HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքներն ավարտվել են

Հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքները հայկական կողմը ևս ավարտին է հասցրել: Նոյեմբերի 18-19-ը վրացական կողմի պատվիրակությունը` քարտեզագրողներն ու գեոդեզիստները, կգան Հայաստան, որպեսզի երկու կողմերի մասնագետները համատեղ ընդունեն մեկ միասնական քարտեզ: «Միասնական քարտեզը կընդունենք, դրանից հետո նոր այդ քարտեզի վրա կսկսվեն սահմանագծման աշխատանքները շարունակվել»,- «Հետքին» այս մասին հայտնեց «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօերն Հովսեփ Պետրոսյանը:

Հայ-վրացական սահմանի վերջնագծման համար ստեղծվել էր Հայաստանի և Վրաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը զբաղվելու էր այդ հարցերով: Երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի քարտեզագրողներն արդեն 3 տարի է` աշխատում են սահմանի քարտեզագրման ուղղությամբ: Քարտեզագրման աշխատանքները հայկական կողմից իրականացնում է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը»: «Հետքն» արդեն անդրադարձել էր սահմանագծման աշխատանքներին (Տես` «Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»):

Հիշեցնենք, որ վրացական կողմը իր քարտեզագրած տարբերակն արդեն ներկայացրել էր հայկական կողմին: Ֆոտոգրամետրիայի տեղագրակադաստրային բաժնի պետ Էլմիրա Ավետիսյանի խոսքերով, ում անմիջական մասնակցությամբ են տարվել քարտեզագրական աշխատանքները, վրացական կողմի տարբերակում պլանային ոչ մի սխալ չկար, բարձրության սխալներ են եղել: Սահմանամերձ Սարչապետ (Լոռու մարզ) գյուղի մոտակայքում կան որոշ վիճելի կետեր, բայց մասնագետը հույս ունի, որ կհարթվի այն: «Մի քիչ պետք է համբերենք, Վրաստանի պրոբլեմը մեր հետ այնքան փոքր է, կյանք է, ժամանակի ընթացքում մարդ է` անտառ է, կտրվել է... որտեղ որ մերն է, իրենք պետք է զիջեն, որտեղ իրենցն է` մենք պետք է զիջենք՝ տարածքային ամբողջականությունը պահպանելով»,- «Հետքի» հետ զրույցում նշեց մասնագետը: «Քարտեզներում անճշտություններ կային, ուղղել ենք: Քարտեզի վերաբերյալ վիճելի կետեր չպիտի լինեն, բայց սահմանագծի վերաբերյալ կարող են լինել»,- չբացառեց Հովսեփ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter