«Ժառանգության» կանոնադրական հանձնաժողովը քննում է կուսակցությունից հեռացվածների դիմումը
«Ժառանգություն» կուսակցությունից վերջերս հեռացված անդամները դիմել են կուսակցության խորհրդին եւ կանոնադրական հանձնաժողովին` վարչության եւ ակտիվի նիստն ու դրանց կայացրած որոշումներն առոչինչ համարելու եւ կուսակցության արտահերթ համագումար հրավիրելու պահանջով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած վարչության նիստի ժամանակ որոշում էր կայացվել կուսակցությունից հեռացնել դիմումատուներին:
Նրանք են` ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը, կուսակցության նախկին փոխնախագահ Մովսես Արիտսակեսյանը, «Ժառանգության» «Կենտրոն» եւ «Աջափնյակ» կառույցների ղեկավարներ Արթուր Սարդարյանն ու Ասյա Համբարձումյանը եւ կուսակցության խորհդրի անդամ Հակոբյանը: Դիմումատուները նաեւ գրավոր հարցման միջոցով խնդրել են իրենց տրամադրել կուսակցության վարչության եւ ակտիվի նիստի արձանագրության եւ հայտարարության պատճենները:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Հետքին» հայտնեց, որ կուսակցության կանոնադրական հանձնաժողովն այս օրերին դիմումի պատասխանն է մշակում: «Իրենք տասնյակ կետեր են նշել, որոնք, ըստ իրենց, խախտումով են իրականացրել: Այդ կետերին պատասխանելու համար որոշակի աշխատանք է պահանջվում»,- ասաց մամուլի խոսնակը:
Կուսակցությունից հեռացված Մովսես Արիստակեսյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե «Ժառանգության» վարչությունն օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չի պատասխանել իրենց գրավոր հարցմանը եւ չի տրամադրել արձանագրության եւ հայտարարության պատճենները:
Հովսեփ Խուրշուդյանը «Հետքին» հայտնեց, որ հարցման պատասխանն արդեն ուղարկված է. «Մենք ուղարկել ենք, մի՞գուցե իրենք դեռ չեն ստացել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել