
Նոյեմբերի 3-ին երեկոյան ժամը 8-ի կողմերը Մարտունի քաղաքից 5 կմ հեռավորության վրա հակատանկային ականի վրա պայթել է «Մոսկվիչ» մակնիշի մեքենա: Մեքենայում երկու հոգի էին, ովքեր վերադառնում էին իրենց դաշտերից:
Մեքենայում գտնվողներից մեկը`1957թ. ծնված, Մարտունի քաղաքի բնակիչ Վլադիմիր Մուսայելյանը տեղում մահացել է, իսկ 1966թ. ծնված նույն շրջանի Աշան գյուղի բնակիչ Վիլեն Գրիգորյանը` ծանր վիրավորվել:

Ինչպես «Հետքին» հայտնել է The HALO Trust բրիտանական կազմակերպության ղարաբաղյան կառույցի օպերատիվ բաժնի պետ Յուրի Շահրամանյանը, նշված տարածքում չկային համապատասխան ցուցանակներ, քանի որ տարածքի ականապատված լինելու մասին ինֆորմացիա չկար:
«Հարկ է նշել, որ տեղանքը գտնվում է բնակավայրից հեռու եւ նշված տարածքում ականների առկայության մասին տեղեկություն չէր ստացվել»,-մեզ հետ զրույցում նշել է պարոն Շահրամանյանը:
Դեպքի հաջորդ օրը նույն տարածքում The HALO Trust կազմակերպության աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ վնասազերծվել են եւս 9 հակատանկային ական: Դեպքի վայրում, կազմակերպության ներկայացուցչի հավաստմամբ, հետախուզական աշխատանքներ կկատարվեն` տարածքը ականազերծելու նպատակով համապատասխան փաստաթղթերի եւ սխեմատիկ քարտեզի պատրաստման ուղղությամբ:
Կազմակերպության տվյալներով` այս տարվա ընթացքում ականներից մաքրվել է 4,9 քառ. կմ, իսկ մյուս զինամթերքներից` 35,2 քառ. կմ տարածք: Հայտնաբերվել եւ վնասազերծվել են 730 ական, 759`կասետային ավիառումբ, 2,879` տարբեր զինամթերք:
Կազմակերպությունն աշխատել է Ղարաբաղի բոլոր շրջաններում: Տարվա ընթացքում գրանցվել է 4 դժբախտ պատահար: Բոլոր պայթյունները եղել են հակատանկային ականների վրա` Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում: Արդյունքում տուժել է 5 մարդ, որոնցից 2-ը մահացել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել