HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցում. Երեւանի հակաէկոլոգիական շինությունների թոփ-ցուցակը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնել էր ֆեյսբուքյան առցանց հարցում` «Երևանի ՀԱԿԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ցուցակը» թեմայով: Ըստ ֆեյսբուքյան քվեարկության նախնական արդյունքների, որին մասնակցել է 700 մարդ, Երևանի ամենահակաէկոլոգիական կառույց է գնահատվել Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի), որը խաթարում է այգու, Ազգային գրադարանի և աստղադիտարանի անդորրը: Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի), որն աղավաղում է Երևանի օղակաձև կանաչ գոտին և սպառնում լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը:

Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ:

Հարցման նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը Երևանի անապատացման և բետոնապատման տանող աղետալի կառուցապատումների մասին, նպաստել հանրային բողոքի և կարծիքի ձևավորմանը, ինչպես նաև անունների և պատասխանատվության ճշտմանը: ՍՐԱՆՔ ԱՅՆ ՕՐԻՆԱԿՆԵՐՆ ԵՆ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻՆ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ:

Այսուհետ Մենք ենք այս քաղաքի տերը պարբերաբար կհրապարակի Երևանի ՀԱԿԱԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ քվեարկության թարմացվող արդյունքները (հղումը` ֆեյսբուքի էջում. http://www.facebook.com/home.php?sk=question&id=262661733760812&qa_ref=sa ):

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter