
ՆՓԱԿ-ը ներկայացնում է Դավիթ Կարեյանի հետահայաց ցուցահանդեսը (վիդեո)
ՆՓԱԿ-ում բացվել է կոնցեպտուալ արվեստագետ, մոդեռնիստ Դավիթ Կարեյանի «Կենաց տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: ՆՓԱԿ-ը «Կենաց տոն» խորագրի ներքո ներկայացնում է Դավիթ Կարեյանի թե´ կոնցեպտուալ, թե´ գեղանկարչական աշխատանքները:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 35 աշխատանք, որոնք ամփոփում են արվեստագետի 17 տարվա գործունեությունը: Այստեղ են Դավիթ Կարեյանի երիտասարդ տարիքի աշխատանքները, ինչպես նաեւ արդեն նրա արվեստի երկրորդ շրջանը` վիդեոարտը, փերֆորմանսները, ինստալիացիաները: Մեծ ցուցասրահում ներկայացված է Դավիթ Կարեյանի վերջին ամենամեծ` մարդու իրավունքների, պատերազմի, հողի մասին պատմող վիդեոարտը, որը 2003 թվականին ներկայացվել է Վենետիկի Բիենալեում:
Դավիթ Կարեյանը, ով այս տարի՝ հունվարի 3-ին, դարձել էր ողբերգական ավտովթարի զոհ, ստեղծել է գեղարվեստական նկարներ, ինստալյացիաներ, վիդեոարվեստ և կատարողական արվեստ: Նրա բոլոր ստեղծագործությունները ունեն հասարակական-քաղաքական և հոգեբանական ենթատեքստեր։
«Կարեյանը կյանքի այդ կարճ ժամանակաշրջանում կարողացավ իր կյանքի և իր ստեղծագործության միջոցով անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը: Շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացավ ամփոփել ճգնաժամից դեպի լավատեսություն ճանապարհը: Նա իր գաղափարներով կարծես ուղերձներ էր հղում եւ իր ռացիոնալ մտածողությամբ ուղիներ էր ցույց տալիս»,- ասել է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ցուցահանդեսի համադրող Սոնիա Պալասանյանը, խոսելով արվեստագետի մասին, ասաց, որ շուրջ 17 տարվա ստեղծագործական կյանքում բարձրացնելով տարբեր հիմնախնդիրներ՝ մարդու իրավունք, պատերազմ՝ նա երբեք չկորցրեց դրական հայացքներն ու զգացողությունները կյանքի հանդեպ:
Դավիթ Կարեյանը 1996 թվին իր ընկերների հետ հիմնադրել է «Ակտ» խումբը: ՆՓԱԿ-ում կազմակերպած ցուցահանդեսներում հիմնական շեշտը դնելով հետխորհրդային սոցիալ-քաղաքական կատակլիզմների վերլուծության եւ վախի մթնոլորտի հաղթահարման վրա՝ նա փորձում էր դուրս գալ մշակութային մեկուսացումից եւ համատարած համայնական հսկողությունից:
2003 թ. սկսած նա արվեստում նախընտրում է առավել անհատականացված մոտեցումը: «Նոր տեղականություն» նախագիծը, որի վրա աշխատել է վերջին տարիներին, նոր եւ ավանդական տեխնոլոգիաների սինթեզ է: 2010 թ. նա համադրեց «Մարմին` նոր պատկերային արվեստը Հայաստանում» անվամբ խմբային ցուցահանդեսը:
Մեկնաբանել