HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչու՞ էր անհրաժեշտ Տիգրան Թորոսյանի հրաժարականը

Այն բանում, որ Տիգրան Թորոսյանը երկրորդ անգամ պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի մասին, եւ որ չնայած ունեցած ցածր ժողովրդականությանը եւ խորհրդարանական գործունեությունից բացարձակ անտեղյակությանը, նորընտիր պատգամավոր Հովիկ Աբրահամյանը կդառնա ԱԺ նախագահ, որեւէ կասկած չի կարող լինել։

Սակայն այս փոփոխության հետ կապված երկու հարց, այնուամենայնիվ, մնում է անպատասխան. առաջին՝ ինչու՞ այն տեղի ունեցավ եւ տեղի ունեցավ հենց այս կերպ, երկրորդ՝ ի՞նչ հետեւանքներ այն կթողնի քաղաքական-հասարակական գործընթացների վրա։

Շոուն անհրաժեշտ էր ճնշումն ուժեղացնելու համար

Ակնհայտ էր, որ ամեն ինչ արվեց Տիգրան Թորոսյանին հեռացնելու խնդիրը հրապարակայնորեն լուծելու համար։ Այդ հարցում ցուցաբերված հետեւողականությունը, համառությունն այնպիսի դրսեւորումներ էր ունենում, որ Տիգրան Թորոսյանի համար նույնիսկ անձնական վիրավորանքի մակարդակի էր հասնում։ Նախ՝ Աժ տանող ճանապարհին վերացվում էին Հովիկ Աբրահամյանի առջեւ ծագող բոլոր հնարավոր ու անհնար խոչընդոտները: Այդ գործընթացը հենց սկզբից ուղեկցվում էր ԱԺ նախագահի աթոռին նրան նստեցնելու տրամադրվածության մասին տեղեկատվության ակտիվ արտահոսքով։ Որ այդ ամենը կատարվում էր ի հեճուկս Տիգրան Թորոսյանի, ցույց տվեց նաեւ մոտ երկու ամիս առաջ հատուկ այդ նպատակով հրավիրած ասուլիսի ընթացքում վերջինիս դրսեւորած խիստ ջղաձիգ կեցվածքը։ Այդ ամենը դեռ կարելի կլիներ մի կերպ կուլ տալ, եթե չլիներ ամենավերջին եւ ամենաուժեղ հարվածը. ՀՀԿ-ն, որի հիմնադիրներից մեկն է Տիգրան Թորոսյանը, որին նա իր գրեթե ողջ գիտակցական կյանքն էր նվիրել, ուղղակի հայտարարում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարումը համարում է աննպատակահարմար, ընդ որում՝ չներկայացնելով որեւէ հիմնավորում, պատճառաբանություն։ Ամենավիրավորականն այն էր, որ այդ պաշտոնը Թորոսյանը մեկ-երկու տարի չէ, որ ղեկավարում էր։ Սակայն այդ ամբողջ ընթացքում ո՛չ հարազատ կուսակացության, եւ ո՛չ էլ իշխանության մաս կազմող որեւէ այլ քաղաքական ուժի մտքով անգամ չէր անցել նրա պաշտոնավարումն աննպատակահարմար համարելու փորձ կատարել։ Այսինքն՝ դա հասունացած դժգոհության, անբավարարվածության արդյունք չէր։

Այս իմաստով ՀՀԿ խմբակցությունից եւ ընդհանրապես կուսակցությունից դուրս գալու Տիգրան Թորոսյանի կայացրած որոշումը, որը, ինչ խոսք, ամենաարժանապատիվ քայլն էր, ուներ հիմնականում անձնական մոտիվացիա։ Իսկապես, եթե նա չդիմեր այդ ծայրահեղ քայլին եւ որդեգրեր հարմարվողականության այն նույն կեցվածքը, որով առանձնացան նրա կուսակցական ընկերները, կորցնելով հեղինակությունը՝ նա վերջնականապես կվերածվեր «քաղաքական դիակի»։

Ամեն ինչից երեւում էր, որ «Հովիկ Աբրահամյան-Աժ նախագահ» օպերացիան այսպես իրականացվեց՝ հենց Տիգրան Թորոսյանի վրա անհաղթահարելի ճնշում գործադրելու նպատակով, ինչը նրան կզրկեր մանեւրելու որեւէ հնարավորությունից։ Խնդրի լուծման իմպերատիվ բնույթը երկու հնարավոր արդյունք կարող էր ունենալ. կա՛մ Տիգրան Թորոսյանը, տուրք տալով այդ ճնշմանը, վայր է դնում զենքերը եւ ինքնակամ հեռանում, կամ հաշտվում է կուսակցության, ավելի ճիշտ՝ նրա նախագահի կայացրած որոշման հետ եւ, կորցնելով Հայաստանի Հանրապետության երկրորդ դեմքի իր կարգավիճակը, վերածվում է շարքային կուսակցականի։ Այն հանգամանքը, որ սեպտեմբերի 19-ին Աժ արտահերթ նստաշրջան հրավիրվեց առանց օրակարգային որեւէ լուրջ հարցի, ցույց տվեց, որ խաղադրույքը կատարվել էր հենց Թորոսյանի կողմից ինքնակամ հրաժարականի մասին հայտարարություն տալու վրա, ինչը եւ կատարվեց։ Թորոսյանն, իհարկե, կարող էր նաեւ որեւէ հայտարարություն չանել՝ թույլ տալով իր իսկ կուսակցությանը խորհրդարանում նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել։ Սակայն, բացի բարոյական դիվիդենտներից, դա նրան ոչինչ չէր կարող տալ։ Թորոսյանն այսպիսով, փաստորեն, ցույց տվեց, որ ընդունում է իր պարտությունը, որովհետեւ ընդունում է, որ մենակ է մնացել ողջ կուսակցության եւ ողջ իշխանական մեքենայի առջեւ։ Սակայն դրանով նա շատ մեծ ծառայություն մատուցեց իր կուսակիցներին եւ հատկապես գաղափարակիր ընկերներին՝ ազատելով նրանց իր աչքերի մեջ նայելով իր դեմ քվեարկելու գլխացավանքից։

Նպատակ N1. ստեղծել ներկուսակցական նոր հարաբերություններ

Այս հրաժարականն ուներ նաեւ ընդգծված քաղաքական ենթատեքստ, որն ուղղակի հնարավոր չէ հաշվի չառնել։ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելը ակնհայտ դարձրեց, որ Հանրապետական կուսակցությունը ներքին որակական, բովանդակային լրջագույն փոփոխությունների է ենթարկվել։ Դրանք այն փոփոխություններն էին, որոնք սկսվեցին 2007 թ. մարտի վերջերից, այսինքն՝ կուսակցության նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանի անժամանակ, անակնկալ մահվանից հետո, երբ ՀՀԿ-ի լիդերը դե յուրե եւ դե ֆակտո դարձավ Սերժ Սարգսյանը՝ կուսակցությունը համալրելով հանրապետականության հետ բացարձակապես որեւէ առնչություն չունեցող մարդկանցով։ Կուսակցության ղեկավարումը Սերժ Սարգսյանի հետ կիսելու Անդրանիկ Մարգարյանի տակտիկական քայլն այդպես էլ չըմբռնեցին կուսակցության արմատներում կանգնած նրա գաղափարակիր ընկերները, ինչից եւ, փաստորեն, առատորեն օգտվեց ՀՀԿ նոր ղեկավարը։

Բանն այն է, որ 2007թ. հայտնի համագումարում Սերժ Սարգսյանին կուսակցության փաստացի համանախագահ ընտրելը, որը հենց Անդրանիկ Մարգարյանի մտահղացումն էր, ըստ էության, զուտ տակտիկական նշանակություն ուներ, որի նպատակը իշխանությունը վերցնելու հավակնոտ ծրագրեր ունեցող, ձեւավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ընդառաջ ՀՀԿ-ն իշխանության մեջ պահելու լծակներ ստեղծելն էր։

Ի դեպ, առաջին անգամը չէր, որ Ա. Մարգարյանն օգտագործում էր այդ «տրյուկը»։ 1998-ին, նույն նպատակն ունենալով, նա Վազգեն Սարգսյանին թույլ տվեց դառնալ Հանրապետական կուսակցության նախագահ եւ, կուսակցությունը վերջինիս կողմից երկրապահականներով համալրելու պայմանն ընդունելով, կարողացավ ՀՀԿ-ն իշխանության բերել։ Սակայն Ա. Մարգարյանը նման «զոհողությունների» գնում էր՝ շատ լավ հասկանալով, որ առանց ներքին հակակշիռ ստեղծելու կուսակցությունը պարզապես կարող է ձեռքից գնալ։ Եվ ինքն էլ հենվելով գաղափարական հանրապետականների վրա՝ ստանձնեց այդ հակակշռի, ուժերի ներքին հարաբերակցությունը հավասարակշռողի դերը։ Անակնկալ, ցավալի մահը թույլ չտվեց, սակայն, նույն սցենարն իրականացնել նաեւ Սերժ Սարգսյանի հետ կապված։ Այն, ինչ նրա համար զուտ տակտիկական քայլ էր, իր կուսակիցների կողմից ընկալվեց որպես սկզբունքային մոտեցում։ Եվ Տիգրան Թորոսյանը, որը Մարգարյանի մահից հետո ակամա ստանձնել էր կուսակցության երկրորդ դեմքի, գաղափարական հանրապետականների փաստացի լիդերի դերը, այս մեկուկես տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ ձեւավորել այնքան անհրաժեշտ ներքին հակակշռման մեխանիզմները, չփորձեց գաղափարական պլատֆորմի շուրջ համախմբել իսկական հանրապետականներին, առանց որոնց աջակցության Սերժ Սարգսյանն, անշուշտ, չէր կարողանալու կադրային նման տեղաշարժեր կատարել։ Արդյունքում հանրապետականության գաղափարախոսությունից եւ նրա կրողներից մնաց միայն կամուֆլյաժը, իսկ նոր ղեկավարի ազդեցությունը դարձավ ամբողջական ու կատարյալ։ Ստեղծված այս նոր իրավիճակում հին հանրապետականներից այլեւս ոչ ոք չի կարող վստահ լինել, որ երաշխավորված է նրանից, ինչ կատարվեց Տիգրան Թորոսյանի հետ։ Ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ում արդեն բոլորը հասկացան, որ, վաղ թե ուշ, «այդ ուղտը նաեւ իրենց դռանն է չոքելու»։ Այս մտավախության մշտական առկայությունն էլ կուսակցությունում արմատավորում է միանձնյա որոշումներ կայացնելու բոլորովին նոր դրվածքը։

Նպատակ N2. ապահովագրել իշխանության շարունակականությունը եւգնախապատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին

Բացի իրերի դրությունը կուսակցության ներսում փոխելուց, Աժ նախագահի պաշտոնից Տ. Թորոսյանին շուտափույթ հեռացնելու այս օպերացիան ուներ նաեւ քաղաքական կարեւոր նշանակություն։ ԱԺ նախագահի պաշտոնը Սահմանադրությամբ երկրորդն է իր կարգավիճակով, որը զբաղեցնող անձը, ի դեպ, հանրապետության նախագահի անգործունակության կամ բացակայության դեպքում ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններն ու իրավասությունները։ Հովիկ Աբրահամյանին այդ պաշտոնում «նշանակելու» միջոցով Սերժ Սարգսյանը, փաստորեն, ապահովագրում է իր թիկունքը, քանի որ վստահելիության առումով նրա համար Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Թորոսյանն ուղղակի անհավասար դիրքերում են։ Ավելին, այն փաստը, որ Թորոսյանին պարտադրվեց հրաժարական ներկայացնել, ցույց է տալիս, որ նա իշխանության համար ընդհանրապես անվստահելի չէր։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ կարգելուց հետո Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ լինել, որ ներքաղաքական ամենաանսպասելի եւ ոչ ցանկալի զարգացումների դեպքում, երբ իրեն ուղղակի այլ ելք չի մնա, քան հրաժարական ներկայացնելը, նախագահի պարտականությունները կանցնեն իր նախկին նախընտրական շտաբի պետին, որն առանց որեւէ խնդրի կարող է նոր ընտրություններում ապահովել իր կամ ներկայիս իշխանության համար ընդունելի որեւէ այլ մեկի ընտրությունը նախագահի պաշտոնում։ Այլ կերպ ասած՝ այդպիսով նա փորձում է ապահովագրել գործող իշխանության շարունակականությունը։

Դրանից բացի, նա նաեւ հարձակման լուրջ նախադրյալներ է ստեղծում։ Եվ, ամենայն հավանականությամբ, նրա «հարձակումը» տեղի կունենա կադրային քաղաքականության ոլորտում։ Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանի վարած կադրային քաղաքականությունն առաջին հերթին չի բավարարում հենց Հանրապետական կուսակցությանը, ավելի ճիշտ՝ վերջինիս հենց գաղափարական հատվածին։ Նախագահը փորձում է պետական իշխանության համակարգը որոշակիորեն թոթափել հանրապետականներից՝ այնտեղ նոր, թարմ քաղաքական ուժերի մուտք ապահովելու միջոցով։ Այդ եղանակով Սերժ Սարգսյանը փորձում է նախ թարմացնել իր թիմը, որից հասարակական դժգոհությունը չափազանց մեծ է, երկրորդ՝ իր համար փորձում է ավելի լայն սպեկտրի քաղաքական աջակցության դաշտ ապահովել։ Եվ դա բնական է, որովհետեւ ներկայիս իշխանությունը պահպանվում է միայն կենտրոնախույս ուժերի՝ իր ազդեցությունից դուրս գտնվող «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀՅԴ-ի, վստահելիության հետ ոչ մի կապ չունեցող ՕԵԿ-ի շահերի ժամանակավոր համապատասխանության շնորհիվ։ Եթե հանկարծ վաղը այդ շահերը բախվեն միմյանց, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը փուչիկի պես կպայթի, եւ դա լավագույնս հասկանում է նախագահը։ Հովիկ Աբրահամյանի դերը խորհրդարանում լինելու է առանցքային. նա կփորձի մի կողմից պահպանել ուժերի հարաբերակցության առկա կոնսենսուսը, մյուս կողմից, մեծացնելով խորհրդարանի վրա Սերժ Սարգսյանի ազդեցությունը, ապահովել նրա կողմից ձեռնարկվելիք հետագա կադրային փոփոխությունների նկատմամբ կոալիցիոն ուժերի, այդ թվում նաեւ առաջին հերթին հանրապետականների ներսում ընկալելիության որոշակի մակարդակ։ Այսինքն՝ նա փորձելու է այնպես անել, որպեսզի նոր, սեփական քաղաքական հենարան ստեղծելուն ուղղված Սերժ Սարգսյանի կադրային փոփոխությունները խորհրդարանում ցնցումների տեղիք չտան։ Իսկ այս ամենի վերջնական նպատակը խորհրդարանական մյուս ընտրությունների նախօրեին բոլորովին նոր քաղաքական իրավիճակ հասունացնելն է, որտեղ թե՛ «Բարգավաճ Հայաստանի» ու նրա միջոցով Ռ. Քոչարյանի, թե՛ ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի ազդեցությունը, նրանցից կախվածության հանգամանքն այլեւս որոշիչ չեն լինի։

Տիգրան Թորոսյանը՝ հասարակական հարմարվողականության ոչ վերջին զոհը

Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ նախագահի հրաժարականը ներքաղաքական որեւէ լարում այդպես էլ չառաջացրեց։ Դա հստակ ցույց տվեց, որ խորհրդարանը քաղաքական գործընթացների վրա որեւէ ազդեցություն չի գործում։ Այսինքն՝ մեկ անգամ եւս փաստվեց, որ կառավարման ընդհանուր համակարգում բացարձակապես չի աշխատում իշխանությունների տարանջատման, հակակշռման սկզբունքը, որովհետեւ հակակշռող ինստիտուտներից ամենակարեւորը, որը ձեւավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով, իր քաղաքական գործառույթը բացարձակապես չի կատարում։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը բացարձակապես կորցրել է իր պաշտպանողունակությունը, դիմադրողականությունը։ Սակայն, դա ոչ թե համակարգային խնդիր է, այլ պարզապես մեզանում ձեւավորված քաղաքական մշակույթի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության արդյունք։

Վերջին հաշվով այն, ինչ կատարվեց Տիգրան Թորոսյանի հետ, խորը հասարակական արմատներ ունի. այն ուղղակի մեր հասարակության մեջ արմատավորված, հասարակական կյանքի կարգավորիչի դեր ստանձնած զանգվածային հարմարվողականության ակնհայտ ու ամոթալի դրսեւորում էր։
Այդպիսին է ողջ հասարակությունը։ Այդպիսին է հասարակական, աշխատանքային հարաբերությունների՝ մեզանում ձեւավորված ողջ համակարգը։ Անարդարության, անտարբերության եւ հարմարվողականության մասին մեզնից ոչ ոք խորությամբ չի մտածում այնքան ժամանակ, քանի դեռ մինչեւ կոկորդներս չենք խրվում այդ ցեխի մեջ եւ նոր միայն նկատում, որ մնացել ենք մեն-մենակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter