HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննական մարմինը կեղծել է ձայնագրությունը

Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Մ. Սուխուդյանի պաշտպան Նոնա Գալստյանը հայտնեց, որ գլխավոր վկայի, ում ցուցմունքների վրա է հիմնված ողջ քրեական գործը, և կամավորներից Արման Ղարիբյանի հեռախոսային զրույցը քննիչի կողմից կազմած լազերային սկավառակի վերծանման արձանագրությունում կեղծված են:

Ձայնագրությունում գլխավոր վկա Դ. Ա.-ն խոստովանում է, որ ստիպված ստելու է նախաքննական մարմնին: Վկայի այդ բառերը բացակայում են արձանագրությունում: Ավելին, քննիչը ձայնագրությունը չի ճանաչել որպես ապացույց: Բնապահպան, ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունն ավարտվել է, այս պահին պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը և մի քանի այլ կամավորներ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակում աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ /օժանդակ/ դպրոցում: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներին հայտնի են դարձել դպրոցի աշխատակազմի որոշ անդամների կողմից երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի ոտնձգությունների, բռնությունների, հարկադիր աշխատանքի մասին փաստեր, որոնք նրանք հայտնել են լրատվության միջոցներին:

Հարուցվել է քրեական գործ, բայց ոչ թե դպրոցի ուսուչի, այլ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ: Ընդ որում` երեք անգամ մեղադրանքը փոփոխվել է: Սկզբում Մարիամին մեղադրել են «Շահադիտական նպատակներով սուտ մատնության», իսկ նախաքննությունն ավարտվել է «Զրպարտության» հոդվածով: Կամավորներն այսօր գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում փոխանցեցին, որտեղ թվարկում են այն հիմնական փաստերը, որոնք նախաքննական մարմինը անտեսել կամ թաքցրել է: Դ. Ա.-ն իր նախաձեռնությամբ զանգահարել է կամավորներից Արման Ղարիբյանին և հայտնել, որ իրենց տուն եկել է մի օտար մարդ և խոսել իր մոր հետ, որից հետո ինքը ստիպված է տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, քանի որ իրեն հեռուստացույցով դիտելիս ճանաչել են, և ինքը, իր խոսքերով, «խայտառակ է եղել ծանոթների շրջապատում»: Խոսակցությանը ներկա են գտնվել Դ. Ա.-ի քույրը` Լ. Ա.-ն ու մյուս կամավորը` Լիլիթ Նուրիջանյանը, որը լսել է Արմանի խոսակցությունը: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել և հանձնվել է նախաքննական մարմիններին: «Նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ նախաքննական մարմինը ցանկություն չուներ բացահայտել, բազմակողմանի քննություն իրականացնել և պատժել մեղավորներին»,- այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կամավորների փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Կամավորները նախաքննության ընթացքում փորձել են օգնել նախաքննական մարմնին, տվել են ցուցմունքներ, որոնք, սակայն, արժանահավատ չեն համարվել նախաքննական մարմնի կողմից: Ծրագրի ողջ ընթացքում կամավորները մասնակցել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, տեղյակ են երեխաների պատմած դեպքերի մանրամասներին և ականատես են եղել բոլոր այն դեպքերին, որոնք դրվել են Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Փաստաբանի խոսքերով` նախաքննական մարմինը հենց սկզբից քննությունը շեղել է, այսինքն` որոշակիորեն շահագրգռված է թաքցնելու, պարտակելու թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած անօրինականությունները և նպատակ է ունեցել քրեական ռեպրեսիայի սպառնալիքի տակ լռեցնել այդ երևույթների մասին բարձրաձայնող անձանց: Նրանք հաշվի չեն առել 4 կամավորների ցուցմունքները, իսկ միայն Դ.Ա.-ի ցուցմունքներով գործ է հարուցել: Մարիամ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանը նշեց, որ գործը հարուցել և քննել է ոչ իրավասու մարմինը, այսինքն` ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը չէր կարող գործը հարուցել և քննել: Նյութերի նախապատրաստման ընթացքը տևել է օրենքով սահմանված 10 օրվա փոխարեն` 3 ամիս: Հանրային հեռուստատեսության եթեր տված տեսանյութից հետո հեռարձակվել է նաև երկրորդ տեսանյութը, որտեղ մեկ այլ աշակերտուհի ևս խոստովանել է, որ նույն ուսուցչի կողմից իր նկատմամբ ոտնձգություններ են կատարվել: Փաստը հաշվի չի առնվել: Այդ աշակերտուհին իր ցուցմունքում ևս հաստատել է այդ փաստը: Փաստաբանը միջնորդել է երկրորդ տեսագրությունն էլ ճանաչել որպես ապացույց և կցել գործին: Քննիչը կրկին մերժել է: Քննչական խումբը ղեկավարում է Էրեբունու քննչականի պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը: Ուսուցիչը այլևս չի աշխատում հատուկ դպրոցում` ազատ արձակման անձնական դիմում-հիմնավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter