HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Առանց նախապայմանների

«Անկախ նրանից` դա մեզ դուր է գալիս, թե ոչ, գոյություն ունի աշխարհագրական, ինչպես նաեւ պատմական իրականություն. Հայաստանը մեր հյուսիսարեւելյան հարեւանն է, եւ հայ ժողովրդի հետ մենք կիսել ենք դարերի պատմությունը եւ մշակութային փոխգործակցությունը»,- գրում է Յուսուֆ Քանլին Turkish Daily News-ում:

Նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու կողմերի շահերից էլ, նա ավելացնում է. «Ինչպե՞ս կարող է Թուրքիան լինել «տարածաշրջանային ուժ», եթե այն շարունակում է խնդիրներ ունենալ տարածաշրջանի որոշ երկրների հետ: Ինչպե՞ս կարող է Թուրքիան, փորձելով կառուցողական դեր խաղալ Մերձավոր Արեւելքում, Վրաստան-Ռուսաստան ճգնաժամումգ, շարունակել արհամարհել իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունը»:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այսօր Անկարան ավելի շատ է շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ: Ինչպես նշում են թուրք վերլուծաբանները, դա են ստիպում նոր քաղաքական իրողությունները, որ ձեւավորվել են տարածաշրջանում: Թուրք վերլուծաբան Բարչին Յինանչի համոզմամբ` Թուրքիայում որոշում իրականացնողները, կարծես թե, եկել են այն եզրակացության, որ Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային համագործակցության ծրագրերից նրան բացառելու միջոցով «Հայաստանին նետել է ռուսների ձեռքը»: «Վերջին իրադարձությունների համատեքստում Թուրքիան հակված է խուսափել բեւեռացումից, որի մի կողմում Ռուսաստանն ու Հայաստանն են, մյուս կողմում` Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը»,- գտնում է վերլուծաբանը:

«Թուրքիան, որպեսզի բարելավի իր ազդեցությունը Կովկասում, ծրագրում է ավելի դինամիկ արտաքին քաղաքականություն վարել,- գրում է Օրալ Չալիշլարը,- Թուրքիայի կողմից այս կուրսի քաղաքական հիմնասյուներից մեկը Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալն է, քանի որ Թուրքիան ընկերական կապեր ունի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ նույն տարածաշրջանում»: Չալիշարի կարծիքով` թեեւ թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները փակուղում են ցեղասպանության քննարկումների պատճառով, ավելի ճիշտ կլիներ ասել, որ իրական խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունն է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, տարածաշրջանի պետություններում շատ քաղաքական ուժեր հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման դեմ: Թուրքիայում ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական կուսակցության» առաջնորդ Դենիզ Բայկալը, ինչպես նաեւ «Ազգայնական Շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին հանդես եկան Գյուլի այցը քննադատող հայտարարություններով: Ըստ թուրքական մամուլի` կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները ստիպված էին չեղյալ հայտարարել ֆուտբոլային հանդիպման ժամանակ նախագահին ընկերակցելու իրենց ծրագրերը, որպեսզի ընդդիմությանը հնարավորություն չտան օգտագործել այդ այցելությունը որպես կառավարությանը քննադատելու լծակ:

Գյուլի` Երեւան այցելությունը քննադատող հայտարարությամբ հանդես եկան նաեւ Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագին եւ «Մուսավաթ» կուսակցությունը:

Հայաստանում այս հարցում ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերեցին: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն-Տեր Պետրոսյանը եւս մեկ անգամ ողջունեց Գյուլին Հայաստան հրավիրելու քայլը: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, ճիշտ է, վերահաստատեց Գյուլին օդանավակայանում բողոքի ակցիաներով դիմավորելու իր մտադրությունը, այնուամենայնիվ, նշեց, որ դրանք կլինեն «քաղաքակիրթ» ակցիաներ: Ամենակարեւոր հարցը, սակայն, որ այսօր հուզում է բոլորին Թուրքիայում, Հայաստանում եւ Ադրբեջանում, այն է, թե արդյոք Գյուլի այցը Հայաստան որեւէ դրական տեղաշարժի կհանգեցնի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Ամենաառաջին քայլը, որ կարող է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայ-թուրքական 325 կմ-անոց սահմանի բացումն է եւ երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս հարցում Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի տեսակետները համընկնում են: Այսինքն` Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը այսօր ավելի քան իրական է թվում, հատկապես վերջին շրջանի տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը, սակայն, այնքան էլ լավ չի ընդունվում հարեւան Ադրբեջանում: Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի կարծիքով` հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կշահի միայն Հայաստանը, քանի որ հենց փակ սահմաններն են Թուրքիայի եւ Ադրբեջանի միակ խաղաքարտը «օկուպացված տարածքների եւ այսպես կոչված «ցեղասպանության» ճանաչման հարցում Թուրքիայի հանդեպ ճնշումների հայկական խաղաքարտերի դեմ», եւ այսօր «Թուրքիան ինքը կարող է իր իսկ ձեռքով այդ խաղաքարտերը տալ հայերին»:

«Մուսավաթ» կուսակցության համոզմամբ` այն իրավիճակում, երբ Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի հանդեպ ուժեղացրել է Հայաստանի փաստացի շրջափակումը, այս երկրի հանդեպ Թուրքիայի ժեստերը, ինչպես եւ պետության ղեկավարի մակարդակով այցելությունը բացասաբար կազդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Քաղաքագետ Լեյլա Ալիեւան, իր տարակուսանքը հայտնելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առթիվ, այնուամենայնիվ նշում է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության սկիզբը ուղղակիորեն կազդի Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ուժեղացման վրա, իսկ դա կնշանակի Հայաստանի հանդեպ Ռուսաստանի ազդեցության աստիճանական սահմանափակում: Քաղաքագետը ենթադրում է, որ դրանից հետո Հայաստանն ավելի զիջող կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մինչդեռ քաղաքագետ Հիքմեդ Հաջիզադեի կարծիքով` Ռուսաստանի հետ համեմատած` Թուրքիան չունի այն պոտենցիալը, որպեսզի իր կողմը քաշի Հայաստանին, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանն ամենեւին էլ չպետք է հույս դնի ղարաբաղյան հարցում հայերի կառուցողական դիրքորոշման վրա:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը «Day.az»-ին տված իր հարցազրույցում կարծիք է հայտնում, որ Երեւանում ֆուտբոլային խաղին ներկա գտնվելը պայմանավորված է նրանով, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը որոշակի կետում համընկել են, եւ դրանում չկա բուն Հայաստանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կոմպոնենտը: «Տեղի ունեցող իրադարձությունները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա»,- եզրակացնում է Գ. Վանյանը:

«Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության նախկին խորհրդական, թուրքագետ Գրիգոր Հարությունյանը տարածաշրջանի գործընթացներում ներգրավվելու Թուրքիայի նախաձեռնությունը պայմանավորում է ոչ միայն տարածաշրջանային վերջին զարգացումներով, այլեւ նրանով, որ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այսօր փորձում է արտաքին ուժերից` մասնավորապես ԱՄՆ-ից ինքնուրույն քաղաքականություն վարել: Ըստ թուրքագետի` իշխող կուսակցությունը Թուրքիան ընկալում է որպես տարածաշրջանային գերտերություն: Դրա մասին են վկայում մասնավորապես վերջին տարիներին տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնելու Անկարայի փորձերը, Իրանի հետ համագործակցությունը գազի ոլորտում, եւ սա` ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա դրված էմբարգոյի պայմաններում: Գ. Հարությունյանը մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացումը լրիվ իրական է համարում: Թուրքագետն առանձնացնում է այն առավելությունները, որոնք ձեռք կբերի Հայաստանը սահմանի բացման դեպքում: Այսպես, Թուրքիան նախեւառաջ այլընտրանքային ուղի կարող է դառնալ Հայաստանի համար, հատկապես եթե հաշվի առնենք, թե որքան խոցելի է Վրաստանը Հայաստանի համար որպես տարանցիկ երկիր: Մյուս առավելությունը, ըստ նրա, կլինի գների իջեցումը, քանի որ Վրաստանի տարածքով տարանցման պայմաններում Հայաստան ներկրվող ապրանքները, ըստ որոշ հաշվարկների, թանկանում են մոտ 40 տոկոսով: Եվ վերջապես, հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիայի հետ կապերը ակտիվացնելու եւ դրանք հետագայում խորացնելու լավ հնարավորություն է:

«Սահմանի բացման դեպքում շուտով անխուսափելիորեն կծագեն հյուպատոսական խնդիրներ, եւ կառաջանա հյուպատոսություն բացելու անհրաժեշտություն: Չի բացառվում, որ դրանից հետո երկու պետությունների միջեւ հաստատվեն նաեւ դիվանագիտական հարաբերություններ: Սահմանի բացումն, անշուշտ, կնպաստի քաղաքական հարաբերությունների զարգացմանը»,- նշում է թուրքագետը: Իսկ որպես բացասական հետեւանք «արդարացված է նաեւ մտավախությունը, որ վտանգվում է Հայաստանի տնտեսությունը` ենթարկվելով հնարավոր թուրքական տնտեսական էքսպանսիայի»: Գ. Հարությունյանը չի ընդունում տարածված այն տեսակետը, թե Հայաստանը Թուրքիայի համար որեւէ կարեւորություն չի ներկայացնում եւ վերջինիս ոչինչ չունի տալու: Ըստ նրա` Թուրքիայի նման պետությունն այսօր ունի էլեկտրաէներգիայի պակաս, իսկ Հայաստանը կարող է էլեկտրականություն վաճառել Թուրքիային: Վերջին հաշվով, ըստ թուրքագետի, Հայաստանը եւս կարող է տարանցիկ երկիր դառնալ Թուրքիայի համար:

Գ. Հարությունյանի կարծիքով` Ադրբեջանի հետ Թուրքիայի հարաբերությունները պետք է որ չխոչընդոտեն Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն. «Եթե Թուրքիան հետ կանգնի Հայաստանի հետ համագործակցությունից Ադրբեջանի պատճառով, ապա ավելորդ է դառնում Հայաստանի մասնակցությունը Խաղաղության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմին, քանի որ դա կստանա ձեւական բնույթ եւ կհակասի Թուրքիայի կողմից առաջ քաշված այս ծրագրի նպատակներին ու խնդիրներին»:

Պլատֆորմի ձեւավորման դեպքում մասնագետը իրական է համարում հայ-թուրքական համագործակցությունը տարբեր բնագավառներում, սակայն գտնում է, որ ավելի բարդ է հայ-ադրբեջանական համագործակցության խնդիրը, քանի որ այդ համագործակցության շրջանակներում Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու խնդիր կառաջա:

Գ. Հարությունյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների դեպքում կարեւորը քարը տեղից շարժելն է. «Կարեւորը կապը ստեղծելն է: Մյուս բոլոր խնդիրները աստիճանաբար իրենց լուծումը կգտնեն: Միայն անհրաժեշտ է, որ երկու կողմերը փոխադարձ քայլեր անեն` առանց դրանք բարի կամքի դրսեւորում համարելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter