Քրեական գործ` գազահաշվիչի տվյալները կեղծելու համար
Կենտրոն եվ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչների կողմից գազահաշվիչների տվյալները կեղծելու` գազահաշվիչի թվերը հետ տալու դեպքի առթիվ:
Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, ոստիկանության` Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերության տեսուչ Ե. Ենոքյանը, համաձայնության գալով Երեւանի Ալեք Մանուկյան 17 շենքի 21 բնակարանի բնակչի հետ, հիշյալ բնակարանին ամրակցված գազահաշվիչի խցան-կնիքը վնասելով` հետ է տվել հաշվիչը եւ կեղծել իրական տվյալները:
Այսկերպ «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 334 058 դրամի նյութական վնաս:
Իսկ նույն ընկերության տեսուչ Ռ. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով Իսահակյան 1 հասցեում գործող «Պիցցա դի Ռոմա» ՍՊ ընկերության տնօրենի հետ, գազահաշվիչի իրական թվերը հետ է տվել` վնասելով գազահաշվիչի խցան-կնիքը: Արդյունքում` «Հայռուսգազարդ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 975 379 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ`«Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ գույքային խոշոր չափերի վնաս պատճառելու» (ՔՕ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր) եւ «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու» (ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մաս) համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` Կենտրոնի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել