Քաղաքական բանտարկյալ Ավետիս Կալայջյանի զորակցական մարմնի տարածած հայտարարությունը
Նոյեմբերի 6-ին կլրանա սփյուռքահայ քաղաքական գործիչ, քաղաքական բանտարկյալ Ավետիս Կալայջյանի (Ավետիս Գալայճեան) ապօրինի ձերբակալության յոթ ամիսը։ Նա մեղադրվում է իբր ՀՀ Նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Թեև այս ողջ ժամանակահատվածում ՀՀ դատարանին այդպես էլ չհաջողվեց որևէ լուրջ հիմնավորում բերել և եզրակացության հանգել Ա. Կալայջյանին վերագրվող մեղադրանքի հարցում, այդուամենայնիվ վերջինս առ այսօր ապօրինաբար պահվում է անազատության մեջ։
Ա. Կալայջյանը ծնվել է 1964 թ. Սիրիայում, ուսանել Հալեպում և Բեյրութում, ապա բարձրագույն կրթությունը շարունակել Փարիզում, որտեղ գիտական ատենախոսության պաշտպանությունից հետո նրան շնորհվել է միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության մասնագետի որակավորում։
2002-ին Ա. Կալայջյանը ընտանյոք հայրենադարձվել և հաստատվել է Երևանում՝ տոգորված լինելով հայրենասիրական վեհ գաղափարներով ու իղձերով, հավատալով մայր Հայաստանի բարեշինման ու հզորացման վսեմ տեսլականին։
2008-ին Երևանում իր միջոցներով հրատարակել է «Թուրք–թուրանական ծավալապաշտությունը և 70 նահատակ ազգեր» ընդարձակ մենագրությունը, որը նրա ավելի քան 12 տարվա աշխատանքի արգասիքն է։
Լինելով Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ՝ Ա. Կալայջյանը սկզբունքային տարաձայնություններ ունեցավ կուսակցության որդեգրած վերջին քաղաքական կուրսի հետ։ Զգալով, որ ՀՀԿ–ն աստիճանաբար շեղվում է Նժդեհյան գաղափարախոսությունից, տեսնելով ՀՀ իշխանությունների կողմից ժողովրդի դեմ գործադրվող անիրավությունները, արցախյան ազատամարտիկների ապօրինի բանտարկությունները և անարդար դատավճիռները՝ Ա. Կալայջյանն իր մտերիմների շրջապատում հայտնել է ՀՀԿ անդամակցությունից հրաժարվելու մտադրության մասին։
2009 թ. ապրիլի 13-ին «Հայելի» ակումբում նշանակված էր նրա մամլո ասուլիսը, որտեղ նա պետք է պաշտոնական հայտարարություն աներ իր հրաժարականի կապակցությամբ։
Սակայն 2009 թ. ապրիլի 6–ին, ընկերական շրջապատի մեջ արտահայտած իր դժգոհության, ՀՀԿ դիրքորոշման վերաբերյալ իր սկզբունքային անհամաձայնության պատճառով, Ա. Կալայջյանն անհեթեթ մեղադրանքով ձերբակալվել և մինչ օրս բանտարկված է իր հայրենիքում։
2009 թ. հունիսի11-ից ի վեր սկսված դատավարությունը չի կարողացել ապացուցել Ա. Կալայջյանին վերագրվող մեղադրանքը, քանի որ ինչպես ակնհայտ է դրա շինծու և անհեթեթ լինելը, այնպես էլ բացակայում են այն հաստատող իրական ապացույցները։ Ա. Կալայջյանի տան խուզարկությունը նույնպես չբացահայտեց որևէ իրեղեն ապացույց, որը կհասատատեր նրա «ծրագրած դավադրությունը»։
Բնականաբար, ՀՀ Նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող մարդը մամուլի ասուլիս չէր հրավիրի և հրապարակավ չէր պատրաստվի հրաժարական տալ ՀՀԿ–ից, որպեսզի ավելորդ անգամ ուշադրություն չգրավեր իր վրա։
Ա. Կալայջյանի դատավարության՝ ս.թ. հոկտեմբերի 27-ին նշանակված դատական հերթական նիստը տեղի չունեցավ՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով։ Հաջորդ նիստը նշանակված է այս հինգշաբթի՝ նոյեմբերի 5-ին։ Ի նշան բողոքի՝ իր դեմ իրագործվող ակնհայտ քաղաքական հետապնդման դեմ, հոկտեմբերի 22-ին Ա. Կալայջյանը հացադուլ սկսեց, սակայն չորս օր անց նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, և շտապ բժշկական միջամտության անհրաժեշտություն առաջացավ։
Հաշվի առնելով Ա. Կալայջյանի առողջական ծանր վիճակը, նրան վերագրվող մեղադրանքի անհեթեթությունը և անապացուցելիությունը՝ ՀՀ իշխանություններին հորդորում և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ավետիս Կալայջյանին։
Զորակցական մարմին, Ավետիս Կալայջյանի իրավունքների պաշտպանության, Փարիզ, 2 նոյեմբերի, 2009
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել