HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեղադրողը պահանջեց 3 տարվա ազատազրկում՝ առաջարկելով կիրառել համաներում

mkhitaryan_13.11.09Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ  շարունակվեց Գյումրու ոստիկանության 1-ին բաժանմունքի նախկին պետ Աշոտ Թափալցյանի եւ նույն բաժանմունքի նախկին հետաքննիչ Սիմոն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Նախորդ նոյեմբերի 6-ի դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Սիմոն Սարգսյանին հիվանդանոց տեղափոխելու պատճառով: Շտապօգնության աշխատակիցները Սարգսյանի մոտ գրանցել էին ճնշման բարձարցում եւ խորհուրդ տվել տեղափոխել հիվանդանոց: Այսօրվա նիստին երկու ամբաստանյալներն էլ ներկա էին: Դատական վիճաբանության փուլում նախ մեղադրական ճառով հանդես եկավ պետական մեղադրող Վաղարշակ Մխիթարյանը: Վ. Մխիթարյանը նշեց, որ 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին ծեծի ենթարկելու առիթով համապատասխան քայլերի չդիմած ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստերն ապացուցված են: Ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանը եւ Սիմոն Սարգսյանը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, պատշաճ կերպով չեն գրանցել դեպքը, տաք հետքերով չեն անցկացրել հետաքննություն եւ թույլ են տվել, որպեսզի հանցագործները դիմեն փախուստի: Ամբաստանյալների արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին, այն է պաշտոնեական լիազորությունների չարաշահում,-հայտարարեց պետմեղադրողը եւ դատարանից պահանջեց 3 տարվա ազատազրկում, միաժամանակ առաջարկեց կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19,06,2009 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանին ու Սիմոն Սարգսյանին ազատել պատժի կրումից: Տուժող Ջավահիր Սերոբյանն իր վերջին խոսքում դատարանից պահանջեց արդար դատավարություն: Ամբաստանյալների փաստաբան Ռուբիկ Մովսիսյանը հերթական անգամ միջնորդություն ներկայացրեց դատարանին եւ ժամանակ խնդրեց մինչեւ երկուշաբթի պաշտպանական ճառը նախապատրաստելու համար: a-tapalcyan_13.11.09Դատական նիստից հետո լրագրողներին առաջին անգամ հարցազրույց տվեց ամբաստանյալ Աշոտ Թափալցյանը: Նա ասաց, որ ինքը սպասում էր արդարացման դատավճռի եւ համաձայն չէ մեղադրողի հետ, քանի որ ինքը օրենք չի խախտել, այլ ընդամնեը դատախազի 12-354 հրահանգի կետերը, որի համար նախատեսված պատիժն ինքն արդեն կրել է: Եվ եթե դատարանը կայացնի ոչ արդարացման վճիռ, ապա ինքը պատրաստ է բողոքարկել այն մինչեւ Եվրադատարան: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter