HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վկան Նիկոլ Փաշինյանին տեսել է 2007 թ.-ի մարտի 1-ին, այն էլ` Շահումյանի հրապարակում

n-pashinyan«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով` 2008թ-ի մարտի 1-ի մասով այսօր հարցաքննվեցին 3 վկաներ: Քաղաքացի Հարություն Փարիշյանը պատմեց, որ 2007 թ.-ի մարտի 1-ին տեսել է Նիկոլ Փաշինյանին իր` Շահումյանի հրապարակում գտնվելու ժամանակ, լսել է նրա կոչերը` «ներկայիս ընտրությունները կեղծված են, նախագահը կեղծ է, պետք է իշխանությունը տապալենք» և այլն: Ըստ վկայի` Փաշինյանը ժողովրդին կոչ է արել զինվել ինչով հնարավոր է, ժողովուրդն էլ, լսելով Փաշինյանի այդ հորդորը, քաղաքապետարանի դիմացի կիսակառուցից սկսել է քարեր, փայտեր և ձողեր վերցնել: «Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ժողովրդի մի որոշակի հատվածը  վերցրեց, ու տեսա, որ ամեն մեկի ձեռքին մի բան կար»,-ասաց վկան: Մեղադրող Կորյուն Փիլոյանի հարցին, թե տարածքում ոստիկաններ կային, վկան հաստատ չհիշեց. «Երևի թե չէ, չեմ հիշում»: Վկայի հարցաքննության ավարտին դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, թե իրենք քննում են 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերը, և հնարավո՞ր է, որ ինքը շփոթել է թվականը և վայրը,  վկան արդարացավ, որ հնարավոր է, քանի որ արդեն երկար ժամանակ է անցել, իսկ Մյասանիկյանի արձանի հարակից  տարածքը ինքը իմացել է որպես Շահումյանի հրապարակ: Հաջորդ վկան Էմմա Բեգլարյանն էր, ով վկայություն էր տվել նաև «Յոթի գործի» շրջանակներում քննվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և Վանո Սիրադեղյանի թիկնապահ Սուրեն Սիրունյանի մասով: (Տես` «Ովքեր են կազմակերպել զանգվածային անկարգությունները. վկաներ, որոնք ոչինչ չգիտեն» ): Նա էլ տեսել էր Փաշինյանին` կոչեր անելիս և մեկ անգամ ևս դատարանում խոստովանեց, որ մանսկացել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան մոտ կազմակերպված ցույցին, քանի որ «աղջիկներն ասել են, որ գնում են թաղման, բայց պարզվել է` թաղում չկա»: Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին, թե փո՞ղ էին առաջարկել, որ գնար, Էմմա Բեգլարյանը պատասխանեց. «Չէ, դե ասացին արի, մի բանով կօգնեն»: Երրոդ վկան` Լիլիա Մեսրոպյանն էր (անձնագրային տվյալներով պարզվեց` Լիգիա Մեսրոպյան): Դատավորի հարցին, թե ճանաչո՞ւմ է տուժողին, հաստատեց, որ ճանաչում է, քանի որ տեսել է թերթերում: Դատավորի հաջորդ հարցին, թե ճանաչում է ամբաստանյալին` ցույց տալով դեպի Նիկոլ Փաշինյանը, վկան շփոթվեց և ասաց, որ թերթերից ճանաչում է նրան, այլ ոչ թե տուժողին, պարզապես շփոթեց դատարանում: Վկա Լիլիա Մեսրոպյանի պատմելով` 2008թ-ի մարտի 1-ին ինքը ևս եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, տեսել է Նիկոլ Փաշինյանին. «Ասում էր` մի վախեցեք, մենք հաղթող ենք, պետք է էս իշխանությունից ազատվենք: ...Մի վախեցեք, ժողովուրդ ջան, ինչ ուզում եք արեք, ջարդեք փշրեք»,-պատմեց վկան: Ն. Փաշինյանի փաստաբանների հստակեցնող հարցերին, սակայն, վկան խուսափում էր և հստակ չէր կարող պատասխանել, և ինչպես ինքը բացատրեց, չէր հիշում: «Որ ջղայնանում եմ, լավ չեմ հիշում»,-արդարացավ վկան: Դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 17-ը` մյուս վկաների չներկայանալու պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter