«Ժառանգությունը» առաջարկում է ապրիլի 24-ը նշել ոչ միայն Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ նաեւ` Հայրենազրկման դատապարտման օր
«Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները (Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան) այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է վերաշարադրել գործող օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն, տարիներ շարունակ, ապրիլի 24-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հոդվածի վերախմբագրմամբ «Ժառանգությունը» առաջարկում է ոչ աշխատանքային հիշատակի այդ օրը նշել նաեւ Հայրենազրկման դատապարտման օր: «Ժառանգության» օրենսդրական նախաձառնությանը կից ներկայացված հիմնավորման մեջ մասնավորապես ասված է.
«Ցեղասպանությունը` որպես հետեւանք, հանգեցրեց հայության Հայրենազրկման եւ Հայրենասպանության: Իր իսկ բնօրրանում սպանդի ենթարկված ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: Այս իրողությունը մեկ ընդհանուր ողբերգություն է, որն առավել ամբողջական է դարձնում Ցեղասպանության փաստը: Հարկավոր է կատարված ողբերգությունն ընկալել այդ ամբողջության մեջ, եւ հիշատակի օրը արժեւորել այդ համատեքստում:
Սույն օրենքի ընդունմամբ կամբողջանա Ցեղասպանության իրական պատկերը, դրանով կամրագրվի հայկական հողերից նրա բնիկ ժառանգների հիմնարար եւ օրինական պատմական իրավունքներից զրկելու դատապարտումը: Ցեղասպանությունը ոչ միայն խլել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց կյանք, այլ նաեւ միլիոնավոր հայերի զրկել է սեփական բնօրրանից. այն ոչ միայն մի ժողովրդի, այլեւ մի քաղաքակրթության, մի մշակույթի, մի ողջ կենսակերպի սպանություն է, ուստի անհրաժեշտ է այս փաստը նույնպես արձանագրել եւ հիշատակել: Այն թույլ չի տա մեր ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել մարդկության դեմ իրագործած այդ ոճիրը, որը հայ սերունդներին զրկել է իրենց քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից:
Անհրաժեշտ է արձանագրել, որ սույն խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում արդիական է, քան երբեւէ. չուրանալ եւ պահպանել Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետականության արժանապատվությունը: Մինչ միջազգային հանրության կողմից ճանաչվի կանխամտածված կերպով մի ամբողջ ժողովրդի բռնազրկումն իր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է տասնամյակներ ի վեր շարունակվող ժխտողականությանը վերջ դնելու ներուժը կրկնապատկի: Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը վերստին կարժեւորի Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Հայրենազրկման իրողությունը»,- նշված է կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել