HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանքը Փաշինյանին պարզ չէ

20_10-N-PashinyanԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող, բայց Շենգավիթ համայնքի հայտնի ապակեպատ դահլիճում քննվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակել էր մեղադրական եզրակացությունը, և Փաշինյանը, իր դիրքորոշումը ճշտելու համար խնդրել էր նիստը հետաձգել: Այսօր` ժամը 12:00-ին մեկնարկած դատական նիստի ժամանակ Ն. Փաշինյանը փորձում էր հստակեցնել, թե կոնկրետ ինչում են իրեն մեղադրում: «Այս մեղադրանքում կան բոլորի անունները` Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Հակոբ Հակոբյան, Սասուն Միքայելյան, Գրիգոր Ոսկերչյան, Շանթ Հարությունյան... , բայց թե կոնկրետ ես ի՞նչ եմ արել, ի՞նչ չեմ արել, պարզ չէ»,- ասաց «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը: Վերջինիս պաշտպան Լուսինե Սահակյանը նույնպես պահանջեց հստակեցնել մեղադրանքը և խնդրեց մանրամասնել, թե 2008 թ. Մարտի 1-ին ի՞նչ խմբերի է բաժանվել զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, արդյոք դա բաժանել է Ն. Փաշինյա՞նը, կոնկրետ ո՞ւմ գործողություններից է 10 մարդ զոհվել: Ըստ պաշտպան Սահակյանի` եթե այդ ամբողջը կատարել է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ նրա դեմ հարուցված քրեական գործում ներգրավված չեն տուժողներ` 10 զոհերի իրավահաջորդները, գործում նշված 178 հոգին, որոնք մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 92 վնասված տրանսպորտային միջոցների տերերը և այլն: Պաշտպանական կողմը հիշյալ հարցերի կապակցությամբ այդպես էլ պարզաբանումներ չստացավ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը փոխարենը սահմանեց դատավարական կարգը, ըստ որի` սկզբում կհարցաքննվի գործում ներգրավված միակ տուժողը` Վազգեն Դաբաղյանը (Երևան քաղաքի ոստիկանությունից, որը, ըստ նախաքննական մարմնի, տուժող է դարձել 2007 թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության կազմակերպած երթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով), այնուհետև դատակոչված վկաները (սկսած 2007-ի հոկտեմբերի 23-ի, ավարտած 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի վկաներով), հետո ամբաստանյալ Ն. Փաշինյանը, իսկ վերջում դատարանը պետք է հետազոտի գործում առկա իրեղեն ապացույցները: Դատավարությունն ընդմիջվել է 15 րոպեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter