընդունի Երեւան գալու հրավերը: Ավելին, հրավերի խորհրդանշականությունն անգամ բավարար չէ` հաղթահարելու 3 հիմնական խոչընդոտները. Թուրքիայի մերժումը` ծավալել նորմալ դիվանագիտական հարաբերություններ, բացել Հայաստանի հետ փակ սահմանը եւ վերանայել Անկարայի համառ եւ ոչ հեռատեսական մոտեցումը հայոց ցեղասպանության խնդրում:

Թեեւ վերջերս երկու կողմերում էլ նկատվել են լավատեսական նշաններ, որոնք ի ցույց են դրվել Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային տարածքի քվոտայի մեղմացմամբ` հեշտացնելու Հայաստանով Վրաստան անցնող մարդասիրական օգնության հասանելիությունը եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի` օգոստոսի 16-ին Հայաստանին հաշտարար ուղերձի հղմամբ: Այս ուղերձում նշվում է, որ Թուրքիան «թշնամի չէ», եւ որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած հակամարտությունը հաստատում է «տարածաշրջանում սառեցված հակամարտությունների լուծման համար վաղ միջացառումների եւ «ապագայում ապակայունության կանխման» անհրաժեշտությունը: «Այսպես ենք մենք ընկալում բոլոր խնդիրները: Մենք թշնամի չենք տարածաշրջանում ոչ ոքի համար»,- նշեց Թուրքիայի նախագահը, նախքան կկրկներ Թուրքիայի առաջարկը` ստեղծել տարածաշրջանային ֆորում Կովկասում կայունություն հաստատելու համար:

Ի հավելումն, Շվեյցարիայում գաղտնի բանակցություններից հետո Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում պատմական շրջադարձի համար կա ոչ միայն հսկայական տեղ, այլեւ էլ ավելի մեծ անհրաժեշտություն: Բայց Գյուլի հաշտարարական խոսքերը չեղան երկկողմանի կապերի վերականգնման փորձի մի մասը, այլեւ պատասխանն էին այն հարցի, թե արդյո՞ք նա կընդուներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերին Երեւան գալու հրավերը: Եվ ինչպես նա ասաց իր պատասխանում, թե դեռ «ուսումնասիրում է հրավերը», ավելի հավանական է, որ սա կլինի «բաց թողնված հնարավորության» եւս մի օրինակ:

- Թուրքիայի եւ Հայաստանի հաշտությունը կարո՞ղ է Ադրբեջանին ստիպել գնալ զիջումների, ասենք` նավթի արտահանման այլընտրանքային ճանապարհ ընտրվի Հայաստանը` հաշվի առնելով Վրաստանի անկայուն վիճակը:

- Չափազանց երկար ժամանակ է, ինչ Թուրքիան գտնվում է Ադրբեջանի «պատանդի» կարգավիճակում, քանզի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը լուրջ սահմանափակումներ ունի Հայաստանի հետ իր հարաբերությունների տարբերակներն ընտրելու հարցում: Անկարան չափազանց երկար ժամանակ է ստիպված եղել հետեւել Բաքվի թելադրանքներին` որոշելու, թե Թուրքիան ինչ կարող է եւ ինչ չի կարող առաջարկել Հայաստանին: Շատ թուրք պաշտոնյաներ հիմա շատ դժգոհ են իրենց կախվածությունից եւ այս թուլությունից եւ փորձում են հավասարակշռել Ադրբեջանի հետ ավելի մոտ հարաբերություններ ունենալու իրենց ցանկությունը` միեւնույն ժամանակ գիտակցելով սահմանները բացելու եւ Հայաստանին ներգրավելու անհրաժեշտությունը: Բայց նույնիսկ ամենատարրական խնդիրը` փակ սահմանները բացելը, չափազանց դժվար լուծելի է Թուրքիայի համար, եւ ես այս շրջադարձի իրականացման համար հույսի կամ հնարավորության նշաններ չեմ տեսնում: Իսկ եթե սահմանների խնդիրը չի կարող լուծվել, էլ ավելի անհնար է թվում, թե Հայաստանը որեւէ նոր դերակատարություն կունենա որպես տարանցիկ ուղի Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ պլաններում:

- Կա՞ մի բան, որը կարող է ստիպել Ադրբեջանին հրաժարվել Ղարաբաղից:

- Արդեն շատերը կան ադրբեջանական կառավարությունում եւ նույնիսկ զինված ուժերում, ովքեր չեն տեսնում Լեռնային Ղարաբաղը հետ գրավելու իրական արժեքը: Եվ Բաքվում շատերը համարում են, որ իրենց ազգային շահերի տեսանկյունից Ղարաբաղի նշանակությունը սահմանափակ է: Այլ կերպ ասած` Ղարաբաղը չունի որեւէ տնտեսական կամ նույնիսկ ռազմական նշանակություն Ադրբեջանի համար: Բայց նրանք իրականում հետամուտ են երկու էական բանի. նախ` նրանք ցանկանում են մի բան ստանալ Ղարաբաղը կորցնելու փոխարեն, եւ երկրորդ` նրանք հուսահատորեն ձգտում են հետ ստանալ հենց ադրբեջանական տարածքները, որոնք դուրս են ընկնում ղարաբաղյան սահմաններից, որպեսզի վերականգնեն ռազմավարական տեսանկյունից անհրաժեշտություն հանդիսացող իրենց սահմաններն Իրանի հետ: Այնուամենայնիվ, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ Բաքվում առկա այսպիսի մտածելակերպը լայնորեն տարածված չէ եւ վտանգավոր է ադրբեջանական ուժեղ նացիոնալիզմի սպառնալիքի կամ պահանջների ներքո, քանզի այն արտացոլում է այն զգացողությունը, որ իր նավթային հարստության կուտակմանը զուգահեռ Ադրբեջանն այնքան էլ ուրախ չէ «կորցնել» Ղարաբաղը:

- Հնարավոր համարու՞մ եք այս պայմաններում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը:


- Ես հաստատապես հավատում եմ, որ Ադրբեջանը լուրջ սպառնալիք է դավում` Ղարաբաղը հետ գրավելու համար նոր պատերազմ սկսելու նպատակով: Իմ կարծիքով` այստեղ խնդիրն այլեւս այն չէ, թե արդյոք կլինի՞ ռազմական հարձակում Ադրբեջանի կողմից: Հարցն այստեղ այլ է` ե՞րբ է այն լինելու: Բայց, հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի վատ վիճակը, որը լրջորեն թուլացել է կաշառակերությունից եւ վատ պայմաններից, Ադրբեջանը առնվազն 8-10 տարի դեռ չի կարող համարվել լուրջ ռազմական ուժ:

Դեռ ավելին, չնայած 3 տարի շարունակ 1 միլիարդից ավելի ռազմական բյուջեի առավելություններին, Ադրբեջանը քիչ բանի է հասել ժամանակակից զինհամակարգեր ձեռք բերելու կամ ժամանակակից սարքավորումներ ներդնելու առումով: Ծառայության երեք ճյուղերից թե բանակը, թե օդուժը շարունակում են անտեսվել, ունեն պահեստամասերի շարունակական պակաս եւ առկա պահեստների վատ տնօրինում: Միակ բացառությունը եղել է ադրբեջանական նավատորմը, որը մեծապես բարելավել է իր կարողությունները: Այնուամենայնիվ, նույնիսկ նավատորմային ուժերի զարգացումը արդյունքն են ԱՄՆ Caspian Guard ծրագրի շրջանակներում ուսուցման եւ սարքավորումների տրամադրման, ինչը ուժեղացրել է թե Ադրբեջանի, թե Ղազախստանի ռազմական կարողությունները` փորձելով Կասպից ծովի ավազանում նավատորմի մակարդակը համապատասխանեցնել Իրանի եւ Ռուսաստանի մակարդակին:

Ադրբեջանական նավատորմի զարգացումը, այս թվում նաեւ նոր հաստատված եւ տպավորիչ ծովային հատուկ ուժերի զորամասը, ապահովել է Ադրբեջանի նոր կարեւոր հակազինատարածման կարողությունները` պայքարելու Կասպից ծովով զենքերի եւ, որ ամենակարեւորն է, թմրանյութերի թրաֆիքինգի դեմ: Բայց այն Ադրբեջանին չի տրամադրել ռազմական գործողություններ կատարելու կարողություններ, բացի ուժեղացված հրամանատարությունից, վերահսկողությունից եւ ռադարային հիմքով ծովային մակերեւույթի մոնիտորինգային համակարգից` այս կերպ զրկելով Ադրբեջանին իր ամենաարժեքավոր մրցանակից` իրական ուժի դրսեւորման կարողությունից: Ադրբեջանական նավատորմը, որն ավանդաբար եղել է զինված ուժերի հիմնական ծառայությունը, նույնպես չունի ուժի դրսեւորման կարղություններ եւ հեռու է մրցունակության նույնիսկ նվազագույն մակարդակին հասնելուց:

Բայց ժամանակն աշխատում է նրանց օգտին, եւ ապագայում այս տարածաշրջանում նրանց զարգացումը մինչեւ ամենաուժեղ զինուժը շատ եւ շատ լուրջ հավանականություն է: Եվ էլ ավելի մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանն այլ բան է տեսնում Վրաստանում տեղի ունեցած վերջին հակամարտությունում: Բազմաթիվ ադրբեջանցի բարձր պաշտոնյաներ հասկանում են, որ Վրաստանի լրջագույն սխալը ոչ թե Սահակաշվիլու` Հարավային Օսիայի վերագրավման համար ռազմական գործողություններ սկսելու որոշումն էր, այլեւ Վրաստանի ռազմավարական սխալը` ռազմական գործողությունները սկսել այն ժամանակ, երբ ինքը դեռ պատրաստ չէր դրանց:

Այսպիսով, ադրբեջանական տեսակետն այն է, որ նրանք դաս են քաղել Վրաստանի դեպքից. այն է` նրանց համար ավելի լավ է սպասել, մինչեւ իրենք կլինեն բավականին ուժեղ եւ պատրաստ` պատերազմ մղելու Ղարաբաղը հետ վերցնելու համար: Եվ սա վտանգավոր նշան է Բաքվի կողմից եւ մի զարգացում, որի հետ Երեւանն ու Ստեփանակերտը պետք է հաշվի նստեն եւ արձագանքեն, որպեսզի ապահովեն Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ: Հայաստանը տարածաշրջանի ամենագերակա զինուժն է, բայց այս գերակայությունը վտանգված է եւ կարող է միայն ժամանակավոր լինել: Հայաստանը պետք է հիմա քայլեր ձեռնարկի եւ արագացնի իր բարեփոխումները պաշտպանությունում` պատրաստ լինելու դիմակայել հավանական ավելի հզոր ադրբեջանական ռազմական ուժին գալիք 8 - 10 տարիների ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter