HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիպոթերապիա. երբ բուժումը հաճույք է

Սեպտեմբերյան մի շոգ օր իմ կյանքը բաժանվեց երկու մասի։ Մինչեւ այդ օրը ես սովորական ձի էի, գյուղում ապրող մյուս ձիերի նման. ողջ օրն արածում էի մարգագետնում, մեկ-մեկ էլ գյուղի տղաները հեծնում էին ինձ։

Այդ օրվանից ես դարձա բժիշկ։ Ընդ որում` ոչ սովորական բժիշկ, ումից երեխաները վախենում են, այլ բժիշկ, ում մոտ «ընդունելության» գալիս են վազելով եւ լայն ժպիտներով։ 

Իմ անունը Խուժան է։ Չնայած ինձ համար անհասկանալի է, թե ինձ ինչու են այդպես կոչել. իմ պահվածքով եւ բնավորությամբ ես բոլորովին չեմ համապատասխանում այդ անվանը։ Ես հիպոթերապիստ Հասմիկի եւ ձիասպորտի մարզիչ Բորիսի հետ զբաղվում եմ  մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ռեաբիլիտացիայի մի տեսակով, որը կոչվում է հիպոթերապիա՝ հունարեն «հիպոս»՝ ձի բառից։

Շաբաթը չորս անգամ ինձ մոտ գալիս են ֆիզիկական եւ մտավոր տարբեր խնդիրներով երեխաներ՝ մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, էնցեֆալոպատիա։ Նրանցից վեցը Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների մանկատան երեխաներ են, մի աղջիկ եւ մի տղա էլ գալիս են իրենց մայրիկների հետ։ Հասմիկը եւ Բորիսն այնքան են խոսում հիպոթերապիայից տարբեր մարդկանց հետ, որ ես դրա մասին կարող եմ պատմել իրենցից ոչ պակաս։ 

Հիպոթերապիա բառացի նշանակում է բուժում մեր՝ ձիերիս օգնությամբ։ Դեռ Հիպոկրատը, ով մեր մասին գրել է բազմաթիվ աշխատություններ, ասել է. «Եթե ուզում ես առողջ լինել, ճիշտ սնվիր, շատ զբոսնիր եւ ձի նստիր»։ 

Մեզ՝ ձիերիս, հաճախ անվանում են «կենդանի տրենաժոր»։ Քայլելիս մեր մեջքը կատարում է եռաչափ տատանումներ, որոնք կրկնում են նաև մեզ վրա նստած երեխայի մարմնի բոլոր մկանները։ Այդ տատանումների միջոցով տեղի է ունենում ձգված մկանների թուլացում և թույլ մկանների միաժամանակյա մարզում, ինչը հատկապես կարեւոր է մանկական ուղեղային կաթված /ՄՈւԿ/ ունեցող երեխաների համար։

Շատ կարեւոր է նաեւ հոգեբանական գործոնը։ Երեխան, երբ գալիս է ինձ մոտ, չի ընկալում դա որպես բուժում, այլ որպես ձիավարության հմտություններին տիրապետելու պրոցես։ Բացի այդ, այստեղ նա է գլխավորը, նա է «վերեւում»։ Իրեն միշտ ասել են. դու թույլ ես, դու չես կարող, իսկ հիմա նա նստում է մեծ, ուժեղ կենդանու վրա, ու կենդանին ենթարկվում է իր ձեռքի շարժումներին։ Դա միանգամայն նոր զգացում է իրենց համար, որն արթնացնում է ինքնավստահություն եւ բարձր ինքնագնահատական։

Մենք շատ հիվանդություններ ենք կարող մասամբ կամ ամբողջովին բուժել. մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, շիզոֆրենիա, ողնաշարային խնդիրներ, սկոլիոզ, Դաունի սինդրոմ, նյարդային համակարգի խնդիրներ, օստեոխոնդրոզ, շագանակագեղձի հիվանդություններ, սրտի և ուղեղի կաթվածից հետռեաբիլիտացիա և այլն։

Մեր օգնությամբ բուժումը հակացուցված է շատ քիչ հիվանդությունների դեպքում, դրանք են` հեմոֆիլիա (ոսկորների փխրունություն), երիկամի որոշ հիանդություններ եւ ցանկացած հիվանդություն սրման ընթացքում։

Մասնագետները երեխաներին նստեցնում են մեջքիս` տարբեր դիրքերով, թամբով ու առանց թամբի, տալիս են նրանց զանազան վարժություններ՝ կախված յուրաքանչյուրի անհատական խնդրից։

«Քեզ խելոք ես, չէ՞, պահելու, խոզուկս, որ ես չընկնեմ հանկարծ»

Փոքրիկ Վերոնիկան իմ ամենաթեթեւ հիվանդն է։ Նա թամբի մեջ նստում է ժոկեյի նման՝ ծնկները վերեւ, մարմնով առաջ եկած։ Նա դա մտածված չի անում. Վերոնիկան ունի քվադրիպլեգիկ ՄՈՒԿ, երբ ախտահարված են բոլոր չորս վերջույթները։ Նրա մկանները չափազանց սպաստիկ են, եւ նա ունակ չէ թուլացնելու եւ իջեցնելու ոտքերը։ Բայց ահա ես սկսում եմ քայլել։ Մարզիչ Բորիսը սանձերիս միջոցով ցույց է տալիս ինձ ռիթմը եւ արագությունը, որով պիտի ընթանամ։ Վերոնիկայի մեջքն աստիճանաբար ուղղվում է, մկանները թուլանում են, ծնկներն իջնում են ներքեւ, նա բարձրացնում է գլխիկն ու աչքի տակով հպարտորեն նայում է իրենց հերթին սպասող երեխաներին. արդյոք բոլորը հիանում են իրենով։ Վերոնիկան միշտ ուրախ է ու ժպտուն, սակայն մանկատան թերապիստներն ասում են, որ նրան երբեք այսքան երջանիկ չեն տեսնում, որքան այն ժամանակ, երբ նա գալիս է այստեղ` ինձ մոտ։

Արզումանն ինձ անվանում է «խոզուկ»։ Ամեն անգամ նստում է մեջքիս ու հարցնում. «Քեզ խելոք ես, չէ՞, պահելու, խոզուկս, որ ես չընկնեմ հանկարծ»։ Ես եռանդով թափահարում եմ գլուխս։ Ճիշտն ասած` ես այդպես ճանճերին եմ քշում, բայց Արզումանն այդ շարժումն ընդունում է որպես համաձայնության նշան եւ ավելի վստահ է իրեն զգում։

Գոռն էպիլեպտիկ է։ Երբ առաջին անգամ նստեց մեջքիս, նրա ոտքերն ու ձեռքերը հուզմունքից ու մի փոքր էլ վախից սարսափելի դողում էին։ Նա չէր կարողանում պահել հավասարակշռությունը, գրեթե ընկնում էր հիպոթերապիստի վրա։ Հիպոթերապիստը միշտ քայլում է ձախ կողքովս՝ ապահովելով երեխաների անվտանգությունը եւ հետեւելով, որպեսզի նրանք ճիշտ դիրքով նստեն մեջքիս։ Նա ասում է Գոռին. «Հիմա ես կթողնեմ ոտքդ, ու դու ինքդ քեզ պահիր»։ Եթե նա կորցնի ապահովության զգացումը, կկենտրոնացնի մարմնի բոլոր ուժերը, որպեսզի չընկնի վրայիցս, ու նրա մկաններն ինտենսիվ կաշխատեն։ Գոռն աղաղակում է. «Ո′չ, չթողնե′ս»։ Դա երկրորդ պարապմունքի ժամանակ էր։ Չորրորդին նա արդեն վրդովված հեռացնում է հիպոթերապիստի ձեռքն իր ծնկից, իսկ հինգերորդին խնդրում է սանձերը տալ իր ձեռքը, որ ինքնուրույն կառավարի ընթացքս։ Նրա շարժումներն, իհարկե, դեռ ճկուն չեն, նա հաճախ քաշում է սանձերս՝ պատճառելով ինձ, մեղմ ասած, անհարմարություն, սակայն այնքան վարակիչ է ծիծաղում, երբ հաջողություն է ունենում, որ ես նրա վրա չեմ բարկանում։ Մեջքիցս իջնելուց հետո Գոռն ինձ տանում է հաջորդ երեխայի մոտ։ Նրա քայլն ավելի վստահ է, հաճախ նա նույնիսկ չի բռնում հիպոթերապիստի կամ դաստիարակի ձեռքը։

Արմանն աուտիկ է։ Նրա դաստիարակներն ասում են, որ նախքան հիպոթերապիայի պարապմունքներ սկսելը Արմանը գրեթե չէր շփվում այլ մարդկանց հետ՝ բացառությամբ իր դաստիարակի։ Հիմա նա ավելի շատ է շփվում մարդկանց հետ։ Դաստիարակ Գոհարն ասում է, որ Արմանի աչքերը սկսում են փայլել, ու նրա ողջ էությունը լուռ, բայց ցայտուն երջանկություն է սկսում արտահայտել, երբ մանկատան մեքենան մայրուղուց թեքվում է գյուղ։ Արմանն ամեն ինչ հասկանում է, բայց չի սիրում մարդկանց հետ շփվել։ Իսկ, այ, մենք միմյանց հիանալի հասկանում ենք։ Դաստիարակներն ասում են, որ Արմանը զարմանում է, երբ քայլելիս իմ ականջները շարժվում են, իսկ մարդկանց ականջները՝ ոչ, ու ինքն ամբողջ օրը մանկատանը մատով հարվածում է երեխաների ականջներին, որպեսզի դրանք էլ շարժվեն։ 

Համլետը միշտ վերջինն է։ Նա առաջին օրվանից մենակ սկսեց ձիավարել։ Մի քանի տարի առաջ նա ընդհանրապես չի քայլել, տեղաշարժվել է սայլակով։ Նրան վիրահատել են, և Համլետը օրվա մեջ մի քանի ժամ համառորեն պարապել է, սովորել է քայլել։ Նա արդեն քիչ-քիչ փորձում է վարգը, եւ դա նրան հաջողվում է։ Նրա թերապիստ Լուսինեն ասում է, որ Համլետը տարբեր բաներով է փորձել զբաղվել, բայց ոչինչ նրան չի գրավել այնպես, ինչպես ձիավարությունն է գրավում։ 

Դավիթն ամենաաղմկոտն է։ Ժպիտը` մինչեւ ականջները, ու բերանը մի վայրկյան անգամ չի փակվում։ Նրա համար դժվար է կենտրոնանալ, լսել վարժությունները եւ կատարել դրանք։ Եվ հիպոթերապիստն ու մարզիչը հաճախ են ինձ կանգնեցնում ու նորից ու նորից համբերատար ցույց տալիս վարժությունները։ 

Անգելինան ամենափոքրն է։ Նա ընդամենը չորս տարեկան է։ Առաջին պարապմունքի մեծ մասը նա լաց եղավ. վախենում էր ինձանից։ Բայց դա արդեն անցել է։ Անգելինայի մեջքը թույլ է, եւ նա շուտ է հոգնում մեջքն ուղիղ պահելու` հիպոթերապիստի պահանջներից։ Հիպոթերապիստը ստիպված է լինում դիմել խորամանկության։ Անգելինան շատ է սիրում փորի վրա պառկել մեջքիս։ Դա արվում է վարժություններից հետո մկանները հանգստացնելու համար։ Հասմիկն ասում է. «Հաշվում եմ մինչեւ տասը։ Եթե այդ ընթացքում մեջքդ ուղիղ պահեցիր, կպառկես փորիկին»։ Անգելինան հրճվանքով ընդունում է խաղը, սկսում է նրա հետ հաշվել։ Շուտով ես էլ կսովորեմ հաշվել իրենց հետ։

Անգելինայի մայրը՝ Մարինան, ասում է, որ երեք պարապմունքից հետո Անգելինան սկսեց ինքնուրույն նստել աթոռին:

Հովիկը նոր է սկսել հաճախել։ Սակայն նա Հասմիկի եւ Բորիսի «ամենահին» այցելուն է. նախկինում նրանք հիպոթերապիայով զբաղվում էին Երեւանի ձիարշավարաններից մեկում։ Հովիկը, ով տեղաշարժվում էր սայլակով կամ կախվելով ուղեկցողների ձեռքերից, սկսել էր պատերից բռնվելով քայլել։ Հետո գնացել էր վիրահատության։ Այժմ վերադարձել է ու գալիս է ինձ մոտ։ Նա շատ լավ ձայն ունի եւ անգիր գիտի հայկական էստրադայի բոլոր հիթերը։ Նա ինձ միշտ շաքար է հյուրասիրում։ 

Հրաշալի յոթնյակը

Մի քիչ էլ պատմեմ մեր՝ ձիերիս մասին։ Մենք այստեղ՝ Աշտարակի Ուշի գյուղում գտնվող «Զատիկ» ակումբում յոթ ձի ենք։ Ամենափոքրը՝ Սորբոնան, ով արաբական եւ անգլիական ձիերի խառնուրդ է, չորս ամսական է։ Նա դեռ շատ փոքր է ոչ միայն հիպոթերապիայի, այլեւ նույնիսկ ձիավարության համար։ Նրա մայրն արդեն քսանն անց է, դա բավականին մեծ տարիք է ձիու համար, ասենք, ինչպես յոթանասուն-ութսուն տարեկանը մարդու համար, դրա համար էլ նրան ընդհանրապես չեն հեծնում։

Սորբոնայի քույր Սաբինան ու մեկ տարեկան Ստրասբուրգ Երկրորդն արդեն սկսել են մարզվել։ Մեր գործին արդեն միացել է իննամյա զտարյուն Գոլդենը։ Երեխաները պաշտում են նրան իր մուգ ոսկյա գույնի համար ու մի քիչ վախենում են հասակից. Գոլդենը ամենաբարձրահասակն է։ Իմ քրոջը՝ Ժեֆային, նույնպես շուտով «գործի կդնեն»։ Բայց գլխավորն, իհարկե, ես եմ հիպոթերապիայում։

Ի դեպ, հիպոթերապիայի համար ոչ բոլոր ձիերն են հարմար։ Ձին պետք է լինի բացարձակ առողջ, հանգիստ, մարդամոտ։ Եվ, իհարկե, կանխատեսելի. չէ որ գործ ունենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների հետ։

Հիպոթերապիան վաղուց արդեն հայտնի է ամբողջ աշխարհում։ Իսկ Հայաստանում այն նախաձեռնել են ձիասպորտի մարզիչ Բորիսի ու նախկին լրագրող Հասմիկի ստեղծած ««Կենտավր» հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։ Հասմիկն ու Բորիսն անընդհատ խոսում են այն մասին, որ հիպոթերապիայի կարիք ունեցող բազմաթիվ երեխաներ կան։ Սակայն նրանք դեռ չեն կարող հաճախել ֆինանսական խնդիրների պատճառով. միայն ճանապարհածախսն արդեն բավականին մեծ է։

Նախկինում, երբ նրանք հիպոթերապիայով զբաղվում էին Երեւանի ակումբում, այնտեղ հասնելն, իհարկե, ավելի հեշտ էր։ Սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց դադարեցնել հիպոթերապիայի պարապմունքներն իր տարածքում՝ պատճառաբանելով, թե երեխաները խանգարում են այն մարդկանց, ովքեր գալիս են ձիավարություն սովորելու։ Երեւանի մնացած ակումբներում նույնպես մերժեցին հետեւյալ պատճառաբանություններով. «Չենք ուզում մեր ակումբում ստեղծել հիվանդանոցային մթնոլորտ», «Այդ երեխաները բացասական էներգիա ունեն, որն ազդում է ձիու վրա, եւ ձին հիվանդանում է»։ Մարդիկ մեկ-մեկ այնպիսի՜ բաներ կասեն։

Բարեբախտաբար, կան աշխարհում նաեւ այնպիսի մարդիկ, ինչպիսին է մեր «Զատիկ» ակումբի տնօրեն Աղասի Զատիկյանը, ով իր տարածքը եւ մեզ անվարձահատույց տրամադրել է երեխաներին։

Եթե Բորիսն ու Հասմիկը միջոցներ հայթայթեն, ավելի շատ երեխաներ կկարողանան գալ։ Մանկատան երեխաներն, օրինակ, պարապմունքներին մասնակցում են բրիտանացի ամուսիններ Անիէլ եւ Մարթին Ռիվիեր-Ալենների եւ նրանց ընկերների շնորհիվ, ովքեր գումար են հավաքել այդ երեխաների համար։

Հիպոթերապիստն ու մարզիչը որոշել են նաեւ ձիավարության դասընթացներ կազմակերպել «առողջ» մարդկանց համար, եւ դրանից ստացած ամբողջ հասույթը օգտագործել երեխաների եւ մեզ համար` խոտ ու գարի գնելու։

Ես մեծ հույս ունեմ, որ ավելի ու ավելի շատ երեխաներ մեզ մոտ հաճախելու հնարավորություն կունենան։ Չնայած ինձ համար էլ հեշտ չէ, բայց դա այնպիսի~ երջանկություն է` երեխաների դեմքին տեսնել ուրախ ժպիտները եւ գիտակցել, որ ես մի մասնիկն եմ նրա, ինչն այդ ժպիտները պարգեւում է նրանց։

Խուժանին մտքերը  օգնեց գրի առնել Հասմիկ Հովհաննիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter