Արցախի վարչապետի հանդիպումները` ԱՄՆ-ում
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին Նյու Յորքում այցելել է Սուրբ Վարդան մայր տաճար եւ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում հանդիպել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի, մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Հարությունյանը ներկայացրել է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ընթացքն ու հեռանկարները:
ԼՂՀ կառավարության ղեկավարը նշել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը եւ այդ գործում եկեղեցու կարեւոր դերակատարությունը:
Երկուստեք ընդգծվել է նաեւ Շուշի քաղաքի նշանակությունը եւ նրա շենացման կարեւորությունը հայ ժողովրդի եւ պետականության համար:
Նույն օրը վարչապետն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն եւ հանդիպել Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:
Արա Հարությունյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ում մեծ նշանակություն են տալիս միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի անկողմնակալ եւ ճշմարտացի ներկայացմանը, եւ այս համատեքստում առանձնակի կարեւորություն ունի ՄԱԿ-ը:
Երեկ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է նաեւ Հայ ոսկերիչների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության նախագահ Պոլ Մինոյանի գլխավորությամբ:
Վարչապետը կարեւորել է նման միությունների դերը` նշելով, որ նրանց արդյունավետ գործունեությունը հանդիսանում է հայկական համաշխարհային բիզնես ներուժի համախմբման եւ հայրենիքի հետ գործնական ու փոխշահավետ համագործակցության զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկը:
ԱՄՆ-ում ԼՂՀ վարչապետի հանդիպումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել