Նախագահից պահանջում են չստորագրել արձանագրությունները
Հայ Յեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը քիչ առաջ նախագահական նստավայրի առջեւ ընթերցեց այն նամակը, որը բողոքի երթի մասնակիցները հանձնեցին նախագահ Սերժ Սարգսյանին:
«Պարոն նախագահ, մենք` 2009 թվականի հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից:
Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ մեր միասնությանը: Ներքաղաքական քննարկումների համար սահմանված 6 շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը թե' Հայաստանում, թե' սփյուռքում դեմ է այս տեսքով արձանագրությունների ստորագրմանը:
Միայն մեկ վայրում` Հանրապետության հրապարակում ստորագրահավաքին միացել են 50 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ, 12 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, փաստաթղթեցրին բացասական են արձագանքել 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ եւ սա այն դեպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերությունները, մասնակի բացառությամբ, արձանագրություններին դեմ արտահայտվողներին փաստորեն զրկել են մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարավորությունից:
Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը` մենք վճռական «ոչ» ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող եւ մեր պետության ու ժողովրդի անվտանգությանն ու ազատությանը սպառնացող այս արձանագրություններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք, հակառակ պարագայում` Դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել