HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է տվել

05_10-Z-Postanjyan«Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հանցագործության մասին հաղրոդմամբ դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. ««Ժառանգություն» կուսակցության երիտասարդները, մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ եւ ես` Զարուհի Փոստանջյանս սույն թվականի նոյեմբերի 12–ին, ժամը 16.30–ին, Երեւանի Բաղրամյանի պողոտայում` ՀՀ սահմանադրական դատարանի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, ցանկանում էինք անցկացնել բողոքի գործողություն` ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների»: Բողոքի գործողության առաջին մասը սկսվեց նախատեսված ժամին` 16.30–ին, դատարանի անմիջապես դիմացի մայթին, մեր կողմից նախատեսված վայրում: Մեր բողոքի գործողությունը` պաստառների ցուցադրումը, երգելը եւ վանկարկելը ոստիկանության կողմից հանդուրժվեց մոտ տաս րոպե, որից հետո մեզ ներկայացրեցին ապօրինի պահանջ` տեղափոխվել հակառակ մայթ: Իմ եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի այն հարցապնդումներին, թե որ օրենքի, որ հրամանի հիման վրա են մեզ արգելում կանգնել մեր ուզած վայրում, որեւէ իրավական հիմք չտրամադրվեց: Ոստիկանները սկսեցին հերթական սադրիչ գործողությունը` ակցիայի մասնակիցներին ստիպողաբար եւ քաշքշելով մղել դեպի հակառակ մայթը: Որպեսզի հնարավորինս կանխենք ոստիկանական սադրանքը` մենք տեղափոխվեցինք հակառակ մայթ: Այդտեղ մեր ակցիայի առաջին մասը անցկացնելուց հետո մենք փորձեցինք շարժվել դեպի նախագահական նստավայր, և այդտեղ անցկացնել մեր բողոքի գործողության երկրորդ մասը, սակայն ոստիկաններն այս անգամ նույնպես կենդանի պատ կազմեցին մեր դիմաց` ապօրինաբար ագելափակելով ԱԺ երկու պատգամավորների եւ ակցիայի մասնակից քաղաքացիների ազատ տեղաշարժվելու քաղաքացիական և սահմանադրական իրավունքները: Մեր բոլոր օրինական պահանջներին` բացելու մեր ճանապարհը, ոստիկանության աշխատակիցները տեղի չտվեցին` այդ կերպ եւս մեկ անգամ կոպտորեն ոտնահարելով մեր իրավունքները: Ոստիկանները նաև պատճառաբանում էին, թե այդ տիպի պաստառներով մենք թույլ չենք տա, որ դուք գնաք նախագահական նստավայր: Փաստորեն, այս էլ որերորդ անգամ, ՀՀ ոստիկանության աշխատակիցները չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները` խախտելով օրենքը եւ կատարելով հանցագործություն: Հատուկ ուզում եմ շեշտել, որ եթե իմ նախորդ հաղորդագրությունները նույնաբովանդակ հանցագործությունների մասին համապատասխան ընթացք ստանային  եւ պատժվեին իրենց պաշտոնական դիրքը չարաշահած ոստիկանները, ապա անպատժելիությունից առաջացած այս նոր հանցագործությունը տեղի չէր ունենա: ՀՀ ոսստիկանության աշխատակիցներին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքներից: Նրանց կողմից վերը նշված գործողությունները ՀՀ  Սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների  խախտում են: Խաղաղ ցուցարարներից և նրանց պաստառներից պետք չէ խուճապի մեջ ընկնել և կատարել քրեորեն հետապնդելի արարքներ: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը եւ օրենքով սահմանված կարգով արդյունքների մասին հայտնել ինձ»,-նշում է Զ. Փոստանջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter