Անչափահաս հացագործների մոտ 70 տոկոսը 16-17 տարեկան է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳՎ) պետ Հովհաննես Թամամյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց այս տարվա 9 ամիսների ընթացքում անչափահասների դեմ եւ նրանց կողմից կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքները:
Ըստ նրա` նշյալ ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 383 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 18-ով կամ 4.9%-ով:
«Հանցագործություն կատարած անչափահասներից 96-ը կամ 25.8% եղել են 14-15 տարեկան, իսկ 276-ը կամ 74.2 %-ը` 16-17 տարեկան: Այդ անչափահասներից 23-ը կամ 6.2%-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, 4 անչափահասներ հանցագործություն կատարել են ոգելից խմիչքի, իսկ 1-ը թմրանութերի ազդեցության տակ»,- տեղեկացրեց Հ. Թամամյանը` նշելով, որ հանցագործություն կատարած անչափահասներից 26-ը եղել են սովորողներ, 346-ը՝ այլ զբաղմունքի, իսկ 16-ը` նախկինում դատապարտված: Հանցագործության դեպքերից 81-ը կատարվել է անչափահասների խմբերի կողմից, 70-ը` խառը խմբերի:
«Առանձնապես մտահոգիչ է այն, որ չափահաս անձինք են անչափահասներին ներգրավում հանցավոր խմբերի մեջ եւ ուղղորդում տարբեր հանցագործությունների կատարմանը: Օրինակ՝ նոր երեւույթ է անչափահասներին դրամանենգության մեջ ներքաշելը: Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունում արձանագրվել է նման 8 դեպք: Դեպքերից մեկով 4 անչափահասներ իրացրել են կեղծ թղթադրամներ, ինչի պատվիրատուն եղել է չափահաս քաղաքացի, իսկ կեղծ դրամները պատրաստել է դեռեւես 18 տարին չլրացած անձը»,- ասաց ՔՀԳՎ պետը:
Հովհաննես Թամամյանի հավաստմամբ` Ոստիկանությունում միաժամանակ լուրջ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ կատարվող բռնության դեպքերին, լուրջ աշխատանքներ են տարվում դրանց կանխարգելման եւ բացահայտման ուղղությամբ:
«Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումների կողմից գրանցվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության 155 դեպք, որից 2-ը ՝ սպանության (շահադիտական եւ մոր կողմից նորածին երեխայի սպանության), 2-ը՝ անզգուշությամբ մահ պատճառելու, 3-ը՝ ինքնասպանության հասցնելու, 25-ը սեռական անձեռմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղված հանցագործություններ, այդ թվում 3-ը՝ բռնաբարության, 4-ը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, 16-ը՝ 16 տարին չլրացած անձանց հետ սեքսուալ բնույթի, իսկ 1-ը՝ անառակաբարո գործողություններ, 50-ը կամ 33.3%-ը` դիտավորությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու եւ ծեծի, 48-ը կամ 31.0%-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքեր»,- մանրամասնեց գնդապետ Թամամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել