
«ԼՂՀ իշխանությունները Շուշի քաղաքի եւ ամբողջ շրջանի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: Այդ իսկ պատճառով նախատեսում ենք Շուշի տեղափոխել մի շարք պետական մարմիններ եւ գերատեսչություններ` հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումներ, գրողների միությունը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը եւ մի շարք այլ օղակներ:
Համոզված ենք, որ այս միջոցառումները նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը»,-այս մասին իր ելույթի ժամանակ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում «Հեռուստամարաթոն 2009»-ի շրջանակում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը միաժամանակ հայտնել է, որ անելիքները Շուշիում շատ են եւ բազմաբնույթ` բնակելի շենքերի, կրթական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, մշակութային օջախների, ճանապարհների, ջրամատակարարման ցանցի եւ այլ օբյեկտների կառուցում ու վերանորոգում:
«Շուշիի զարգացումը արժանապատվության խնդիր է: Նրա շենացումը ցույց կտա աշխարհին մեր միասնականությունը եւ միակամությունը` ազգային արժեքների պաշտպանության, անկախ եւ ինքնիշխան պետության շարունակական զարգացման ու զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ միասին մեզ կհաջողվի արդյունավետորեն լուծել նաեւ այս խնդիրը եւ արձանագրել մեր ընդհանուր հերթական հաղթանակը»,-հավելել է Բակո Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել