HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արա Պապյան. «Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլեւ բազմաթիվ անձնական թշնամիներ»

26_10-A-PapyanՀայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ «Հետքի» հարցերին է պատասխանում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, 2002-2006 թթ. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: Եթե եւ Հայաստանի, եւ Թուրքիայի խորհրդարանները վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, Ձեր գնահատմամբ` դա ի՞նչ ազդեցություն եւ հետեւանքներ կունենա Հայաստանի համար` Ցեղասպանության միջազգային ճանաչման առումով: Ցեղասպանության միջազգային ճանաչումը էական վնասներ կկրի: Ենթահանձնաժողովի գոյությունն ինքնին, անկախ հարցերի քննարկման շրջանակից, դիտարկվելու է որպես փորձ` «անաչառ եւ գիտական» ուսումնասիրության ենթարկելու Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա` նրանք, ովքեր ասում են, որ բացասական ազդեցություն կունենա, հարցի գործնական մասնագետներ են եւ տարիներով զբաղվել են Ցեղասպանության ճանաչման գործընթացով: Նրանք, ովքեր ասում են, որ չի ազդի, մի օր իսկ չեն զբաղվել Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ: Լավագույն դեպքում հոդվածներ են գրել Ցեղասպանության մասին, սակայն երբեք չեն զբաղվել ճանաչման գործընթացով: Եթե արձանագրությունները վավերացվեն, դրանք կդառնան Հայաստանի իրավական համակարգի մաս եւ կգործեն անմիջականորեն: Այսինքն` որեւէ պետական անձ չի կարողանա հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որեւէ պետական աջակցություն չի կարող լինել Ցեղասպանության ճանաչմանը կամ ուսումնասիրությանը անգամ Հայաստանի ներսում` առանց խախտելու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության յոթերորդ պարբերությունը, որը կողմերի վրա պարտավորություն է դնում «ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն անհարիր քաղաքականությունից»: Ուզում եմ, որ մի բան հստակ լինի: Մենք Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք: Մեր պահանջն այն է, որ Թուրքիան դադարեցնի միջազգային իրավունքով Հայաստանի Հանրապետության տարածքի բռնազավթումը: Ինչպես, երբ կիպոսցիները պահանջում են, որ Թուրքիան դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, դա չի նշանակում, որ նրանք տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի նկատմամբ: Ներկայումս մենք շատ ուժեղ իրավական հիմքեր ունենք տարածքային պահանջատիրության համար: Առ այսօր Հայաստանի Հանրապետությունը պահպանում է նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների մեծ մասի վրա իր տիտղոսը: Իրավական տեսանկյունից թուրքական ներկայությունն այդ տարածքում ոչ այլ ինչ է, քան բռնազավթում: Այսինքն` այն նույն կարգավիճակը, որն այսօր Թուրքիան ունի Հյուսիսային Կիպրոսում: Վավերացնելով արձանագրությունները` մենք կվավերացնենք նաեւ թուրքական բռնազավթումը: Այսինքն` մենք կօրինականացնենք Հայոց ցեղասպանության հետեւանքները, քանի որ այսօրվա de facto իրավիճակը Ցեղասպանության հետեւանք է: Երկու երկրների կողմից արձանագրությունների վավերացումը ի՞նչ ազդեցություն եւ հետեւանքներ կունենա Հայաստանի համար Արցախի հիմնահարցում: Թուրքիան, համարելով, որ լուծել է իր հարցերը Հայաստանի հետ, ամբողջովին կկենտրոնանա Ղարաբաղի վրա: Նա նոր լծակներ ձեռք կբերի Հայաստանի ներսում, հետեւաբար ավելի ազդեցիկ կլինի Ղարաբաղի հարցում: Արձանագրությունները ճանաչում են «տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները» ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային հարաբերություններում (1-ին արձանագրություն, կետ 3): Այս կետը Թուրքիային հնարավորություն կտա ուղղակիորեն միջամտելու հայ-ադրբեջանական հարաբերություններին: Եթե արձանագրությունները վավերացնի երկրներից միայն մեկը` Հայաստանը կամ Թուրքիան, ապա այս դեպքում ի՞նչ հետեւանքներ կլինեն: Ձեր գնահատմամբ, ի՞նչ հետեւանքներ կլինեն, եթե ոչ Հայաստանի եւ ոչ Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները: Եթե կողմերից մեկը կամ երկու կողմերն էլ չվավերացնեն արձանագրությունները, ապա դրանք ուժի մեջ չեն մտնի: Ոչինչ էլ տեղի չի ունենա: Կշարունակենք ապրել, ինչպես ապրում էինք մինչեւ արձանագրությունների ի հայտ գալը: Կխուսափենք հետագա մեծ կորուստներից եւ ցնցումներից: Ուզում եմ շեշտել, որ սրանք սովորական միջպետական փաստաթղթեր չեն: Սրանք հայոց էական շահերին առնչվող միջազգային պարտավորություններ են: Արձանագրություններն ուժի մեջ մտնելու պարագային` Սերժ Սարգսյանը ձեռք կբերի ոչ միայն նորանոր քաղաքական հակառակորդներ, այլեւ բազմաթիվ անձնական թշնամիներ: Շատերը պիտի համարեն, որ իրենց ողջ կյանքի գործը ոչնչի համար տրվել է թուրքերին: Ձեր գնահատմամբ` վերոնշյալ 4 տարբերակից ո՞րն է ավելի հավանական: Հավանական եմ համարում, որ երկու կողմերն էլ կվավերացնեն արձանագրությունները: Թուրքերը լավ են հասկանում, որ նման հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում: Նրանք ոչնչի դիմաց ստանում են ավելին, քան կարող էին մինչեւիսկ երազել մի քանի տարի առաջ: Հայոց խորհրդարանը, ընդհանուր առմամբ, սկզբունքներ եւ համոզումներ չունեցող մարդկանց հավաքածու է: Նրանք երբեք անձնական բարեկեցությունը չեն վտանգի հանուն հայրենիքի: Նրանք կծախեն հայրենիքը եւ դա կփաթեթավորեն հայրենասիրական բառերով: Իրավիճակն այնքան է անհեթեթ, որ երբեմն ինձ թվում է, թե այս ամենը իրականություն չէ: Ուզում եմ արթնանալ, բայց չի ստացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter