«Ոստիկան ամբաստանյալները քավության նոխազներ են»,- գտնում է պաշտպանական կողմը
Սոնա Մաշուրյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց անցյալ տարվա մարտի 2-ի լուսադեմին Երեւանի Մաշտոցի պողոտայում ոստիկանների կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու գործով դատաքննությունը` պաշտպանական կողմի միջնորդություններով:
Նախ` դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, մերժեց Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի` քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը:
Ըստ պաշտպանի` իր պաշտպանյալների գործողություններում բացակայում է հանցակազմը, ոստիկանները գործել են «Ոստիկանության մասին» օրենքի շրջանակներում, որի 30-րդ հոդվածով նախատեսված է ոստիկանի օրինական պահանջին չհնազանդվելու պարագայում ֆիզիկական հարկադրանքի միջոցների կիրառումը:
Պաշտպանական կողմը, ինչպես եւ նախորդ դատական նիստում, նշեց, որ գործով տուժողները չեն հայտնաբերվել, գործում չկան նաեւ ապացույցներ, որ նրանց մարմնական վնասվածքներ են պատճառվել: Ոստիկանները ողջ նախաքննության ընթացքում պաշտպաններ չեն ունեցել, այդ է պատճառը, ըստ պաշտպանի, որ նախաքննության ընթացքում տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: «Ա. Մանուկյանը եւ Գ. Գրիգորյանը ընդամենը քավության նոխազներ են»,- գտնում է պաշտպանը:
Մեղադրող Աշոտ Նադոյանը առարկեց միջնորդության դեմ` հայտարարելով, որ այն, անհիմն է. չի բխում գործի տվյալներից, գործով ձեռք բերված ապացույցներից, Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների պահանջներից:
Ըստ գործով ձեռք բերված ապացույցների` ամբաստանյալներն ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, մի քանի անգամ ոտքերով ու ձեռքերով հարվածել են երկու քաղաքացիներին: Մեղադրողը գտնում է, որ տուժողներն այնպիսի գործողություններ չեն կատարել, որոնք հիմք կտային ֆիզիկական ուժ գործադրել: Թեեւ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` տուժողների ինքնությունը պարզելու համար, սակայն դրանք որեւէ արդյունք չեն տվել, այդուհանդերձ, ըստ մեղադրողի, ապացույցները բավարար են եղել ոստիկանների դեմ մեղադրանք առաջադրելու համար:
Մեղադրողը տարակուսանք հայտնեց նաեւ, որ, ըստ ոստիկանների, կարգազանց քաղաքացիներին նախ նստեցրել են իրենց ծառայողական մեքենան` ոստիկանության բաժնում նրանց ինքնությունը պարզելու համար, ապա քիչ անց «մեքենայի մեջ քննություն կատարելուց հետո բաց են թողել»:
Պաշտպանական կողմը խնդրեց ժամանակ տրամադրել դատարանին` ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 19-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել